Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի համայնքապետը դարձյալ չկարողացավ երդվել․ ավագանու նիստում կրկին քվորում չկար

Հոկտեմբեր 18,2022 11:47

Այսօր` հոկտեմբերի 18-ին հրավիրված Սիսիանի նորընտիր ավագանու արտահերթ նիստում էլ համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանին չհաջողվեց երդում տալ Սիսիանի համայնքի բնակիչներին։ Այս անգամ էլ քվորում չապահովվեց․ 21 անդամներից ներկա էին 9-ը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8 անդամներն ու «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Նազիկ Յազուլյանը։

Նախօրեին՝ ուշ երեկոյան կառավարող ուժի ավագանու անդամները կոչով դիմեցին իրենց գործընկերներին։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ խստագույնս անհանգստանալով Սիսիան համայնքի ճակատագրով, առաջարկում ենք հետեւյալը`

Ավագանու բոլոր անդամներին կոչ ենք անում ներկայանալ ինչպես առաջիկա արտահերթ, այնպես էլ հաջորդող մի քանի ամիսների ընթացքում հայտարարվելիք ավագանու նիստերին:

Չտապալել ավագանու նիստերը, որպեսզի սահուն կերպով իրականացվեն ընթացքի մեջ գտնվող ինչպես Սիսիանի, այնպես էլ Գորայք նախկին համայնքի բոլոր սուբվենցիոն ծրագրերը (Սիսիանում ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 772.000.000 ՀՀ դրամ, իսկ Գորայքում՝ 365.000.000 ՀՀ դրամ), ավարտին հասցվեն Սիսիանի քաղաքային պանթեոնի բարեկարգման աշխատանքները, ինչպես նաեւ պատշաճ կերպով կազմակերպվեն Գորայք նախկին համայնքի Սիսիան համայնքի հետ միավորման գործընթացը:

Որպես համայնքի նորընտիր ավագանիներ, մենք պարզապես պարտավոր ենք պատշաճ կերպով կազմակերպել ամենը, որպեսզի ոչ մի դեպքում չտուժի համայնքն ու համայնքի բնակիչը: Այլապես զուր են բոլոր քարոզներն ու խոսքերը, թե իբր անհանգիստ եք համայնքի խնդիրներով»,- մասնավորապես նշված է կոչում։

Նիստը բացելով՝ տարիքով ավագ անդամը Նազիկ Յազուլյանը հայտարարեց, որ գործող ընթացակարգով պիտի հայտարարվի 30 րոպե ընդմիջում՝ հնարավորություն տալով ավագանու անդամներին ներկայանալու նիստին։

Ընդմիջումից հետո էլ նիստը չկայացավ՝ 9 անդամներին ոչ մեկը չմիացավ։

Հիշեցնենք, որ ըստ Սիսիանի ավագանու անդամի մանդատներից հրաժարվելու հայտարարություն են արել «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը։ Այս պարագայում, Սիսիանում չեն բացառվում նոր ընտրությունները։

Ի դեպ, հոկտեմբերի 16-ին ավագանու չկայացած նիստում՝ համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31