Այսօր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի եւ փոխնախարար, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ:
Քննարկման թեման բուհերի խոշորացման նախագիծն էր, որի համաձայն, կառավարությունը մտադիր է այս ինստիտուտը եւ Բրյուսովի անվան համալսարանը միավորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հետ:
Կարեն Թռչունյանը խոսեց գիտական տպագրությունների, միջազգային որակավորման մասին. «Ցանկացած բուհ պետք է իր հաշվին տարբեր դրամաշնորհերով փորձի գիտական տպագրություններ ունենալ: Ունենք այն, ինչ ունենք: Եթե դուք բացեք գիտատեղեկատվական շտեմարանները, կարող եք տեսնել՝ ցանկացած բուհ ինչ վիճակում է գտնվում: Եթե մենք անընդհատ այսպես այսօրվա գործը թողնենք վաղվան, ձգենք, ասենք՝ ինչ ուզում է թող լինի, կարեւորը այսպես մնա, մենք առաջ չենք գնա: Եթե տեսնում եք շտեմարանում արդյունքները, դա նշանակում է՝ պիտի մի բան անես, որ երեխաները, որոնք գալիս են բուհ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանան»:
Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն ասաց, որ 2019-ին է ստանձնել ռեկտորի պաշտոնը ու գրանցել է հաջողություններ. «Եթե բուհի պատմության մեջ 1-2 անգամ է եղել, որ դրամաշնորհ է ստացել, ապա այս 2 տարվա մեջ, հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսն ու պատերազմը, մենք 3 դրամաշնորհ ունենք այսօր, մեկը՝ թեմատիկ գիտության կոմիտեի կողմից, մյուսը՝ Ճապոնիայի կառավարության, մյուսը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից: Բուհը «Էրազմուս պլյուս» ծրագրով ունի դասախոսների շարժունություն: Մենք հաջողություններ ունենք ուսանողների շրջանում՝ մեր բակալավրիատի շրջանավարտը գերազանցությամբ ավարտեց Կորեայի ազգային համալսարանի մագիստրատուրան, եկավ այստեղ մեզ մոտ դասախոս աշխատեց, հիմա Կորեայի համալսարանում ասպիրանտ է»:
Կարդացեք նաև
Ռեկտորը Թռչունյանին «երեսով տվեց» Բրյուսովի անվան համալսարանում հանդիպման ժամանակ հնչեցրած կոնկրետ թվերը, թե որ բուհը «Q1»-ում քանի հրապարակում ունի, «Շանհայի» ռեյտինգավորմամբ ինչ դիրքում է ու հարցրեց. «Ես ուզում եմ անդրադառնաք՝ Ռազմական ինստիտուտի, Հակաճգնաժամային կառավարման եւ Ոստիկանության ակադեմիաները քանի՞ հոդվածներ ունեն տպված եւ վարկանիշային աղյուսակում որերորդն են»:
Թռչունյանը պատասխանեց. «Ես նայել եմ տվյալները, QS times-ում եւ «Շանհայում» ոչ մեկը չկա գրանցված, «Webometrics»-ում 30 հազար բուհեր են գրանցված, Մանկավարժական համալսարանը գտնվում է 8845 տեղում, Բրուսովը՝ 12 հազար 873-րդ դիրքում եւ ձեր ինստիտուտը՝ 23 հազար 116-րդ դիրքում: Բուհում պետք է լինի գիտություն, թող լինի քիչ, բայց լինի: QS-ում հանգիստ կարող եք գրանցվել: 2023-ի համար QS-ում Հայաստանից կա 2 բուհ, մեկը ԵՊՀ-ն է, մյուսը՝ Սլավոնական համալսարանը՝ 801-ից 1000-րդ դիրքում: Ամեն ինչ չափելի է, ոնց որ չեմպիոն ստանալու տիտղոսը, այնպես էլ կրթական ծրագրերը: Մենակ մի բան մի ասեք՝ պետք է չեմպիոն լինեն, որ չափելի լինի: Կան տվյալներ ձեր բուհի հետ կապված, ասեմ՝ իմանաք, նույնիսկ կան հեղինակներ ձեր բուհում, որ ձեր բուհի անունն են սխալ գրում անգլերենում: Գրված է՝ «Armenian State institute of physical education»: Ձեզ ցույց կտամ, կոնկրետ փաստեր կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ