Կառավարման խնդիրներ, իրավական դաշտի ուսումնասիրություն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված պաշտոնյաների կարողությունների զարգացում․ Ախալցխայում մեկնարկեց Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների համար Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի 2-րդ փուլը։ Հոկտեմբերի 17-19-ն անցկացվող առաջնորդության ակադեմիան հնարավորություն է ստեղծում ՏԻՄ ներկայացուցիչներին բարելավել իրենց կարողությունները։
Նշենք, որ Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի համատեքստում։
Առաջնորդության ակադեմիայի բացման արարողության ժամանակ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը հայտարարեց․ «Անդրսահմանային համագործակցության նպատակն է հարևան պետություններին դարձնել միմյանց ավելի մոտ։ Եվրոպայի խորհրդը առաջնորդող դեր է խաղում անդրսահմանային համագործակցության զարգացման դաշում»։
Նա, խոսելով Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի առաջին փուլի արդյունքների մասին, նշեց, որ այն օգնել է երկու երկրների համայնքներին համատեղ ծրագրեր մշակել, որոնք նպաստում են անդրսահմանային համագործակցության ամրապնդմանը։
Կարդացեք նաև
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Ջիորջիոբիանին կարևորեց նման ակադեմիաների իրականացումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու երկրների համայնքների միջև կապերի ամրապնդմանն ու նոր ծրագրերի իրականացմանը։
Թբիլիսիում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարևորելով անդրսահմանային համագործակցությունը, նշեց․ «Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ակտիվ ներգրավված են եղել առաջնորդության ակադեմիայի բոլոր փուլերում: Անդրսահմանային ծրագրերի խորացումը ՀՀ-ի և Վրաստանի սահմանային հատվածներում կարևոր է տարածքային կայուն զարգացման և փոխշահեկան համագործակցության համար»։
Նրա համոզմամբ՝ պետք է կարևորել գիտելիքի և կարողությունների փոխանակումը սահմաններից այն կողմ, որպեսզի ուժեղ կարողություն ունենան անդրսահմանային համայնքները։ Նա այս առիթով ասաց․ «Անդրսահմանային համագործակցությունը ոչ միայն շահեկան է այն առումով, որ լավ հնարավորություն է ստեղծում հասկանալ և բարելավել հարևանական կապերը, այլև կան տնտեսական օգուտներ, որոնք ստացվում են երկու կողմերի կարողությունների զարգացման արդյունքում»։ Նա նշեց տուրիզմը, անդրսահմանային առևտուրը։ Այս ոլորտներն, ըստ Նատալյա Վուտովայի, կարող են նպաստել երկու երկրների քաղաքական, տնտեսական ակտիվության բարձրացմանը: Նա վստահեցրեց՝ ունեն անդրսահմանային հաջողված նախագծեր, որոնք կարող են հաջողված փորձ լինել մյուս համայքների համար։ Նաև փաստեց՝ սահմանային համայնքների երիտասարդները նույնաբնույթ խնդիրների են բախվում, ուստի անդրսահմանային համագործակցությունը կարող է բերել դրական փոփոխությունների երիտասարդների կյանքում, և նրանք՝ որպես փոփոխությունների դեսպաններ կարող են կարևոր դերակատարություն ունենալ: Ըստ Նատալյա Վուտովայի՝ առաջնորդական այս ակադեմիան բարի ավանդույթի կվերածվի, և նորանոր համայնքներ՝ սահմանից այս ու այն կողմ, կներգրավվեն այս ծրագրում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի համոզմամբ՝ սա նախաձեռնություն է, որը թույլ կտա շատ ավելի հեռուն գնացող համագործակցության համար հիմքեր ստեղծել ու շարունակեց․ «Այս հարցում հատկապես պետք է նշեմ մեր վրացի գործընկերների պատրաստակամությունը այս շփումներում և աշխատանքում, մասնավորապես տիկին Ջիորջիոբիանիի մեծ ներդրումը։ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզպետների ակտիվ նախաձեռնողականության շնորհիվ հնարավորություն ունենք Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների հետ ծրագրեր իրականացնել։ Ունենք կենսաբազմազանության ծրագիրը, բարեկամության կամուրջը։ Մենք ունեցել ենք լավ համագործակցության փորձ, օրինակ՝ Եվրոռեգիոնը, կենսաբազմազանության ծրագիրը, տարածքային զարգացման բազմաթիվ ծրագրեր»։
Երկօրյա ակադեմիայի շրջանակում հայ և վրացի ՏԻՄ ներկայացուցիչները կմասնակցեն կարողությունների զարգացման սեմինարների, կունենան տարաբնույթ այցելություններ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ