Երեք բուհերի միավորման կառավարության ծրագրի նախագծին դեմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում հոկտեմբերի 17-ին հրավիրված գիտխորհրդի բաց նիստում կազմակերպված քննարկմանը, որին բացի փոխնախարարներ Կարեն Թռչունյանից, Կարեն Գիլոյանից, որը նաեւ ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրավիրված էին նաեւ սպորտի նախկին նախարարները:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ եւ մի քանի այլ ֆեդերացիաների աշխատանքը համակարգող, ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ Հրաչյա Ռոստոմյանը դիմելով կառավարությանը` ասաց. «Իմ կարծիքով այս քննարկումը պետք էր ավելի շուտ սկսել, մինչեւ այս աժիոտաժը բարձրացնելը: Մի երկու դիտարկում:
Առաջին. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դիրքորոշումը միանշանակ բացասական է լինելու: Այսօր մենք բոլոր ֆեդերացիաներին հարցում ենք ուղարկել: Առաջարկել ենք, որ նախագահության նիստ անեն եւ իրենց կարծիքը հայտնեն այս միավորման մասին:
Ամենագլխավոր խնդիրներից մեկը, որ մենք տեսնում ենք, այո, մասնագիտական բուհը չի կարելի փակել եւ ուրիշ բուհերի մեջ, այսպես ասած, լղոզել, քանի որ փորձերը բազմաթիվ են եղել: Հենց մեր հարեւան երկրներում արել են, եւ մենք տեսել ենք, թե ինչի են հասել:
Կարդացեք նաև
Երկրորդ. ուղղակի մի հարց եմ ուզում բարձրացնել: Ասում եք, որ ուզում եք միացնել մանկավարժական համալսարանին, մանկավարժական ինստիտուտին, եւ դա ճիշտ է, թե ոչ: Դուք հիմա գտնվում ենք մի բուհում, որը սպորտային է, սպորտի ոլորտն է սպասարկում եւ իր նրբություններն ունի: Մեր բուհը, ես օգտվել եմ բաց աղբյուրներից, մոտավորապես 90 տոկոսից ավելի համալրված է ուսանողներով, իսկ մանկավարժականը, նորից բաց աղբյուրների տեղեկություններով այդ համալրումը չունի: Ուստի, սպորտում եթե մեկն ուժեղ է, իսկ մյուսը չի հասցնում, ոչ թե ուժեղին են տանում` թույլին կցում, այլ հակառակը, թույլին բերում են ուժեղի մոտ, որ թույլը աճի: Սա՝ մեկ:
Հաջորդը: Մենք պետք է արձանագրենք հետեւյալը: Այս քայլով ուղղակի սպորտի ողնաշարը կոտրելու ենք:
Եվ վերջում մի խնդրանք, հորդոր ունեմ իմ ընկերներին` Կարեն Գիլոյանին, որ իմ 30 տարվա ընկերն է, Դավիթ Խիթարյանին: Արեք այնպես, որ ձեզանից մեկը չլինի այս բուհի վերջին ռեկտորը, մյուսն էլ չլինի հոգաբարձուների խորհրդի վերջին նախագահը: Պայքարեք, որովհետեւ այս բուհը պետք է մնա: Շնորհակալություն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ