Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես՝ որպես երկար տարիների սպորտի մարդ, ասում եմ՝ այո, չի կարող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դաստիարակությունը չլինել, լուծարվել, մտցվել չգիտեմ ինչ-որ բանի մեջ». Գիլոյան

Հոկտեմբեր 17,2022 20:55

Այսօր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի եւ փոխնախարար, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ:

Քննարկման թեման բուհերի խոշորացման նախագիծն էր, որի համաձայն, կառավարությունը մտադիր է այս ինստիտուտը եւ Բրյուսովի անվան համալսարանը միավորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հետ:

Գիլոյանը, լսելով ինստիտուտի ռեկտորին, դասախոսներին ու ուսանողներին, ասաց. «Հպարտությամբ ասեմ, որ իմ կողմից սպասարկվող ոլորտը ճիշտ ձեւ է ընտրել՝ իր դժգոհությունը հայտնելու ու քննարկումների միջոցով է ուզում հասնել այն ամենին, ինչին ուզում է հասնել»:

Ներկաները տեղից հուշեցին, որ սա դեռ սկիզբն է, առաջին փուլն է, Գիլոյանը կատակեց. «Հիմա էլ մի սկսեք շանտաժի լեզվով, վախեցնելով խոսել, թե որ փուլն է: Հիմա ասե՞մ, թե՞ չասեմ շնորհակալություն: Ախր մի բան պիտի հստակ հասկանանք՝ ոչ ոք այս որոշումը դեռ չի կայացրել: Առայժմ չի կայացվել: Զուգահեռաբար մշակվում է նաեւ սպորտի ռազմավարությունը մինչեւ 2030թ. եւ մինչեւ 2050թ.: Հենց այնպես չի գրվում, որ հաստատվի, նոր ձեզ տրվի: Միասին պիտի անենք: Պարոն Թռչունյանն էլ ասաց՝ ընդամենը նախագիծ է, եւ ընդամենը քննարկում ենք: Այսօր էլ նախարարական թռուցկաժողովում էլի քննարկել ենք: Պարոն Դումանյանը հստակ հայտարարել է՝  եթե մենք հասկանանք, որ որեւէ կերպ մենք ճիշտ չենք անում, քննարկումների արդյունքում կգանք այդ կետին, այդ եզրակացությանը, մենք չենք վախենա ասել՝ ճիշտ չէինք, հիմա հետքայլ ենք անում: Այս հարցը քննարկումների միջոցով պետք է հասնի այն կետին, որը ընդունելի կլինի բոլորի կողմից: Հասնելու ենք այն բանին, որ ունենանք ուժեղ գիտականորեն հիմնավորված կրթություն, վերջնանպատակն ու իմաստը սա է: Ինչպե՞ս կհասնենք՝ այն ճանապարհով, որը բոլորս միասին կընտրենք ու կհասկանանք, որ այդպես պիտի գնանք: Ձեզ ո՞վ է ասել, որ հստակ հայտարարվել է, ասում եք՝ այսպես չի լինի, մեզ մի փակեք: Ես՝ որպես երկար տարիներ սպորտի մարդ, ասում եմ՝ այո, չի կարող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դաստիարակությունը չլինել, լուծարվել, մտցվել չգիտեմ ինչ-որ բանի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31