Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, ինչպես առավոտյան հայտարարել էին համալսարանի բակում, երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու իրենց բուհը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ ՀՀ կառավարություն որոշման նախագծին:
Նրանց երթն ընթանում էր «Ուսանողը հաղթելու է», «Չենք ձուլվելու», «Բրյուսովը սեր է» եւ այլ վանկարկումներով: Բրյուսովցիները կոչ արեցին մյուս բուհերի ուսանողներին միանալ իրենց երթին, որպեսզի, նրանց ձեւակերպմամբ՝ վաղը վերջիններս էլ ստիպված չլինեն իրենց պես քայլել:
«Աշխարհում շարժիչ ուժը ուսանողներն են, չպետք է ուսանողի ձայնը լռեցնել, ուսանողը երբեք ձեզ համար խաղալիք չի լինելու, ուսանողը հաղթելու է»,-ասաց մի ուսանողուհի:
«Բրյուսովի անվան պետական համալսարանը եղել է, կա ու պետք է լինի որպես Բրյուսովի պետական համալսարան»,-ասաց մեկ ուրիշ բրյուսովցի: «Մենք մեր կրթության իրավունքի տերն ենք, հզոր Հայաստանի հիմքը կրթությունն է, եւ մենք պետք է ունենանք կրթության իրավունք… Տապալել կրթական ոլորտը՝ նշանակում է ոչնչացնել պետությունը… Չենք թողնելու ոչնչացնել պետությունը»,-ասում էր ցուցարար բրյուսովցիներից մեկը:
Կարդացեք նաև
«Մեր նպատակը ոչ թե շենքային է, այլ մեր բրենդը չկորցնելն է… Մեր կառավարության նպատակը լճացման տանելն է, երեւի այդպես հեշտ է կառավարելը»,-ասաց ուսանողներից Արգամ Սարգսյանը: Հավելեց, որ իրենք անդրդվելի են, ավելին՝ իրենց ծնողները եւս պատրաստ են կանգնել իրենց կողքին:
Ուսանողները սպասեցին կառավարության շենքի մոտ՝ մինչեւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նամակ կհանձնեին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Բրյուսովի ՈՒԽ-ի