Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանելու մասին նախագիծը, որով օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որոշակի ներդրում անելու շնորհիվ հնարավորություն կստանան ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն էլ է հիշում, որ նախկինում այսպիսի նախագծի իրականացման փորձ եղել է, սակայն ընթացք չի տրվել։ «Խնդիրը հետեւյալն է․ ոչ թե սա երաշխիք է քաղաքացիություն ստանալու, այլ պայման՝ դիմելու համար։ Օրինակ՝ դիմելու պայմաններից մեկն ազգությամբ հայ լինելն է, մյուսը ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելն է, սա էլ ասում է՝ գույք ունես, ներդրում ունես, արի՝ դիմիր։ Բայց եթե ԱԱԾ-ն տվեց բացասական եզրակացություն, ուրեմն չի շնորհվի»,- ասաց Մնացական Բիչախչյանը։ Սա նշանակում է, որ մյուս պայմանները՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելը եւ այլն, այլեւս չեն աշխատի այս դեպքում, այլ կգործի միայն ներդրում կատարելու պայմանը։
Բիչախչյանն օրենքի տեսանկյունից նորմալ է գնահատում այսպիսի նախագծի ընդունումը։ «Եթե օրենքի ամբողջ տրամաբանությունն աշխատի, ինչպես գրված է, ապա անձն անցնելու է ԱԱԾ-ով, ստուգվելու է, թող ստուգվեն, եթե վտանգ ներկայացնեն, չի շնորհվի քաղաքացիություն»,- ասաց նա։ Իսկ ռազմավարական առումով խնդիր չկա՞ այստեղ՝ կարող են, օրինակ, թուրքեր ու ադրբեջանցիներ գալ եւ ներդրում անելով՝ ՀՀ քաղաքացի դառնալ։ «Թող չշնորհեն։ Քաղաքացիության մասին օրենքն ասում է՝ մերժումը կարող է չհիմնավորվել, այսինքն՝ դա ՀՀ նախագահի բացառիկ իրավունքն է, ու ոչ մի քաղաքացի չի կարող գալ ասել՝ ես ներդրում եմ արել, գույք եմ ձեռք բերել, ինձ պիտի շնորհես։ Բայց սա ես մասնագիտական, օրենքի տրամաբանությամբ եմ ասում, որ ինքն ԱԱԾ-ով ստուգվում է, եւ պետական քաղաքականություն է դա, որ որոշեն՝ շնորհեն կամ չշնորհեն»,- նկատեց Մնացական Բիչախչյանը։
Ստացվում է, որ ամեն ինչ կամայական որոշման դաշտում է։ Եթե ԱԱԾ-ն ու երկրի իշխանությունները որոշեն, որ նորմալ է թուրքերի ու ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը, ապա կշնորհեն։ Բայց կարող են նաեւ մերժել։ Հարց է ծագում՝ եթե պիտի մերժեին, այսպիսի նախագիծ դժվար թե դնեին շրջանառության մեջ։ Սա նշանակում է, որ «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունները Հայաստանի դռները բացում են մեր թշնամի ազգերի առջեւ, որ գան եւ իրենց լիիրավ քաղաքացի զգան մեր երկրում։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: