Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնությունը եւ պատկանելության տարածքը

Հոկտեմբեր 17,2022 14:00

«Աշխարհագրությունը ճակատագիր է». Նապոլեոն Բոնապարտ

Ազգային ինքնության, Հայաստան-սփյուռք հարաբերությունների, սփյուռքի ներգրավման հարցերը հայկական համաշխարհային ազգի եւ հայկական պետության հետագա զարգացման կարեւորագույն առանցքն են: Նշված հարցերի շուրջ հարցադրումների եւ ուսումնասիրությունների հնարավորություն են ընձեռում ազգի երկու հատվածների` պետության եւ սփյուռքի միջեւ համագործակցության հնարավոր արդյունավետ ուղիների որոնումը: Երեք հոդվածներից բաղկացած այս շարքը նպատակ է հետապնդում Սփյուռքի ներգրավմանը վերաբերող քննարկումները խրախուսելը:

Աշխարհում շատ է խոսվում գլոբալիզացիայի մասին: Միեւնույն ժամանակ, ցանկացած երկիր փորձում է աշխարհի շուրջ երկու հարյուր երկրների շարքում իր ինքնությունը ներկայացնել, այն ուրիշներին հասկանալի դարձնել: Մեր` հայերիս դեպքում, ինչպես մեծ սփյուռքին, այնպես էլ փոքր Հայաստանին փոխադարձ կապը շատ կարեւոր է: Որքանով Հայաստանն է անհրաժեշտ սփյուռքին, նույնքան էլ սփյուռքը` Հայաստանին: Մասնավորապես, մշակութային, քաղաքական, տնտեսական մոբիլիզացիային ուղղված ջանքերը դիտում եմ որպես անհրաժեշտ ճանապարհ Հայաստան պետության գոյատեւման համար: Իմ խորին համոզմամբ, եթե չլինի Հայաստանի հետ կապը, եթե վերջինս որպես պատկանելության տարածք չընկալվի հայերի համար, սփյուռքը արագ կթուլանա, կուծացվի:

Քաղաքական աշխարհագրության տեսանկյունից ինքնության երեք տեսակից` տարածքային, համայնքային եւ գաղափարական, բազմաշերտ հայկական սփյուռքում ինքնությունը ընդգծված համայնքային է: Տարբեր պատճառներով եւ տարբեր ճանապարհներով հասնելով աշխարհի որեւէ մեկ օտար հատված՝ մարդիկ բնավորվել են, աշխատանք գտել, բիզնես կայացրել, օգտվել տվյալ երկրի ընձեռած հնարավորություններից, դարձել այդ երկրի զարգացմանը նպաստող թեկուզ եւ փոքր մասնիկը: Այդ դժվար ճանապարհն անցնելով՝ նրանք ինքնության հանդեպ քննության առաջ են կանգնել: Եթե կարողացել են ձեւավորել համայնքային կուռ կառույց, եկեղեցի, դպրոց, մշակութային միջոցառումներ, այդ դեպքում հաջողում են պահպանել լեզուն եւ ավանդույթները, գուցե նաեւ սերունդների ուծացումը ինչ-որ չափով կանխել, նրանց կապել հայրենիքի (կամ, առնվազն` հայկականի) հետ:

Մասնագիտական գրականության մեջ (Մանսբախ եւ Ռոդս, 2007) ազգային ինքնության բնորոշման համար հինգ նշաններ են կարեւորվում՝ արյուն (ազգություն), կրոն, մշակույթ, լեզու, քաղաքացիություն: Տարբեր երկրներում ազգային ինքնության նշաններից մեկը կամ մյուսն ավելի գերիշխող են` չնայած որ բոլոր հինգն էլ կարեւոր են: Այսպես, օրինակ, Ֆրանսիայում դա մշակույթն է, Լատվիայում՝ լեզուն, նախկին Հարավսլավիայի երկրներում` հիմնականում՝ կրոնը, Սինգապուրում՝ քաղաքացիությունը: Ասում են «սինգապուրցի եմ», ոչ թե՝ «չինացի եմ», երբ Սինգապուրի բնակչության 75%-ը ծագումով չինացիներ են:

Որպես ազգայինին քննության նշան, հայերի մոտ քաղաքացիության տարրը համեմատաբար թույլ է: «Պետություն», «պետականություն», «քաղաքացի լինել» հասկացությունները պատմական ամուր հենք են պահանջում, որպեսզի վստահաբար կայանան: Իսկ դա աշխատանք է պահանջում, մասնավորապես՝ կապելու պետության հանդեպ վերաբերմունքը ազգային ինքնության եւ պատկանելության տարածքի ընկալման հետ: Վերջերս Լոնդոնում հրատարակված «Ազգային ինքնություն, սփյուռք եւ պատկանելության տարածք» գրքումս (National Identity, Diaspora, and Space of Belonging) որպես ազգային ինքնության բնորոշման հիմք առաջ եմ քաշել լեզվամտածողության եւ տարածքի հանդեպ պատկանելության՝ այս երկու գործոնների համադրված առկայությունը: «Ո՞րն է քո պատկանելության տարածքը» («Where do you belong?») հարցի պատասխանները սփյուռքում հարցվողների կողմից հաճախ դժվար են ձեւակերպվում, հարցին երբեմն արցունքներն աչքերին են պատասխանում: Պատասխանների մեջ լինում է՝ «պատկանում եմ հայկականությանը« («I belong to the Armenianness.»): Իմ համոզմամբ, ազգային ինքնությունը ժամանակի հետ կարող է թուլանալ, եթե մարդկանց մոտ չլինի կամ չձեւավորվի կապվածություն Հայաստանի հետ, թեկուզեւ այն արեւմտահայերենը կրող սփյուռքահայերից շատերը ծագումով Հայաստանի ներկայիս տարածքից չեն:

Հայրենիքի բարգավաճումը, նրանով հպարտություն ապրելը՝ որպես կայուն զարգացող, մշակութային ինքնատիպությամբ առանձնահատուկ, աշխարհի կողմից հարգանքի արժանացող պետություն լինելը, իր հերթին, հանգեցնում է ինքնության արթնացման կարեւորագույն պայման:
Կա եւս մեկ կարեւոր հանգամանք, եւ դա այն է, որ մինչ 1991 թ.-ը, մինչ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումը, սփյուռքն էր իրեն վերապահված զգում հայկականության կառույցի պահապանի դերում: Անկախության վերականգնումից հետո (1991 թ.) այդ դերը զգալի չափով փոխանցվեց Հայոց պետությանը: Հայաստանը քաղաքական ավելի բարձր կարգավիճակ ստացավ: Եվ այս փոփոխությունը հոգեբանական դժվար հաղթահարելի անցում պահանջեց սփյուռքի կազմակերպություններից: Առկա է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, ինչպես անվանում եմ՝ «վիճարկվող համազգային առաջնորդության» գործոնը (contested leadership): Որպես առաջնորդության հավակնության օրինակ կարելի է բերել մի դրսեւորում, երբ, լինելով պետական ինքնիշխան քաղաքական միավոր, հայկական պետությունը փորձում է հանդես գալ ամբողջ աշխարհի հայության անունից: Այսպես, օրինակ, կարելի է նշել 2019 թ.-ին ՀՀ վարչապետի հայտարարությունը, որում Հայոց ցեղասպանության ճանաչման համար նա ԱՄՆ Կոնգրեսին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության անունից:

Հայաստանի առջեւ ծառացած ներկայիս դժվարությունները, մարտահրավերները անհրաժեշտ հուզական ազդակներ են հայացքը դեպի Հայաստան եւ Արցախ ուղղելու համար: Ինչը եւ հաճախ արվում է սփյուռքի կողմից, հատկապես` ամեն օրհասական պահի (երկրաշարժ, պատերազմ) աջակցություն ցուցաբերելը: Սակայն, գաղտնիք չի լինի ասել, որ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապը առավել արդյունավետ դարձնելու համար դեռ աշխատանք է պահանջվում: Սույն հոդվածին հաջորդող երկուսում փորձ է արվում ներկայացնել դեպի Հայաստան սփյուռքի ներգրավման հնարավոր մարտահրավերները, ներգրավման գլխավոր նպատակը եւ առաջարկվող ուղղությունները:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Միջազգայնագետ (ք.Հոնկոնգ)

«Առավոտ» օրաթերթ
15.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31