Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը չի սգացել մեր զինվորների կորուստը, բայց Արսեն Թորոսյանին եւ Արարատ Միրզոյանին մեծ ցավ է պատճառել Թուրքիայի պայթյունը»

Հոկտեմբեր 17,2022 14:37

«Ո՞վ է նրանց լիազորություն տվել հայ ժողովրդի անունից խոսելու։ Ամեն ողբերգություն ողբերգություն է, առավել եւս, երբ անմեղ մարդիկ են զոհվում, բայց Արսեն Թորոսյանին եւ Արարատ Միրզոյանին հիշեցնեմ, որ սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ թուրքական արտադրության ԱԹՍ-ներով հարձակվեց ՀՀ-ի վրա, եւ զոհվեցին ավելի քան 200 զինվորներ։ Մինչեւ օրս մեր զոհված զինվորների մարմիններն առաջնագծում են՝ ադրբեջանցիների զավթած դիրքերում։ Ոչ միայն չեն հանձնում մարմինները մեզ, այլեւ թույլ չեն տալիս, որ մենք դուրս բերենք ու հողին հանձնենք»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում ածխահանքի պայթյունի առիթով հղած ցավակցություններին՝ ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նա շեշտեց, որ վերոնշյալից բացի՝ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո մինչ օրս Եռաբլուրում ամեն օր հուղարկավորություններ են, իսկ ՀՀ իշխանություններն անգամ ցավակցական խոսքեր չեն հնչեցրել, պաշտոնյաները հուղարկավորություններին չեն մասնակցել․ «Դրանք դարձել են սովորական բան, եւ այդ մասին խոսք չկա։ Անգամ երկրում սուգ չի հայտարարվել։ Պետությունը չի սգացել հայրենիքի հարյուրավոր պաշտպանների կորուստը, բայց Արսեն Թորոսյանին եւ Արարատ Միրզոյանին մեծ ցավ է պատճառել Թուրքիայում այդ պայթյունի զոհերի փաստը»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի հոկտեմբերի 15-ի հայտարարությանը, որ ՊՆ պայմանագրային զինծառայողը հակառակորդին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել, Էդգար Ղազարյանը նախ հիշեցրեց, որ օրերս Աստանայում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմին է փոխանցել բոլոր ականապատ դաշտերի քարտեզները․ «Այսինքն, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, որ թշնամուն է փոխանցել գաղտնի, ռազմական տեղեկությունների ամբողջական փաթեթը, ասել է, որ ականազերծման համար կպահանջվի երեսուն տարի եւ միլիոնավոր դոլարներ։ Փաստորեն, Ադրբեջանի նախագահն այդ տեղեկությունները գնահատել է միլիոնավոր դոլարների։ ԱԱԾ, չեք մտածո՞ւմ, որ ծիծաղի առարկայի եք վերածվում։ Քանիցս ասվել է, որ հոկտեմբերի վեցին Արցախի ՊԲ հրամանաշտաբային կետ մտնելու իրավունք չունեցող Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ մտել է այդ կետ, իմացել պլանավորվող ռազմական գործողության մասին եւ Երեւան վերադառնալուց հետո երեք գրառումներով եւ հարցազրույցով իրեն հասանելի դարձած տեղեկությունները փոխանցել է թշնամուն, եւ դա եղել է մեր կորուստների հիմնական պատճառը։ Ինչո՞ւ այս դեպքի առիթով քրեական գործ չեք հարուցել, նրան թողել եք ազատության մեջ, ինչո՞ւ չեք կանխել։ Փոխարենը «ֆիլմ» եք նկարում՝ 200 դոլարանոց տեղեկությունը թշնամուն փոխանցելու մասին։ Ափսոս ԱԱԾ-ն, որ նվիրական ծառայողներ է ունեցել, իսկ հիմա հայտնվել խեղկատակի կարգավիճակում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31