Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս (Լազար) Սարյանի 102 ամյակին նվիրված բացառիկ համերգ և հայ հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդես:
Նշենք, որ Ղազարոս Սարյանի երաժշտությունը և Մարտիրոս Սարյանի նկարները Միացյալ Թագավորությունում ներկայացվեցին առաջին անգամ:
Միջոցառումը կազմակերպվել էր Բրիտանական «Քլինգեն» երգչախմբի եւ մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։
Ցուցահանդեսի նկարների մեկնաբանությունները տրամադրել էր Սոֆյա Սարյանը՝ Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից՝ Սիփան Օլահի հետ համագործակցության արդյունքում:
Կարդացեք նաև
Այս բացառիկ միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, կաթոլիկ եկեղեցու հոգևորական, Սբ․ Աստվածածին եկեղեցու մոնսինյոր Ջիմ Քերին։
Երեկոյին ներկա էին Միացյալ Թագավորության պառլամենտի ներկայացուցիչներ, Բրիտանական մշակութային ասոցիացիաների և պատկերասրահների ներկայացուցիչներ, Հայկական Համայնքային Խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների և ասոցիացիաների ատենապետեր, երաժիշտներ՝ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից, Թագավորական երաժշտական քոլեջից և Թագավորական Գեղարվեստի Ակադեմիայից, ավելի քան 300 հայ և բրիտանացի մշակութասեր հանդիսականներ:
Երեկոյի ընթացքում համերգավար Ջոան Զորյան-Լին ներկայացրեց Լ.Սարյանի ու Մ.Սարյանի կենսագրության կարևոր դրվագներ և կատարվելիք ստեղծագործությունների անոնսները:
«Ադաջիո և Պար» լարային նվագախմբի ու տիմպանի համար գրված ստեղծագործությունը Լ.Սարյանի գլուխգործոց «Պանո Հայաստան» սիմֆոնիկ ստեղծագործության կամերային տարբերակն է: Այն փառահեղ կատարեց «Քլինգեն» կամերային նվագախումբը:
Հաջորդիվ հնչեց «Նվագախմբային Սերենադ» ստեղծագործության առաջին մասը՝ մաեստրո Սիփան Օլահի փոխադրած տարբերակով՝ հոբոյի, լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար, որի սոլոն վարպետորեն կատարեց բրիտանահայ հոբոյահար Ջեք Հակոբ Մուրադյանը: Նշենք, որ մաեստրո Օլահը 2022-ի տարեսկզբում բացահայտեց «Նվագախմբային Սերենադ» ստեղծագործության տպագրված տարբերակի կորստյան փաստը: Այնուհետև Լ.Սարյանի դուստր Սոֆյա Սարյանի և Ս.Օլահի ջանքերով ձեռագրերից թվայնացվեց այս հիանալի սիմֆոնիկ ստեղծագործությունը:
«Ինչու ուշացար» լիրիկական ռոմանսը կատարեց տենոր Սիփան Օլահը և իր նվագախումբը՝ ցուցադրելով իր ձայնի քնարական և միևնույն ժամանակ հզոր ելևէջներն ու վարպետությունը:
Դաշնակահարուհի Մարիա Փալազյանը քնքշորեն կատարեց դաշնամուրային «Պար» մենանվագը, ինչպես նաև «3 Փոստլյուդ» չափազանց յուրօրինակ, մելոդիկ ու ժամանակակից, տեխնիկապես բավականին բարդ ստեղծագործությունը, որն էլ անջնջելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա:
Ջութակահարուհի Պոլինա Շարաֆյանը՝ Մարիա Փալազյանի նվագակցությամբ, հնչեցրեց Լ.Սարյանի «Արիա տոկատա» ստեղծագործությունը՝ հիացնելով հանդիսատեսին:
Սոպրանո Նարինե Մալխասյանը կատարեց «Գարնան Առավոտ» ռոմանսը՝ յուրահատուկ լիրիկական մեկնաբանությամբ և զգացողությամբ:
Լազար Սարյանի 3 մեներգերի երգչախմբային փոխադրումները՝ Ս.Օլահի կողմից, առաջին անգամ կատարեց Լոնդոնի Քլինգեն երգչախումբը այս երեկոյի ընթացքում:
Ոգեշնչված հայկական ֆոլկլորի էլեմենտներով՝ «Խաղող հավաքողների երգը» տպավորեց հանդիսատեսին:
Մեներգչուհի սոպրանո Հայարփի Եղիկյանը, «Քլինգեն» երգչախմբի ու մաեստրո Սիփան Օլահի գլխավորությամբ, անզուգական կատարեց «Չեմ մոռանում» մեղեդային ռոմանսը, որն արժանացավ հանդիսատեսի հուժկու ծափողջյուններին:
Համերգը եզրափակվեց Լազար Սարյանի հայրենասիրական «Քեզ եմ երգում հայրենիք» երգով, որը քառաձայն տարբերակով կատարեց Քլինգեն երգչախումբը ու արժանացավ հանդիսատեսի բրավոներին և ջերմեռանդ ծափահարություններին:
«Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» միջոցառումների նպատակներից է հայկական մշակույթը՝ հատկապես հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները հանրահռչակելը Միացյալ Թագավորությունում՝ հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ: