Լրահոս
Օրվա լրահոսը

Իմանալ՝ ում հետ գործ ունես

Հոկտեմբեր 18,2022 10:00

Արդյոք ճի՞շտ գաղափար է, որ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարները պիտի հանդիպեն եւ քննարկեն Հայաստանի ներկայիս չափազանց վտանգավոր իրավիճակը: Անշուշտ, ճիշտ էր: Այդ գաղափարն ունի միայն մեկ թերություն: Այն անտեսում է պոտենցիալ հանդիպման գլխավոր դերակատարների առանձնահատկությունները: Ավելի պարզ ասած՝ նման բան առաջարկողը հաշվի չի առնում, որ գործ ունի Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ «փոքրիկ դետալն» իմաստազրկում է տեսականորեն ճիշտ գաղափարը:

Ճի՞շտ է արդյոք այն գաղափարը, որ ռուսաստանցիներին պետք է համոզել, հասկացնել, թե ինչ աղետ է իրենց գլխին բերել Պուտինը՝ սկսելով արյունալի պատերազմը: Այո, ճիշտ է: Բայց պետք է հաշվի առնել, որ այդ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վստահ է, որ «բանդերականները» ամեն օր քառատում են ռուս երեխաներին, եւ իրենց զինվորները գնում են պատերազմ՝ այդ երեխաներին փրկելու համար: Այսինքն՝ այստեղ նույնպես բանական գաղափարներ առաջ քաշողները պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն:

Նույնը՝ այն դեպքում, երբ մեր հասարակությանը հորդորում ենք համախմբվել, հավաքական ուժով դիմակայել Ադրբեջանի միանգամայն սպասելի նոր հարձակմանը: Այդ առիթով թույլ տվեք պատմել, թե ինչ եմ լսել բառացիորեն երկու օր առաջ. «Բա իմացա՞ր՝ էն դավաճան գեներալները, որոնց բռնել են, սկսեցին տալ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հիմա արդեն հաստատվում է, որ այս վերջին պատերազմում նրանք դավաճանություն են կատարել՝ Քոչարյանի հրահանգով»: Կարծում եմ, որ ինչպես որ երեխաներին քառատելու վերաբերյալ «հստակ տեղեկություն» ունենալու դեպքում, մենք գործ ունենք միջին քաղաքացու գիտելիքների եւ ինտելեկտի որոշակի մակարդակի հետ:

Իսկ հիմա ասացեք խնդրեմ՝ հնարավո՞ր է արդյոք հասարակական ընկալումների այդ մակարդակով խոսել պետականության, ինքնապաշտպանության եւ նույնիսկ սովորական տրամաբանության առավելությունների մասին:

Ինձ թվում է, որ «Պլատոնի քարանձավը» հենց այն փոխաբերությունն է, որը կիրառելի է նման դեպքերի համար: Անհրաժեշտ է լինել համբերատար, հանդուրժող եւ առանց նեղվելու, առանց որեւէ մեկին դատելու փորձել հանել մարդկանց ստվերների աշխարհից՝ դեպի լույս աշխարհ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    Այլաբանության մեջ Պլատոնը Ձևերի տեսության մեջ դաստիարակված մարդկանց նմանեցնում է քարանձավում շղթայված բանտարկյալների, ովքեր չեն կարողանում գլուխը շրջել։ Նրանք միայն կարող են տեսնել քարանձավի պատը։ Նրանց հետևում կրակ է վառվում։ Հրդեհի և բանտարկյալների միջև կա պատ, որի երկայնքով տիկնիկավարները կարող են քայլել։ Տիկնիկավարները, որոնք գտնվում են բանտարկյալների հետևում, բարձրացնում են տիկնիկներ, որոնք ստվեր են գցում քարանձավի պատին։ Բանտարկյալները չեն կարողանում տեսնել այս տիկնիկները, իրական առարկաները, որոնք անցնում են իրենց հետևից։ Այն, ինչ տեսնում և լսում են բանտարկյալները, ստվերներն ու արձագանքներն են, որոնք նետվում են այն առարկաներից, որոնք նրանք չեն տեսնում: Ահա Պլատոնի քարանձավի նկարազարդումը.

  2. Gohar says:

    Երբ բանտարկյալները ազատ արձակվեն, նրանք կարող են շրջել իրենց գլուխները և տեսնել իրական առարկաները։ Հետո նրանք կհասկանան իրենց սխալը։
    Ի՞նչ կարող ենք անել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31