Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ-ն հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել․ «Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:
Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով»։
«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այս առիթով նախ նշեց․ «2018թ․ հետո վարչապետի կին Աննա Հակոբյանը քանիցս հագել է զինվորական համազգեստ եւ ամուսնուն ուղեկցել զորամասեր։ Ինչո՞ւ։ Պետության ղեկավարի կինն ի՞նչ գործ ունի բանակի համազգեստով, առհասարակ՝ ռազմական համազգեստով շրջելուց։ Այն կնոջ մասին է խոսքը, որ պատերազմից առաջ մեկնել էր Արցախ եւ առաջնագծում կոչ էր անում հալել զենքերը, փամփուշտներն ու դրանցից կանացի զարդեր պատրաստել։ Խաղաղասեր կինը զինվորական համազգեստ է հագնո՞ւմ։ Բացի այդ, նա պատերազմից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի սկզբին, անհասկանալի կանանց մի խմբի հետ 7-օրյա զորավարժանքներ էր արել Արցախի ՊԲ զորամասերից մեկում։ Ի՞նչ ծրագրով, ի՞նչ նպատակով։ Լուսանկարներ էին տարածում՝ ֆենված, շպարված, ավտոմատով․․․ո՞րն էր այս ամենի նպատակը»։
Էդգար Ղազարյանը շարունակեց․ «Իսկ պատերազմի ժամանակ, երբ զորահավաք էր, կանանց «Էրատո» ջոկատ է ստեղծվում, որն իբր թե մեկնում է մարտական առաջադրանք կատարելու։ Զինծառայության հետ երբեւէ առնչություն չունեցող մարդիկ, էլ չասած կանայք, ինչո՞ւ պետք է մեկնեն մարտական առաջադրանք կատարելու։ Սրա նպատակը ծաղրն է։ Ծաղրի են վերածում մահը, պատերազմը․․․նույնը հիմա է կատարվում։ ՊՆ-ն հայտարարում է, որ զինծառայություն չանցած մարդկանց համար կազմակերպվում են կրակային վարժանքներ, սննդի հարցն էլ լուծում է ՊՆ-ն։ Այսինքն, պիկնիկ են կազմակերպում այն դեպքում, երբ ՀՀ-ի վրա կա ռազմական ներխուժում, երբ ՀՀ գերիշխող դիրքերն անցել են թշնամուն, երբ չի հայտարարվել ռազմական դրություն եւ անգամ մասնակի զորահավաք չկա։ Եվ ՊՆ-ն պիկնիկ է անում՝ հատկապես կանանց եւ աղջիկների համար, ընդ որում՝ շաբաթ-կիրակի։ Այսինքն, պատերազմը զվարճանքի եւ ծաղրի են վերածում։ Երբ երկրի վրա ներխուժում կա, զորահավաք պետք է հայտարարվի, եւ բոլոր զինվորականներն ու սպաները պետք է ըստ բանակի կարիքների զորակոչվեն, կցվեն զորամասերին եւ կատարեն մարտական առաջադրանքներ։ Ի՞նչ կանանց մասին է խոսքը։ Սա ինչի՞ց է գալիս՝ Աննա Հակոբյանի հոդվածից այն մասին, թե ինչու կանայք ժամանակին չեն արձագանքել «մեծն ռազմական առաջնորդի» ռազմական կոչին, եւ կանանց ջոկատը սահմանափակվել է միայն «Էրատո»-ով։ Պատերազմի սպառնալիքը վերածում են ծաղրի եւ պիկնիկի»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ կհնչեն գնահատականներ, որ կանայք եւս պետք է ներգրավվեն երկրի պաշտպանության գործում, որ նախկինում ես կանայք տղամարդկանց հետ միասին զենք են վերցրել թշնամու դեմ, Էդգար Ղազարյանն ասաց․ «Կանանց ներգրավելու հարաբերությունները եւս կարգավորված են օրենքով։ Սեպտեմբերի պատերազմը նշանավորվեց նրանով, որ հինգ կին զինվորական զոհվեց, ընդ որում՝ խոշտանգումներով։ Այսինքն, կանանց ներգրավվածությունը բանակում կարգավորվում է օրենքներով։ Դա չի թողնվում կամավորականներին կամ վերացական գործունեությանը։ Իսկ այն, ինչ ՊՆ-ն է անում, դրա հետ ոչ մի կապ չունի։ Ավելին՝ այս պահին էլ առաջնագծում մարտական հերթապահություն են անում կամավորականները։ Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի է, որովհետեւ արցախյան պատերազմի հաջողությունները եղել են կամավորական ջոկատների կողմից։ Բայց երբ բանակն արդեն իսկ ձեւավորված է այսօր, կան ստորաբաժանումներ, ի՞նչ կամավորների մասին է խոսքը, երբ բանակն ունի նաեւ հաշվառված ռեզերվ։ Եթե բանակին պետք է հրետանավոր, ապա կանչում են ռեզերվից եւ կցում զորամասին։ Այս խնդիրը եղավ նաեւ 2020թ․-ի ժամանակ, երբ կար զորահավաք, բայց առաջնագիծ էին ուղարկում կամավորականներին։ Հիմա էլ փորձում են սպասվող պատերազմում հնարավորինս շատ մարդ սպանել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ