Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին նաեւ լուրեր են տարածվում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, եւ դա դրսեւորվում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերման եւ ՀԱՊԿ-ն լքելու պահանջների տեսքով, այլեւ գործնական քայլերով։
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է այս լուրերի մասին, ռուսական ընկերությունները կարո՞ղ են դուրս մղվել Հայաստանից։
«Բոլոր պարագաներում ռիսկերը չափազանց մեծ են։ Այդ խնդիրները միշտ դրված են, որ Ռուսաստանին պոկեն Հայաստանից, բայց, բոլոր դեպքերում, պատմությունը ցույց է տվել, որ Արեւմուտքը երբեք առարկայական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին օգնելու առումով։ Իհարկե, շատ լավ է, որ Արեւմուտքն ամենատարբեր միջազգային կառույցների եւ առանձին պետությունների ղեկավարների կտրվածքով դրական բաներ ասում է Հայաստանի վերաբերյալ, բայց դրանք օճառի պղպջակների նման պայթում են։ Կոնկրետ աջակցության կամ կոնկրետ խնդիրը լուծելու վերաբերյալ․․․։ Դրա լավագույն օրինակը գիտե՞ք որն է․ 20-ական թվականներին, երբ բոլշեւիկները վերցրին Հայաստանը, անգլիացիներն ասացին, որ անգլիական նավերը հայկական լեռները բարձրանալ չեն կարող։ Եթե Հայաստանն ուզում է վերստին հայտնվել կոտրված տաշտակի առաջ․․․ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը հրաշք է եղել Հայաստանի համար, բայց բոլոր պարագաներում Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելու ժամանակահատվածում որոշակի առումով՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ տնտեսական, ունեցել է, ես կասեի, մինչեւ անգամ մեծ հաջողություն։ Այս 30 տարիների ընթացքում որ մենք շուկայական հարաբերությունների մեջ ենք գտնվում, էլի մեր շրջանառությունը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի գործոնով, եւ որպես ապրանքափոխանակության դոմինանտ երկիր, մյուս կողմից էլ՝ մոտավորապես 3 մլն հայեր, եթե ոչ դրանից ավել, գտնվում են Ռուսաստանում եւ սոցիալական հարցը լուծում են ռուսական ռեսուրսների, ռուսական աշխատատեղերի միջոցով։ Նման իրավիճակում ամբողջությամբ ապավինել Արեւմուտքին, ես կարծում եմ, որ դա հղի է հետեւանքներով»։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: