Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք Արցախի դե ֆակտո կայացած Հանրապետության իշխանություններին՝ միաբանել հայ իրավաբանական ծանրակշիռ միտքը և ձևակերպել ու ընթացք տալ խնդրին. հայտարարություն

Հոկտեմբեր 18,2022 11:16

Հիշեցում Արցախի դե ֆակտո կայացած Հանրապետության իշխանություններին

«Հարկադիր տեղահանված անձանց մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը, մեր խնդրանքին ընդառաջ, տվեց նախագծի մասին ընդհանուր դիտողություններ, ինչը մասնակիորեն ներկայացնում ենք մեր կոչ-դիմումի սկզբում.

«Ընդհանուր դիտողություններ

Օրենքի նախագիծը բացարձակապես չի համապատասխանում ոչ միայն տվյալ տեսակի, այլև ցանկացած տեսակի իրավական ակտին ներկայացվող նվազագույն պահանջներին, այն պարզապես որևէ իրավական հարաբերություն չի կարգավորում, այլ սահմանափակվում է արդեն իսկ գործող օրենսդրության վրա հղումներ անելով, ինչն իմաստազուրկ է դարձնում բուն օրինագիծը: Սա պարզապես գրագրությանն առնչվող իրավական ակտ է, որը հարիր է անել որևէ ենթաօրենսդրական ակտով:

Միաժամանակ, այն բովանդակում է խիստ վտանգավոր եզրույթներ, որոնք հակասության մեջ լինելով միջազգային իրավական չափանիշների հետ, անհարկի խոցելի են դարձնում հետպատերազմյան շրջանում Արցախի և Հայաստանի կարգավիճակն ու սահմանափակում միջազգային հարթակներում գործելու հնարավորությունները: Բնորոշ է այն, որ հենց վերտառությունում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմից մազապուրծ եղած բռնությամբ տեղահանվածները ներկայացվում են անորոշ, վերացական, միջազգային եզրութաբանությանը խորթ և բացահայտ մեղմ երանգներով ուղեկցվող եզրույթով՝ «հարկադիր տեղահանվածներ», որոնք ներառում են նաև տեխնածին և բնածին աղետների արդյունքում հարկադիր տեղահանվածներին:

Օրինագիծը պետք է վերաբերեր պատճառված վնասի չափի հաշվարկման և պատերազմ սանձազերծած պետություններին ռազմական տուգանք պարտադրելուն: Իհարկե, գերկարևոր է, որպեսզի մեկ այլ համահունչ օրենքով էլ «գույքագրվեր» հոգևոր և մշակութային արժեքները, դրանց ներկա վիճակը և կոնկրետ հայցով դիմում ներկայացվեր միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ: Այս պահին ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն է դրանով զբաղված, ինչի արդյունքում պետական մակարդակով կամ ոչնչացվում են այդ արժեքները, կամ յուրացվում, զորօրինակ՝ Դադիվանքը:

Կոնկրետ նախագծի հոդվածների վերաբերող նկատառումները ներկայացված են տեքստում՝ փակագծերի մեջ» (Գևորգ Դանիելյան):

Այս կոչ-դիմումով հիշեցնում ենք Արցախի դե ֆակտո կայացած Հանրապետության իշխանություններին, որ

1.ՄԱԿ-ը կիրառում է հետևյալ երեք հասկացությունները` միգրանտ, փախստական և տեղահանված անձ եզրույթները;

2.Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայով պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը:

3.Արցախի Շահումյանի, Քաշաթաղի, Շուշիի, Մարտունու , Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի շրջանների` Ադրբեջանի կողմից ռազմակալված տարածքներից հեռացածները և Արցախի Հանրապետության ռազմակալումից ազատ տարածքների վրա  այսօր ապրողները բռնի տեղահանվածներ են, և ոչ հարկադիր տեղահանված:

4.Արցախի Շահումյանի, Քաշաթաղի, Շուշիի, Մարտունու , Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի շրջանների` Ադրբեջանի կողմից ռազմակալված տարածքներից հեռացածները և Հայաստանի Հանրապետությունում այսօր ապրողները բռնի տեղահանվածներ են, քանի որ` ինչպես Արցախի Հանրապետության բոլոր բնակիչները, նրանք էլ այսօր կրում են ՀՀ անձնագիր, այսինքն, համաձայն ՀՀ սահմանադրության ՀՀ քաղաքացիներ են,

կամ էլ

  • Ինչպես ձևակերպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը իր պատասխան նամակի մեջ (նամակը ուղղված է «Հանուն Հադրութի» ՀԿ-ին, 09.08.2020 ) «Լեռնային Ղարաբաղից տեղահանված և փախստականի նման կարգավիճակում գտնվող անձիք են» ( հուսանք, որ ՄԱԿ-ը դրանով ընդամենը նկատի ունի, որ դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության քաղաքացիները հատել են միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանը):

«Հարկադիր տեղահանված անձանց մասին» օրենքի նախագիծը չի ներառում իր մեջ նաև բռնի տեղահանվածների կամ էլ Արցախի Հանրապետությունից «տեղահանված և փախստականի նման կարգավիճակում գտնվող անձաց» իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ  նյութական և այլ կորուստների փոխհատուցման առումով:

«Հարկադիր տեղահանված անձանց մասին» օրենքի նախագիծը զուրկ է իրավաբանական գրագետ կառուցվածքից ու ձևակերպումից, դրան զուգահեռ կրում է վնասակար հասկացություններ, ինչպես` «հարկադիր տեղահանված»-ը:

Նախագծում չկա ոչ մի խոսք 1988-ից արդեն Արցախում ծվարած Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների իրավունքների վերականգման անհրաժեշտության մասին:

Ոչ մի խոսք չկա նաև այն լիազոր մարմնի ու դրա անվան մասին, որը պետք է զբաղվի բռնի տեղահանվածների ու «փախստականի նման կարգավիճակում գտնվող անձաց» հարցերով ու խնդիրներով:

Կոչ ենք անում ու առաջարկում ենք միաբանել հայ իրավաբանական ծանրակշիռ միտքը և ձևակերպել ու ընթացք տալ վաղուց արդեն շատ չարչրկված այս խնդրին: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների ու «փախստականի նման կարգավիճակում գտնվող անձաց» իրավունքների վերականգնումը Արցախյան խնդրի հայանպաստ լուծման հիմքում է: Պատահական չէր, որ 2020 թվականին հոկտեմբերի կեսերին ՌԴ նախագահը հիշեցրեց, որ «էթնիկ հողի վրա վատ են վերաբերել  հայերին Սումգայիթում, վատ են վերաբերել Լեռնային Ղարաբաղում, իշխանությունները չեն պաշտպանել հայ բնակչությանը, ու հայերը ձեռքն են առել զենքը: Ստացվել է այն, ինչ ստացվել է…»:

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

Ադրբեջանական ԽՍՀից փախստականների համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31