Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հետ չմնաց Եվրոպայից․ 1 խմ վառելափայտի գինը բարձր է, քան 1գ ոսկունը

Հոկտեմբեր 17,2022 21:30

Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը սոցիալական ծրագրեր է իրականացնում, ամեն տարի  կարիքավորներին վառելափայտ բաժանում, իր ֆեյսբուքյան էջում, դիմելով կառավարությանը, նախազգուշացնում է՝ մտածել գալիք տարվա ձմռան մասին, քանի որ վառելափայտի գները  կտրուկ թանկացել են։

Վահան Թումասյանը լուսանկար է տեղադրել Իտալիայից՝ վառելափայտի գներից՝ գրելով․ «Իշխանություններ, հետո չասե՛ք, թե չեմ զգուշացրել. Իտալիայում է, վառելափայտի գները ահավոր բարձրացել են։ Միայն մի բան չհասկացա, թե ի՞նչ կապ ունենք Եվրոպայի հետ, որ մեզ մոտ վառելափայտի գործ անողներն էլ թանկացրել են փայտի գները․․․ Բայց իշխանությունններին հիմա կոչ եմ անում, որ մտածեն գալիք ձմռան մասին։ Սարսափելի վիճակում են հայտնվելու աղքատ, դոմիկներում ու կիսաքանդ շինություններում պատսպարված հազարավոր գյումրեցիներ․․․»։

Մենք ճշտեցինք, որ մի քանի օր է՝ Գյումրու շուկայում վառելափայտի 1 խորանարդ մետրը 22-23 հազար դրամից դարձել է 27-30 հազար դրամ ու բավականին դժվարությամբ է  ճարվում։ Եվ սա այն դեպքում, երբ ոսկու մեկ գրամի արժեքը համաշխարհային շուկայում մոտ 22 հազար դրամ է։

«Գյումրու շուկայում վառելափայտի դեֆիցիտ կա, բացի այդ  3 կուբամետրը 5 կուբամետրի տեղ են վաճառում։ Իրենք ասում են՝ չափաբաժնով ենք վաճառում,  սա է իմ  չափաբաժինը»,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Ըստ նրա՝ այս տարի անելանելի իրավիճակ է ստեղծվել՝ և՛ սոցիալական վիճակն է ծանր, և՛ հովանավորների թիվն է պակաս։ Այժմ  մտածում են՝ ինչ անել, որ ցրտահարության դեպքեր չարձանագրվեն․ ամեն տարի առնվազն 1000 ընտանիքի, որոնց մեծ մասը տնակներում են բնակվում,  նախապես ցուցակագրել ու վառելափայտ են բաժանել։ Իհարկե, եղել է տարի, երբ 1500 ընտանիքի են բաժանել։ Սկզբում, ըստ մեր զրուցակցի, առանձնացրել են ամենաաղքատներին, նրանց վառելափայտ հատկացրել ողջ ձմռան համար, որոշ ընտանիքների էլ  օգնել են 2-3 անգամ։  Այս ընտանիքները, պարոն Թումասյանի ասելով, իրենք ևս հայթայթայել են որոշակի քանակությամբ վառելիք ու մի կերպ ձմեռը «գլորել»։

Վահան Թումասյանի փաստմամբ,  կարիքավորներին օգնելիս՝  մինչև ապրիլ ամիս պիտի նկատի ունենաս․ Շիրակի մարզում ձմեռը երկար է։

Մեր զրուցակիցն ասում է՝   սոցիալական խնդիրները, աղքատությունն ավելի խորացել է, չգիտեն ինչպես իրագործեն ծրագիրը, իսկ գյումրեցիները, ինչպես միշտ, հույս են կապում հենց իրենց հետ ու չեն կարող մերժել։ Վահան Թումասյանի ասելով՝ այս հարցը դեռ պիտի քննարկեն հովանավորների հետ։  Եղել են տարիներ, երբ նույնիսկ պարտքով են վառելափայտ բաժանել՝ ամբողջ տարին պարտքերը փակելով։ «Պարտադիր թիրախավորում  էինք ցրտահարման շեմին գտնվող ընտանիքներին, մոտավորապես գիտենք՝ ովքեր են, իրենց շտապօգնության պես հասնում էինք,որ ցրտահարման ռիսկից դուրս գային, մահացածության դեպքեր չլինեին։ Մեր օգնությունը եղել է մասսայական, ցրտահարման վտանգի տակ գտնվողները հիմնականում տնակներում ապրողներ են»։

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ամեն տարի այս ծրագրի համար փայտ է կուտակել, տնակները հենց քանդել են, վառելափայտը կարողացել են պահել ու մինչև Նոր Տարի կուտակածը բաշխել։ Այժմ, ըստ նրա, կուտակած վառելափայտ չունեն, ամենաճիշտը  պետական ծրագիր իրագործելն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31