«Էրդողանն Աստանայից վերադառնալու ճանապարհին ԶԼՄ-ներին ասում է, որ «Զանգեզուրի միջանցքի» առիթով ինքը որեւէ խնդիր չի տեսնում եւ հղում է անում հոկտեմբերի վեցին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումներին՝ միջանցքում եւ պաշտոնապես։ Այդ հանդիպումներից հետո Էրդողանը Փաշինյանից, ըստ էության, հավաստիացումներ է ստացել, որ խնդիր չի տեսնում, եւ հիմա այդ մասին ասում է ԶԼՄ-ներին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով օրերս Աստանայից վերադառնալիս Թուրքիայի նախագահի հետեւյալ հայտարարությանը․ «Ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»։
Էդգար Ղազարյանը նշեց․ «Իսկ թե ինչ է «Զանգեզուրի միջանցքն» Էրդողանի տրամաբանությամբ, ապա այն սահմանված է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված Շուշիի հռչակագրով, որում խոսք կա նաեւ ՀՀ տարածքի՝ Սյունիքի եւ Վայոց ձորի օգտագործման մասին»։
Ինչ վերաբերում է Աստանայի հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններին, ապա, Էդգար Ղազարյանի խոսքով․ «Դրանք ուղիղ ռազմական սպառնալիքներ են պարունակում եւ վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարում նրա այն պահանջները, որոնց վերաբերյալ նախապես խոստումներ էր տվել՝ Սյունիքը միջանցքի ձեւով հանձնելու վերաբերյալ։ Ալիեւը հոխորտացել է, թե համբերատար են սպասում, եւ դա անսահման չի ու համարժեք են արձագանքելու։ Սա պատերազմի ուղիղ սպառնալիք է եւ նշանակում է, որ Փաշինյանն իր ԱԳ նախարարի հետ շարունակում են փչացնել մեր հարաբերությունները եղած դաշնակիցների հետ եւ Հայաստանին տանում են նոր ու կործանարար պատերազմի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ ըստ Al-monitor.com-ի՝ ավելի վաղ Պրահայում կայացած հանդիպումների ժամանակ Էրդողանը Փաշինյանից պահանջել էր հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ