Լրահոս
Օրվա լրահոսը

«UPSHIFT» Գավառում՝ մանկական Եվրատեսիլը հաղթած Մալենայի մասնակցությամբ (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 17,2022 23:03

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ամփոփվեց «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրը։

Հիշեցնենք, որ  համաշխարհային կարևորագույն այս ծրագրի նպատակը 12-18 տարեկան պատանիների ու երիտասարդների կարողությունները զարգացնելն է,  21-րդ դարի հմտություններին ծանոթացնելը, համայնքային կյանքի մեջ ներգրավելը, ակտիվացնելը, նրանց գաղափարները բիզնեսի վերածելը, որպեսզի կկարողանան փոխել համայնքային կյանքը, դարձնել  գրավիչ, բարեկեցիկ։

Աշխարհի բազմաթիվ երկրներում իրագործվող այս ծրագիրը Հայաստանում ներդրվել է երեք տարի առաջ` 2019 թվականին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Այն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ։

Գավառում ծրագիրը մեկնարկեց ցուցահանդեսով։ Այն սկսվել էր 2021 թվականի դեկտեմբերից, մասնակցում էին նաև հարակից համայնքների պատանիները։

Ի տարբերություն մյուս քաղաքների՝ Գյումրիի, Սպիտակի եւ Իջևանի, Գավառում ֆինանսավորվել էր 10 ծրագիր, որոնցից 5-ը համայնքապետարանի ու անհատների կողմից։ Դրանք հիմնականում բնապահպանական էին, զբոսաշրջային, նաև գյուղատնտեսական, նորարարական տեխնոլոգիաներին վերաբերող։ Թիմերից մեկը բնակիչների կողմից աղտոտված, արոտավայրի վերածված տարածքը դարձրել էր այգի, մյուսը՝ հիմնել էր ջերմոց։ Թիմերից մեկն էլ դպրոցներում զանգը հնչեցնելու ավտոմատ համակարգ էր ստեղծել՝ համագործակցելով «Արմատ» ինժեներական լաբորատորիայի հետ։

«Զանգը չի հնչում մի քիչ շուտ, մի քիչ ուշ, հնչում է ճիշտ ժամանակին»,-ներկայացրեցին ափշիֆտցի գյուտարար պատանիները։ Նրանց ստեղծած համակարգը տեղադրվել է Գավառի վեց դպրոցներում։

Մեկ այլ թիմ էլ, շրջակա միջավայրը մաքրելով․ պլաստիկ շշերը հավաքելով, զարդեր էր պատրաստել ու վաճառքի  հանել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր ելույթում ասաց․ «Անցած շաբաթները գիտեմ, որ դժվար են եղել, հատկապես այս մարզում, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երիտասարադներին, որոնք նվիրվածությամբ և նպատակադրվածությամբ ավարտի բերեցին իրենց ծրագրերը։ Այս «UPSHIFT»-ն ամենահետաքրքիրներից ու առանձնահատուկներից է։ Ի տարբերություն մյուս համայնքների՝ այստեղ 10 թիմերի աշխատանք ենք տեսնում, մյուսներում եղել են 5-ը, և դա համայնքի ջանքերի շնորհիվ է ու մյուս անձանց, որոնք նպաստել են մյուս հինգ աշխատանքների կայացմանը»։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին էլ, որը ներկայացնում էր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկորինին, քանի որ վերջինս Եվրոպայում է, կատակեց, թե իրեն կինոաստղ է զգում՝ մյուս կինոաստղերի՝ ի դեմս Եվրատեսիլը հաղթած Մալենայի ներկայությամբ։ Նա նաև ասաց, որ  «UPSHIFT»-ում իրեն բավական երիտասարդ է զգում,  քանի որ մեծ էներգիա է ստանում երիտասարդներից։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ  նշեց, որ «UPSHIFT»-ը դարձել է տարբեր համայնքներում փոփոխություններ իրականացնող ծրագիր։

«Անկեղծ պետք է լինեմ,  տարբեր համայնքներում «UPSHIFT» իրականացրել ենք, բայց երբ քննարկում էինք Գավառում իրականացնելու կարիքը, տարբեր գործընկերներ ասում էին ՝գործ չունեք, Գավառը շատ բարդ համայնք է, մարդիկ շատ բարդ են ու այնտեղ երիտասարդներն անտարբեր են ամեն ինչի նկատմամբ։ Իրենք չեն սիրում իրենց համայնքը, չեն սիրում որևէ գործողություն կատարել։

Ես այսօր փաստել եմ՝ դա բացարձակ սուտ է, մենք աշխատելով՝ Գավառում արձանագրել ենք մեկ կարևորագույն փաստ․ տեսել ենք համայնքը չափից շատ սիրող, հայրենիքը չափից շատ սիրող, իրենց դերը համայնքի  զարգացման գործում մեծ կարևորություն տվող պատանիների ու երիտասարդների։ Պարզապես իրենց հնարավորություն էր պետք երազելու և այդ երազանքները կյանքի կոչելու, իսկ «UPSHIFT»-ն այդ հնարավորությունը դարձավ»։

Մանկական Եվրատեսիլ երգի հեռուստամրցույթն այս տարի Հայաստան բերած Մալենան, որը, ըստ «UPSHIFT»-ի ավանդույթի,  հատուկ հյուր էր, բեմ բարձրացավ ու ասաց․ «Հետաքրքրությամբ էի հետևում բոլոր ծրագրերին ու այնքան ուրախ եմ, որ իմ սերնդակիցներն այսքան նպատակասլաց են ու նախաձեռնող։ Հուսով եմ, որ ապագայում կկարողանանք մեծ գործեր անել մեր երկրի համար»։

Նա փոքր հատված  հնչեցրեց եվրատեսիլյան իր երգից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31