Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբեր 17,2022 13:19

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:


Հայաստանի հավաքականները բավական հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում և նվաճել 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Երևանում անցկացված առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սպասելիքները, միանշանակ, գերազանցվել են. «Առաջնության մեկնարկին կանխատեսում էի, որ կկարողանանք 15 մեդալ նվաճել, բայց մրցումային երկրորդ օրը մեր մարզիկներն արդեն այդ թիվը գերազանցեցին։ Սա իսկապես գոհացնող արդյունք է։ Սամբոն այն մարզաձևն է, որտեղ մենք միշտ լավ արդյունքներ ենք գրանցել և շարունակելու ենք գրանցել»։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս մեր թիմերի արդյունքները գոհացնող է համարել: Հայրապետյանը նաև նշել է՝ միջազգային գործըկերները տպավորված են Հայաստանում կազմակերպված մրցաշարով․ «Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները խոստովանում են, որ նմանօրինակ առաջնություն՝ թե՛ կազմակերպչական առումով, թե՛ բացման գեղեցիկ արարողությամբ, երբևէ չէին տեսել։ Այս առաջնությունը, իսկապես, հավակնում է պատմության մեջ լավագույներից մեկը համարվելու, և մենք շատ հպարտ ենք այդ առիթով»։


Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Միջոցառումն ուղեկցվել է ձայնային և լուսային գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցաշար. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի: Հետաքրքիր է նաև, որ սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և որպես մարզաձև՝ հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է պարունակում»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է այս մարզաձևում նշանակալի հաջողություններ գրանցած հայ մարզիկներին. «1981 թվականին Գառնիկ Հովհաննիսյանն առաջին անգամ նվաճեց սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր մարզիկները բազմիցս բարձր են պահել նախ Խորհրդային Միության, ապա անկախ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը: 12 մարզիկ, այդ թվում՝ երկու կին՝ Քրիստինե Նաջարյանն ու Արևիկ Կարապետյանը, տարբեր տարիների արժանացել են սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նրանցից շատերը նաև Եվրոպայի չեմպիոններ են»:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը և այլք:

Առաջնության շրջանակում անցկացվել է նաև սպորտ+բիզնես ֆորումը, որի ընթացքում  քննարկվել են սպորտային մարքեթինգին վերաբերող խնդիրներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31