Թվերը իրատեսական են, եթե հաշվի առնենք ամբողջ աշխարհով տիրող գնաճի ալիքը, իսկ Հայաստանում գնաճը պարզապես աննախադեպ է, ահա այդ գնաճով պայմանավորված էլ Պետեկամուտների կոմիտեն արձանագրել է ավելի քան 1 տրիլիոն դրամի մուտքեր, բայց եթե գնաճը զատենք հարկային մուտքերից` թվերն անհամեմատ ցածր կլինեն: Այսպես արձագանքեց տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանը մեր այն հարցին, թե որքանով են իրատեսական ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները, թե 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ:
Նրա խոսքով՝ պետական բյուջեն հավասարակշռված է, հարկային մուտքերը կատարվում են, սակայն, եթե այդպես է` ինչո՞ւ է մեր պետական պարտքը երկրաչափական պրոգրեսով մեծացել: «Մեր տնտեսական համակարգը՝ թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային, թե՛ տեխնոլոգիական, թե՛ էֆեկտիվության տեսանկյունից խայտառակ վիճակում է. այդ թվերը ոչինչ չեն ասում: Տնտեսական միավորների գործունեության վերահսկողություն չկա. գնաճի հիմնական պատճառներից մեկն էլ դա է: Պարզ ասած՝ ով ինչ ապրանք կամ ծառայություն ունի, գլխից դուրս թանկացնում է, և ոչ ոք չի հետաքրքրվում՝ ինչքան էին իրական ծախսերը, շահույթներն արդյո՞ք ողջամիտ էին: Այժմ, սկսած հանրային ծառայությունների ոլորտից՝ գազամատակարարման, հոսանքի, ջրի, կապի համակարգերի, ոչ թե շահույթների շուրջ է մրցապայքարը, այլ քվազի ռենտայի՝ չհիմնավորված բարձր շահույթների»:
Անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների լավագույն հնգյակին, որտեղ ընդգրկված են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «ՄՏՍ Հայաստանը»՝ տնտեսագետն ասաց, որ լավ օրից չէ, որ հենց այս ընկերություններն են գլխավորում ցանկը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ավանդաբար այդ ցուցակը գլխավորում են հանքարդյունաբերության, սպասարկման ոլորտները, նաեւ՝ «մոլախաղերը». «Մեծ հաշվով բյուջեն շահում է, բայց տնտեսությունը մնում է հետամնաց: Մեր հարկային քաղաքականությունը ծայրահեղ խոցելի է, այն չի նպաստում առաջադեմ արտադրական հզորությունների ստեղծմանը, նոր աշխատատեղերի բացմանը, նորագույն տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք էլ կընդգրկվեին այդ լավագույն հնգյակում»:
Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ պետությունը վերադարձել է նախկին մեթոդաբանությանը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության այս տարվա հունիսին սահմանված չափորոշիչները՝ Ատոմ Մարգարյանը նշեց. «Դա ընդհանրապես նոնսենս է, երբ պետությունը մի գրպանից հանում, մյուս գրպանն է դնում, այլ ռեժիմով պետք է հաշվել, դա պասիվ է, քանի որ պետության բյուջեն ձևավորվում է այլ եկամտային հարկերից: Նախորդ տարվա մեթոդաբանությամբ ստացվում է կրկնահաշվարկ»:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ