ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու նախագիծ են մշակել: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանն ասաց, որ նախատեսում են, որ պատգամավորի երդման տեքստի տակ պետք է լինի ստորագրություն:
Այս պահին ԱԺ կանոնակարգով սահմանված է, որ խորհրդարանի առաջին նիստում ողջույնի ելույթից հետո պատգամավորները երդվում են, իսկ ԱԺ առաջին նիստից բացակայող, կամ խորհրդարանի կազմը համալրած այլ պատգամավորները երդվում են իրենց մասնակցությամբ առաջին նիստին: Պարզվում է, որ առաջին նստաշրջանում երդված պատգամավորների համար չկա երդման տեքստի տակ ստորագրելու պահանջ, դա սահմանված է միայն հետո՝ բացակայող պատգամավորների կամ տեղերը համալրող պատգամավորների համար: Նախագծով առաջարկվում է նախատեսել երդման տեքստի գրավոր հավաստում երդվողի կողմից: Ալխաս Ղազարյանի խոսքով՝ սրա նպատակն է հրապարակային տրված հանդիսավոր երդումը ամրագրել ու դրանով մանդատի պատասխանատվության գիտակցումը մեծացնել. «Երդման նման կարգը կհանդիսանա պատգամավորի վարքագծի պարտադիր վարքագիծ ու ժողովրդի համար լրացուցիչ երաշխիք՝ տվյալ պաշտոնյայի օրինական գործունեության հարցում»:
ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ստորագրման պահանջը ո՞ր երկրներում կա: Պարզվեց՝ ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում:
Կարդացեք նաև
Կառավարությունը նախագծին կողմ է, առաջարկություններ չի ներկայացրել: Վիգեն Խաչատրյանը արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին հարցրեց՝ ենթադրենք, չի ստորագրում պատգամավորը, ի՞նչ կարող են անել, ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում: Նա պատասխանեց, որ սահմանադրությամբ դրա համար պատասխանատվություն չի կարող նախատեսվել, բայց հասարակությունն է դա արձանագրելու. «Կոնկրետ արձանագրվում է, որ պատգամավորը հրաժարվում է ստորագրել երդման տակ»:
Վիգեն Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Որոշ պատգամավորներ երդման փոխարեն սկսեցին ինչ-որ հայտարարություններ անել, իրենց կուսակցությանը տված երդումը համարեցին, որ դա պատգամավորի երդում է: Նման շատ կարեւոր պահանջների այլասերման վկան ենք եղել: Այստեղ խնդիրն է նաեւ պատասխանատվությունը, որ հանրությունը տեսնի՝ ով ինչպես է վերաբերվում իրեն ներկայացված սահմանադրական պահանջներին»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ելույթում ասաց. «Մեր իրականության մեջ, ցավոք, շատ դեպքերում մեր պետական պաշտոնյաները չեն հասկանում երդման առաջնային իմաստը: Երդումը իշխանություններին կամ կառավարությանը հավատարիմ լինելու խոստում չէ: Երդում չեն տալիս գործող վարչապետին, նախարարին, մարզպետին, գյուղապետին: Երդումը տալիս են ՀՀ-ին՝ հավատարմության երդում: Տալիս են երդում՝ կատարելու իրենց պարտականություններն այնպես, որ չոտնահարվի ՀՀ շահը, ՀՀ ինքնիշխան իրավունքները, որ քաղաքացին վստահություն ունենա, որ անձը գործում է երդման ներքո ու հրապարակային պարտավորություն է ստացել: Շատ դեպքերում երդման իմաստը կորցնում ենք, չեն հասկանում՝ որն է զինվորական երդման իմաստը, դատավորի երդումը, որովհետեւ դատավորը երդում է տալիս՝ ՀՀ անունից իրականացնել արդարադատություն: Պատգամավորը շատ դեպքերում չի հասկանում, որ ինքը երդում է տալիս ոչ թե մեծամասնությանը, այլ՝ իր ընտրողներին՝ հավատարիմ մնալու այն արժեքներին, որի հիման վրա ձեւավորվել է պետությունը: Ցավոք, վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ այդպես էլ հստակ պատասխան չենք ստացել պատգամավորներից՝ վերջիններս գտնվո՞ւմ են երդման ներքո, թե՞ ոչ, պատրա՞ստ են կիսել երդման տեքստում ամրագրված ցանկացած խոստում, թե ոչ, հավատարիմ մնալ ՀՀ արժեքներին: Իհարկե, սա շատ ավելի սիմվոլիկ, շատ ավելի բարոյաքաղաքական, քան իրավական կարգավորում է: Ցավոք, ՀՀ-ում մենք ունենք մեծ քանակությամբ օրենքներ, բայց չունենք ձեւավորված սահմանադրական ու խորհրդարանական սովորույթներ, որոնք ստեղծում են այն պետականության արմատները, որոնք ապահովում են կապը քաղաքացու ու պետության միջեւ»:
Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ չի կարող պաշտոնատար անձը հրաժարվել երդումից. «Կան դեպքեր, երբ անձը տարբեր պատճառներով՝ կրոնական եւ այլն, իր համար անընդունելի է համարում երդվելը, այդ դեպքերի համար առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կարող ենք նախատեսել համարժեք տեքստով հայտարարություն անելը»:
Նա նշեց, որ այս պահին չկան կարգավորումներ, որոնք թույլ կտան պաշտոնատար անձին չերդվելու համար զրկել պաշտոնից, բայց սրա արդյունքում քաղաքացին երկու անգամ կմտածի՝ արդյոք իմաստ ունի՞ ընտրել այն անձին, որը հրաժարվել է երդումից իր պետականության հանդեպ. «Եթե մարդը համարում է, որ ոչինչ, եկել է, ձեռները խաչ է արել, երդում չի տվել, ես ուզում եմ ընտրեմ՝ թող ընտրի, բայց ամեն մեկը պետք է պատասխանատվություն կրի իր ժողովրդի առջեւ: Մենք չենք կարողանալու պատժել այս կանոնակարգումների շրջանակներում այն անձանց, ովքեր հրաժարվում են երդման տեքստը ստորագրել, բայց առնվազն կարող ենք քաղաքացուն ցույց տալ՝ իր ընտրած անձը ինչ վերաբերմունք ունի իր պետության ու պետականության հանդեպ»:
Ավելի ուշ անձնական զրույցներում ՔՊ-ականները հիշեցրին, որ ընդդիմադիր պատգամավորներից մասնավորապես չի երդվել Իշխան Սաղաթելյանը՝ համարելով ՀՅԴ-ին տված երդումը բավարար: Նա հարցին, թե ինչո՞ւ չի երդվել, պատասխանել էր. «21 տարի առաջ, երբ ես որոշում կայացրի անդամագրվել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ես այդ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր երդումը։ Երդվել եմ պատվովս և հայրենիքովս, իմ բոլոր ուժերով, եթե հարկ լինի նաև կյանքիս գնով ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին։ Սա է իմ քաղաքական գործունեության մեկնարկը և ուղենիշը»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ