Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել եւ չեն հանձնվելու. Մխիթարյան միաբանության հարկի տակ տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը

Հոկտեմբեր 17,2022 13:06

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն այս տարի ևս, արդեն երկրորդ անգամ անցկացվել է հայ ժողովրդի համար մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հարկի տակ:

Գիտելիքի և իմաստնության այս տաճարում հավաքվել են մարդասերներ ամբողջ աշխարհից՝ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին և 2022 թ. մրցանակը շնորհելու դափնեկրին:


«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։

Խոսելով «Ավրորայի» ստեղծման և նշանակության մասին՝ «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է. «Երբ մենք սկսեցինք այս նախագիծը, 2015 թվականն էր եւ, ըստ էության, այն ութամյա հանձնառություն էր՝ խորհրդանշելով 1915 եւ 1923 թվականները, երբ փոխվեց մեր ազգի ճակատագիրը: Երբ սկսեցինք, մտածում էինք, որ մենք երեքս՝ Վարդանը, Ռուբենը եւ ես, այն կիրականացնենք ութ տարի, քանզի կարծում էինք, որ դա երկար ժամանակ է Ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար: Բայց ժամանակի ընթացքում մենք սկսեցինք գիտակցել, թե այս նախաձեռնությունը ինչ ազդեցություն կարող է գործել: Եվ ամենակարեւորը՝ այն, ինչ մեզ թողել է Վարդանը, մենք պետք է այն դարձնենք տեւական»:

Նա տեղեկացրել է, որ ստեղծվել է «Վարդան Գրեգորյան» մարդասիրական հիմնադրամը՝ պահպանելու և ողջ աշխարհով մեկ մարդասիրական նախաձեռնություններն ընդլայնելու նպատակով:

«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ավրորան» հիմք է տալիս վստահ լինելու, որ անկախ բոլոր մարտահրավերներից, անկախ բոլոր ճգնաժամերից, որոնց «Ավրորայի» հերոսները բախվում են ողջ աշխարհում, նրանք այն մարդիկ են, որոնք հիանալի աշխատանք են կատարում և առաջնորդների այն օրինակն են, որոնց պետք է հետևել: «Մենք պետք է ունենանք մարդիկ, որոնք կլինեն, այսպես ասած, բարոյական հեղինակություններ: Եվ ես ուզում եմ անձնապես շնորհակալություն հայտնել, որ դուք դա անում եք մեզ համար, որովհետեւ արցախյան պատերազմից հետո մենք ոչ միայն հող ենք կորցրել, այլեւ հազարավոր տաղանդավոր երիտասարդների, մենք կորցրել ենք վստահությունը մեր հանդեպ։ Կարծում եմ՝ տեսնելով ձեր պատմությունները, տեսնելով, թե ինչ եք անում աշխարհի բոլոր այդ հատվածներում, դուք ինձ ուժ եք տալիս, եւ ես հավատում եմ, որ առաջնորդների հիմնական խնդիրը պետք է դառնա աշխարհն այս ճգնաժամից դուրս բերելը»,– ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նա նշել է, որ շատ էր քննարկվում ներկայիս իրավիճակում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության նպատակահարմարության հարցը, բայց որ «Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել և չեն հանձնվելու. «Կարծում եմ, սա կարեւոր ուղերձ է աշխարհին»։


«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի Կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին, ներկայացնելով 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, նշել է, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ թեկնածուների անուններ են ստացվում: «Ձգտելով բարեփոխել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ «Ավրորան» աջակցում է մարդասիրության ոլորտի անհայտ հերոսներին եւ ճանաչման արժանացնում նրանց խիզախ աշխատանքը։ Սրանք աշխարհի տարբեր ծայրերում արտասովոր մարդկանց տոկունության եւ ուժի վկայությունն են, որոնց մարդկային ոգին ստիպում է օգնել ուրիշներին՝ իրենց դնելով աներեւակայելի վտանգի մեջ»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է 2022 թվականի մրցանակի դափնեկրի՝ Ջամիլա Աֆղանիի անունը։

«Այսօր իմ ժողովրդին, իմ երեխաներին արգելում են դպրոց գնալ միայն այն պատճառով, որ նրանք երիտասարդ աղջիկներ են։ Իմ քույրերին արգելում են աշխատել եւ գումար վաստակել, քանի որ նրանք կին են։ Սա ամենամեծ պատիժն է, որ որեւէ մարդ արարած կարող է ստանալ սեփական երկրում՝ սեփական ժողովրդից։ Երբեմն մեզ թվում է, որ մարդկայնությունը վերացել է աշխարհից։ Բայց «Ավրորան» ապացուցում է, որ մարդկայնություն դեռ կա, եւ մարդասիրության ոլորտի գործիչներն իսկապես կիսում են Աֆղանստանի ժողովրդի ցավն ու տառապանքը։ Եվ ահա դուք կանգնած եք մեր կողքին եւ ձեր օգնության, ձեր աջակցության ձեռքն եք մեկնում իմ ժողովրդին, երբ նրանք դրա խիստ կարիքն ունեն»,- նշել է Ջամիլա Աֆղանին։

Ներկաները երախտիքի և շնորհավորանքի խոսքեր են հղել դափնեկրին՝ մաղթելով հաջողություն մարդասիրական իր դժվարին գործունեության մեջ:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021): Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:

IDeA հիմնադրամ

Լուսանկարները՝ Victor Boyko/Getty Images «Ավրորայի» համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31