Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրահայում եւ Աստանայում Փաշինյանի ասած անմիտ թեզն անգամ Ադրբեջանը չի կրկնել երբեւէ»․ Էդգար Ղազարյան

Հոկտեմբեր 17,2022 13:47

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 14-ին կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում ՀՀ-ն մեկուսացած կարգավիճակում էր, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի մասնակցությունից, որեւէ այլ կարգավիճակով հանդիպումներ չի ունեցել։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Անկախության շարժման» հիմնադիր, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Որպես օրինակ նա վկայակոչեց, որ Աստանայում հանդիպել են ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը, ՌԴ նախագահն ու Թուրքիայի նախագահը, այլ երկրների ղեկավարներ եւս երկկողմ հանդիպումներ են ունեցել, իսկ Փաշինյանը՝ ոչ մի․ «Բազմակողմ ձեւաչափում միայն ԱԳ նախարարն է հանդիպել Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հետ, որի ժամանակ պաշտոնապես դժգոհություն է հայտնել ՌԴ-ից եւ ՀԱՊԿ-ից ակնկալվող աջակցության առիթով։ Դրան, սակայն, հաջորդել է ՌԴ ԱԳ նախարարի պատասխանը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է ՀՀ-ն, եւ նախագահողը պետք է հրավիրի խորհրդի նիստ, որպեսզի կայացվեն որոշումներ։ Փաստորեն, Փաշինյանը չի հրավիրում նիստ, բայց դժգոհում է ՀԱՊԿ-ից, սաբոտաժի ենթարկում կառույցի աշխատանքը»։

Սրան զուգահեռ, Էդգար Ղազարյանի խոսքով, տարօրինակ է, որ ՌԴ-ից ռազմական օգնություն ակնկալող Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում չի ունենում Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու այդ հարցը․ «Սա տարօրինակ է, որովհետեւ խնդիրը ռազմական օգնության մասին է խոսքը՝ մեր երկրում օտար պետության զորքերի ներխուժման հետեւանքը վերացնելու, դուրս հանելու համար։ Փաշինյանին բացարձակ չի հետաքրքրում ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակը եւ ՀԱՊԿ-ին ներկայացված ՀՀ-ի դիմումի ճակատագիրը։ Ավելին, ԱՊՀ երկրների գլխավոր օրակարգային հարցերից մեկն այն էր, որ ԱՊՀ-ն դիմում ներկայացնի ՀԱՊԿ-ին՝ կառույցում դիտորդի կարգավիճակ ունենալու համար։ Սա կարեւոր է ՀԱՊԿ-ի ուժեղացման համար, որովհետեւ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները նաեւ ԱՊՀ անդամ են, բայց ԱՊՀ անդամ ոչ բոլոր երկրներն են ՀԱՊԿ անդամ, այդ թվում՝ Ադրբեջանը։ Եվ երբ ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակի հնարավորություն է տրվում, այդ թվում՝ Ադրբեջանն է որոշակի իմաստով դառնում ՀԱՊԿ աշխատանքների մասնակից։ Այս որոշումը ՌԴ-ի համար կարեւոր նշանակություն ունի, եւ ՀՀ-ն «վետո»-ի իրավունք է կիրառել, հարցի քննարկումը հանվել է օրակարգից։ Այս դիրքորոշմամբ եւս Փաշինյանն արտահայտեց Ադրբեջանի շահերը, որովհետեւ Ադրբեջանը գուցե չէր ուզում ածանցյալ ձեւով առնչվել ՀԱՊԿ-ին։ Ադրբեջանի նախագահը տեղում նստած չասաց, որ ինքը դեմ է, բայց եւ նրա փոխարեն նրա ցանկությունն արտահայտեց իր հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանը»։

Ինչ վերաբերում է Աստանայում Փաշինյանի հետեւյալ հարցադրումներին՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր, եւ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչո՞ւմ են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր, Էդգար Ղազարյանը շեշտեց․ «Նման հարցադրումները, այդ թվում՝ 91թ․-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ, ուղղակի դիվանագիտական անգրագիտության հետեւանքներ են, որովհետեւ ՀՀ-ն 91թ․-ին ԱՊՀ-ին անդամակցել է՝ ունենալով մեկ հիմնադիր փաստաթուղթ՝ ՀՀ անկախության մասին հռչակագիրը, որն էլ հղում է անում 89թ․-ի ՀՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին համատեղ որոշմանը․․․այդ հռչակագրով հիմնադրված եւ ԼՂ-ի հետ վերամիավորված ՀՀ-ն ճանաչվել է եւ ԱՊՀ-ի կողմից, եւ ՄԱԿ-ի, եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Իսկ միջազգային կառույցներին անդամակցելը պետությունների սահմանների ճանաչելիության հարց չի լուծում։ Ավելին։ ԱՊՀ-ին անդամակցած ՀՀ-ն եւ Ադրբեջանը մինչեւ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ պետությունների միջեւ սահմանների ճանաչումն իրականացվում է առանձին՝ երկկողմ պայմանագրերով։ Ուստի միջազգային կառույցին անդամակցելը կապ չունի պետության սահմանները ճանաչելու հետ։ Ուստի Պրահայում եւ Աստանայում դրան հղում անելն անմտություն է, որովհետեւ Փաշինյանը հիմք ընդունեց ոչ թե ՀՀ հիմնադրման հիմքերը, այլ միջազգային կառույցին անդամակցությունը։ Սա անմիտ թեզ է, որն առաջին անգամ շրջանառել է Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացում։ ԼՂ խնդրի կարգավորման ընթացքում անգամ Ադրբեջանը երբեւէ չի ասել նման բան»։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ նման անմիտ թեզը Փաշինյանն առաջ է քաշել, որովհետեւ քաղաքական որոշում է կայացրել՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31