Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական խորհուրդն այսօր որոշել է ԵՄ-ի շուրջ 40 մոնիտորինգային փորձագետներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկուցման նպատակով:
Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես արձանագրված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի խոսքը. «Այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու երկրների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։ ԵՄ-ի կողմից մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետների տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով նպատակ ունի վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը վտանգի տակ է դնում մարդկային կյանքեր և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու վերջնական նպատակին հասնելու ԵՄ լիակատար հանձնառության ևս մեկ ապացույց է:
ԵՄ դիտորդական կարողությունների արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ մոնիտորինգի փորձագետները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։ Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ամեն բան անում է, որպեսզի Վրաստանում մոնիտորինգային առաքելությունը դրանից չտուժի: Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն չի տևի երկու ամսից ավելի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ