Հարցազրույց վինագործ վարպետ Անդրանիկ Գայբարյանի հետ
Մեր զրուցակիցը ոչ սովորական և խորհրդավոր մի մասնագիտություն ունեցող անձ է՝ վինագործ վարպետ Անդրանիկ Գայբարյանը, որը զբաղվում է ջութակների և աղեղնավոր այլ գործիքների ստեղծմամբ, վերանորոգմամբ։ Մեր հայրենակիցն ապրել և ուսումը ստացել է Ռոստովում։ Ավարտելով կոնսերվատորիան՝ ջութակ մասնագիտությամբ, հետագայում աշխատել է այնտեղ՝ ռեստավրացիոն բաժնում, այնուհետև դասավանդել է նաև կոնսերվատորիայում։ Սակայն ջութակագործության նկատմամբ հետաքրքրությունը շատ շուտով վերածվում է նրա կյանքի գործի։ Այժմ Անդրանիկ Գայբարյանն ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում։ Նրա ստեղծած գործիքներով նվագում են աշխարհում հայտնի շատ երաժիշտներ, որոնք բարձր գնահատական են տալիս մեր հայրենակից վինագործ վարպետի աշխատանքներին։
Օրերս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևան էր ժամանել Անդրանիկ Գայբարյանը։ Սիրով զրուցել ենք վարպետի հետ:
– Որտեղի՞ց է ծնվել հետաքրքրությունը վինագործի մասնագիտության հանդեպ:
– Ինձ միշտ ձգել է վինագործի մասնագիտությունը: Միշտ հետաքրքիր էր լսել զրույցներ, պատմություններ Ստրադիվարիուսի մասին, թե ինչպես է տարիներ շարունակ մշակել փայտը՝ ջութակ ստեղծելու համար։ Ինձ համար դա գերբնական մի բան էր։ Այս աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը ծագել է, երբ 14-15 տարեկան էի։ Ես սկսեցի ավելի հարմարավետ դարձնել իմ գործիքը, այլ տարրեր բարելավել, հետո նույնն անել ընկերների համար։ Ավելի ուշ ինչ-որ մեկը խնդրեց նորոգել ջութակը, ընդ որում, ամեն ինչ անում էի՝ չունենալով հատուկ գործիքներ։ Ես ավարտեցի ուսումնարարանը, ընդունվեցի կոնսերվատորիա, ծանոթացա ուսուցչիս՝ Արայիկ Ռեսյանի հետ՝ հրաշալի ջութակահար, ֆիլհարմոնիայի մենակատար, որի երկացանկում Պագանինիի բոլոր 24 կապրիսներն էին։ Նա նույնպես ջութակագործ էր։ Ես նրան ցույց տվեցի իմ աշխատանքը, և շուտով միասին սկսեցինք վերանորոգել երաժշտական գործիքներ։
-Ե՞րբ եք ստեղծել Ձեր առաջին գործիքը։
-Դա 1989 թվականին էր, երբ ավարտեցի կոնսերվատորիան։ Շատ կուզենայի այժմ տեսնել այն, կարծում եմ՝ այն ինչ-որ անճոռնի մի բան է եղել։ Ինքս եմ ամեն ինչ արել, ոչ ոք չի օգնել։ Հետո գնացի Մոսկվա, որտեղ ԱՄՆ մեկնող էմիգրանտները այդ ջութակի համար ինձ տվեցին 300 դոլար։ Մեկնելուց առաջ նրանք փնտրում էին՝ ինչ-որ բան գնելու համար, որպեսզի այնտեղ վաճառեին։ Հիմնականում ձեռք էին բերում մշակույթի գործեր։ Ջութակը վատ չէր հնչում, նրանով կարելի էր շատ լավ նվագել։ Բայց հիմա՝ տարիներ անց, երբ փորձ եմ ձեռք բերել, հասկանում եմ, որ այն շատ պարզունակ էր արված։
-Դուք երկար ժամանակ եք ապրում ԱՄՆ-ում։ Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք այնտեղ։
-Դա 2002 թվականին էր, իսկ դրանից տասը տարի առաջ հյուրընկալվել էի ԱՄՆ-ում։ Լինելով երաժշտական խանութում՝ հասկացա, որ ԱՄՆ-ում աշխատանքի ավելի մեծ հնարավորություն կա, շատ էր մասնագիտական ինֆորմացիան, թեև այդ ժամանակ Ռուսաստանում նույնպես քիչ-քիչ հեռանկարներ էին նշմարվում։ Ամերիկայում համակարգիչ գնեցի, որպեսզի փնտրեմ և ուսումնասիրեմ հատուկ գրականություն։ Վերադառնալով տուն՝ զգում էի, որ ինձ ավելի շատ մասնագիտական տեղեկություններ են անհրաժեշտ, և ուղղակի խեղդվում էի դրա պակասից։ Մտածում էի տեղափոխվել Մոսկվա, Եվրոպա, բայց ստացվեց այնպես, որ գրին քարտ շահեցինք, և ամեն ինչ թողեցինք ու մեկնեցինք ԱՄՆ։
-Եվ ինչպե՞ս ընթացան գործերն Ամերիկայում։
-Առաջին մի քանի ամիսը դժվար էր։ Իսկ ընդհանրապես, եթե անկեղծ լինեմ, առաջին մի քանի տարին էր շատ դժվար։ Մենք փոքր մի քաղաքում էինք ապրում, և մտավախություն ունեի, որ իմ մասնագիտությամբ աշխատանք չեմ գտնի։ Բայց զանգեցի այն խանութ, որտեղ ժամանակին իմ ջութակն էր վաճառվել, և բախտս բերեց։ Խանութի սեփականատերն ինձ հիշեց ու հրավիրեց իր մոտ։ Խանութում գլխավոր վարպետի ազատ հաստիք կար։ Հիմա ես զարմացած եմ՝ ինչպես նա աշխատանքի ընդունեց մի մարդու, որն անգլերեն չգիտեր։ Խանութի աշխատողները բառարան էին գնել, և դրա օգնությամբ մենք հաղորդակցվում էինք։ Ինձ համար հեշտ էր, քանի որ լուռումունջ իմ գործն էի անում, գիտեի՝ ինչ անել, ինչպես վերականգնել գործիքը։ Աստիճանաբար սովորեցի նաև լեզուն։
Հետո ես արդեն ծանոթացա իմ մեծ ընկերոջ՝ ալտահար Միխայիլ Զարեցկիի հետ։ Նա, ի դեպ, Մոսկվայի կոնսերվատորիան է ավարտել Տրետյակովի, Սպիվակովի, երաժիշտների հայտնի աստղաբույլի հետ։ Նրան դուր եկավ իմ աշխատանքը, և ձեռք բերեց իմ պատրաստած ալտը, հետո նաև՝ ջութակը։ Միխայիլն ինձ շատ է օգնել՝ կազմակերպելով հանդիպումներ մենակատարների հետ, որոնք գալիս էին հյուրախաղերի՝ Վադիմ Ռեպին, Նիկոլայ Շնայդեր, Էլիզաբեթ Բատիաշվիլի, Ցուկերման և այլք։ Ես հնարավորություն ունեի նրանց ցույց տալու իմ գործիքները ու կողմնորոշվելու՝ որ ուղղությամբ շարունակել աշխատել։ Դա ինձ շատ էր օգնում։
-Դուք ժամանակ գտնո՞ւմ եք նվագելու համար։
-Որպես երաժիշտ վաղուց չեմ նվագում։ Բայց քանի որ մշտապես պետք է փորձեմ գործիքների հնչողությունը, կողմնորոշվել, թե ինչ նյութեր պետք է գնեմ աշխատելու համար, ամբողջ ընթացքում նվագում եմ։
-Հայտնի է, որ ջութակները պատրաստում են որոշակի տեսակի փայտից։ Որտեղի՞ց եք Դուք փայտը ձեռք բերում։
-Կան հատուկ մարդիկ-պրոֆեսիոնալներ, որոնք երաժշտական գործիքների համար պատրաստում են նյութեր։ Ես կիրառում եմ այնպիսի նյութ, որը ժամանակին կիրառել են իտալացի հայտնի վարպետներ Ամատին, Ստրադիվարիուսը, Գվարներին։ Դա հիմնականում հարավսլավական թխկի է Բոսնիայից, Խորվաթիայից, Սլովենիայից։ Եվ եղևնու փայտ, որը կիրառվում է գործիքի վերին մասը պատրաստելիս։ Այս փայտը մեծ առաձգականություն ունի, ինչը թույլ է տալիս ստանալ բասային նոտաների հրաշալի հնչողություն։ Լավ, բայց ոչ էժան մատերիալ է, սակայն գնել հնարավոր է։ Իմ գործունեության առաջին տարիներին աշխատում էի գնել 10-15 տարվա հնեցված փայտանյութ։ Սովորաբար փայտանյութը պետք է հնեցվի ոչ պակաս, քան 3 տարի՝ ինչպես կոնյակը։ Բայց ավելի լավ է օգտագործել 5-10 տարվա փայտանյութ։ Ջութակի պատրաստման հիմնական գաղտնիքը թաքնված է փայտի որակի մեջ։
-Ջութակ ստեղծելիս Դուք առաջնորդվում եք հինավուրց տեխնոլոգիաներով՝ դասական մեթոդներով։ Եվ հետաքրքիր է՝ որքա՞ն ժամանակում եք պատրաստում գործիքը։
-Իրականում այսօր գործիքների պատրաստման տեխնոլոգիաները դասավանդում են համապատասխան դպրոցներում։ Ջութակագործություն կարելի է սովորեցնել 2 տարվա ընթացքում։ Բայց պատրաստել լավ գործիք, շատ քչերը կարող են, քանի որ դա շատ երկար պրոցես է։ Այս գործի մեջ միաձուլվում են տարբեր տարրեր. առաջին հերթին կարևոր է, թե ինչպես է լսում վարպետը, ինչ երաժշտություն է նա սիրում ունկնդրել, պետք է տիրապետել ճիշտ հնչողության չափանիշներին։ Շատ կարևոր են վարպետի կողմից մշակված որոշակի միջոցները։ Երբ ես իմ աշակերտներին բացատրում եմ՝ ինչպես պատրաստել ջութակ, նրանք տարբեր հարցեր են տալիս։ Ի պատասխան՝ միշտ ասում եմ՝ պետք է ձեզ համար մշակեք մի համակարգ, որի դեպքում կկարողանաք ճշգրտությամբ կրկնել նախկինում ձեր արածի 90 տոկոսը։ Հետո արդեն, կարող ես նաև տարբերվող բաներ անել։
-Ջութակագործությունը շատերը համեմատում են ոսկերչության հետ…
-Այո՜, այս գործն ունի իր նրբությունները, որ պահանջում են ոսկերչական հմտություններ։ Բայց եթե ոսկերչությունը կապված է վիզուալ ընկալման հետ, ապա ջութակագործության մեջ գլխավորը հնչողությունն է։
-Ձեր ջութակներն ունե՞ն հեղինակային տարբերակիչ նշան։
-Գործիքի մեջ գաղտնի հատվածներ կան, որտեղ ես դաջում եմ այդ նշանը՝ իմ անվան առաջին տառերը։ Բացի այդ, ես ամրացնում եմ պիտակ, որտեղ նշվում է ստեղծման տարեթիվն ու իմ ազգանունը։
-Դու առաջին անգա՞մ եք Հայաստանում։
-Ես երկու անգամ եղել եմ Հայաստանում՝ դեռ Խորհրդային տարիներին։ Երևան եկել եմ հյուրախաղերով Ռոստովի «Անի» ժողգործիքների անսամբլի հետ, իսկ վերջին անգամ Հայաստանում եղել եմ 1988 թվականին։
Զրուցեց Ելենա ԳԱԼՈՅԱՆԸ