Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ աջակցություն է ցուցաբերում ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Հայաստանի տուժած սահմանամերձ համայնքների բնակիչներին

Հոկտեմբեր 17,2022 16:24

Aravot.am-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են կատարում Ադրբեջանի՝ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակումից տուժած սահմանամերձ համայնքների երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ նրանցից շատերը զրկված են անգամ դպրոց հաճախելու, կրթության ստանալու իրավունքից։

Քրիսթինե Վայգանդը նշեց, որ իրենք այցելել են Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր ու անձամբ գնահատել իրավիճակը։

https://www.youtube.com/watch?v=L6rrIRQb41Y&ab_channel=AravotDaily

«Սեպտեմբերի 18-21-ին այցելել էինք Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, որպեսզի հենց տուժած համայնքներում գնահատեինք հակամարտության սրացման՝ երեխաների և նրանց ընտանիքների վրա թողած ամբողջական ազդեցությունը:

Ես կառանձնացնեի երեխաներին վերաբերող երկու հիմնական կետ, թեև ազդեցությունը բազմաշերտ է, բայց այս պահին եկեք առանձնացնենք երկուսը:

Առաջինը, իհարկե, հենց երեխաների կրթության շարունակելիությանն է վերաբերում: Շատ դպրոցներ դեռևս ամբողջական ուժով չեն գործում: Մինչդեռ որոշ դպրոցներ որոշել են առցանց շարունակել կրթությունը, բայց ցավոք, ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեն մասնակցել դասերին:

Երկրորդը՝ սոցիալ հոգեբանական աջակցությանն է վերաբերում: Իհարկե, բնակչությունը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել: Իսկապես կարիք կա աջակցելու թե՛ երեխաներին, և թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին, և թե՛ բոլոր նրանց, ովքեր աշխատում են երեխաների հետ, որպեսզի վերջիններս կարողանան օգնել երեխաներին հաղթահարել այս բարդ շրջանը»,-ասաց Քրիսթինե Վայգանդը:

Ըստ մեր զրուցակցի, այս կարիքներին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս պահին 3 հիմնական ուղղությամբ է աշխատում, բայց իհարկե, գործընկերների հետ քննարկումների արդյունքում այլ ուղղություններ ևս ի հայտ կգան:

«Առաջինը, մենք արդեն դիմել ենք սոցիալ հոգեբանական ծառայություններ մատուցող մեր գործընկերներից մեկին և համաձայնության ենք եկել, որ նրանք կթիրախավորեն տուժած համայնքները և կաշխատեն երեխաների և նրանց ընտանիքների հետ:

Նաև մենք փորձում ենք օգնել կահավորել գոյություն ունեցող ապաստարանները՝ մատակարարելով նյութեր, որոնք երեխաներ ու հատկապես փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին անհրաժեշտ կլինեն, օրինակ՝ առաջին օգնության համար անհրաժեշտ պարագաների հավաքածուներ, վաղ մանկական զարգացման հատուկ հավաքածուներ և այլն:

Երրորդ ուղղությունը հենց կրթությանն է վերաբերում. մենք աշխատում ենք ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի երեխաները շարունակեն կրթություն ստանալ անգամ այսպիսի բարդ համատեքստում՝ դիտարկելով դա թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ տեսլականով:

Հաշվի առնելով դեռևս ՔՈՎԻԴ-ի ժամանակ քաղած դասերը, կարող ենք բարելավել առցանց կրթության որակն ու հասանելիությունը: Իհարկե, պետք է աշխատենք, ոչ միայն ապահովելու, որ երեխաները շարունակեն կրթություն ստանալ, բայց նաև, պետք է կարողանանք ապահով դարձնել դպրոցները:

Այս ամենը վերաբերում է իրավիճակին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հենց անմիջական արձագանքին, բայց մենք նաև դիտարկում ենք, թե ինչ կարող ենք անել, որ դպրոցներն ու համայնքներն ավելի պատրաստված լինեն:

Իհարկե, բոլորս էլ աղոթում ենք խաղաղության համար, բայց կարծում եմ՝ պետք է համոզվենք, որ անում ենք հնարավորը բարձրացնելու համայնքների դիմակայունությունը և օգնելու սահմանամերձ գյուղերին ավելի պատրաստված լինել»,-ասաց Քրիսթինե Վայգանդը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31