Վայոց Ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին (լուսանկարում) ծեծի ենթարկելու դեպքով քրեական հետապնդումից ազատված Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների դեմ սուտ մատնության հատկանիշներով կնախաձեռնվի քրեական վարույթ: Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Սահակյանը Aravot.am-ին ասաց, որ երբ քննիչի որոշմամբ՝ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, նույն որոշմամբ՝ քրեական հետապնդումը դադարեցվեց նաեւ Գրիգորյանի դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով:
Քննիչի այդ որոշման դեմ իրենք բողոք ներկայացրին, ու թեեւ դատախազը մերժել էր բողոքը, դատարանն այսօր բավարարեց իրենց բողոքը. «Ինչը նշանակում է քրեական վարույթ կնախաձեռնվի, հուսով ենք, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն մարդիկ, որոնք սուտ մատնություն են արել»:
Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք էին տվել Մարիամ Հունանյանը, Միքայել Մելքոնյանն ու Լեւոն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Զավեն Գրիգորյանի եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը, որը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնականն էր, փոխգնդապետին ծեծի ենթարկելու համար ազատազրկման էր դատապարտվել 5 տարի ժամկետով: Փաստաբան Լեւոն Սահակյանը նաեւ նրա շահերն է ներկայացնում, ասաց, որ Հարություն Գրիգորյանի նկատմամբ դատավճռի բողոքարկման նպատակահարմարության հարցը իր պաշտպանյալի հետ կքննարկի՝ հաշվի առնելով, որ նրան պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակն է եկել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Զավեն Գրիգորյանի հայցին՝ 333 միլիոն դրամի չափով փոխհատուցման պահանջով, Լեւոն Սահակյանն ասաց, որ հայցը քննության փուլում է:
Հիշեցնենք, որ Զավեն Գրիգորյանը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ պահանջելով պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցվորը պահանջում է բռնագանձել 333.000.000 ՀՀ դրամի չափով գումար, որից 2.262.630 ՀՀ դրամը՝ որպես նյութական վնաս, 330.737.370 ՀՀ դրամը՝ որպես ոչ նյութական վնասի՝ կիրառված խափանման միջոցների և որպես մեղադրյալ ներգրավված լինելու արդյունքում կրած բարոյական վնասի փոխհատուցում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ