Լրահոս
Օրվա լրահոսը

Տեւական ժամանակ է, որ ՀՀ իշխանությունները չեն հրապարակում զոհվածների անունները. ՏՎԽ

Հոկտեմբեր 17,2022 13:30
zinvor

Զոհվածների մասին ճշտված տվյալները հանրությանը չտրամադրելը, ինչպես նաեւ ռազմական գործողությունների արդյունքների մասին տեղեկություններ չներկայացնելը հանգեցրել են նկատելի հասարակական լարվածության։ Ըստ էության, ձեւավորվել է տեղեկատվական վեճ. մի կողմից՝ հասարակության եւ լրատվամիջոցների պահանջն է` տրամադրել հայցվող տեղեկությունները, մյուս կողմից՝ իրավասու պետական մարմինների խուսափելն է դա անել։ Այդ իսկ պատճառով Խորհուրդը որոշեց անդրադառնալ տվյալ խնդրին։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը՝ ՏՎԽ-ն հոկտեմբերի 13-ին հրապարակել է Կարծիք «Լրատվամիջոցներն ընդդեմ Ադրբեջանի արգեսիայի հետեւանքով զոհված անձանց մասին տեղեկատվություն չտրամադրելու իշխանությունների գործելակերպի»:

Ներկայացնում ենք մի հատված ՏՎԽ Կարծիքից. «2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում իրականացրին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության` զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասել է 207-ի, այդ թվում՝ զոհվել է 3 քաղաքացիական անձ, 2-ի գտնվելու վայրն էլ համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից գերեվարված անձանց, ինչպես նաեւ զոհված հայ զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու դեպքերի մասին։ Չնայած վերը նշված պաշտոնական հաղորդագրությանը` արդեն տեւական ժամանակ է, որ ՀՀ իշխանությունները չեն հրապարակում զոհվածների անունները։ Հասարակությունը չի իրազեկվել նաեւ երկօրյա պատերազմական գործողությունների արդյունքների մասին, մասնավորապես՝ ինչ տարածքներ են անցել հակառակորդի վերահսկողության տակ եւ ինչն է հաջողվել պաշտպանել։

Այս հարցերի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես դիմել են իրավասու մարմիններին, սակայն տեղեկատվություն չեն ստացել։ Օրինակ, «Հետք» առցանց պարբերականի համաձայն՝ խմբագրության հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանութjան նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ «ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ. սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությունում որոշվել է այսուհետ զոհվածների անունները «ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել», եւ դա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է»։

Այդուհանդերձ, ներկա պահի դրությամբ այդ հիմնադրամը այդպիսի ցուցակ չի հրապարակել։ ՏՎԽ-ն վերլուծելով ս. թ. սեպտեմբերի 13-14-ի պատերազմական գործողություններից հետո ստեղծված խնդրահարույց տեղեկատվական իրավիճակը՝ կապված զոհերի անունների, տարածքային կորուստների եւ այլ հանրային նշանակություն ունեցող տվյալների չհրապարակելու հետ, արձանագրում է, որ պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին չտրամադրելով հայցվող տեղեկությունները եւ ինքնուրույն չհրապարակելով դրանք, իր այդ քայլը չի հիմնավորել որեւէ իրավական նորմով։ Սա պատահական չէ, քանի որ այդպիսի տեղեկատվական սահմանափակում նախատեսված չէ օրենքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի մատնանշել որեւէ իրավական նորմ, որով սահմանված է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն բացառապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից՝ համապատասխան ցանկի հրապարակմամբ։ Բացի այն, որ ներկա դրությամբ այդպիսի ցանկ չի հրապարակվել, որեւէ օրենքով նախատեսված չէ ինֆորմացիայի տրամադրման նման ընթացակարգ։

Խորհուրդը եզրակացնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, ինչպես նաեւ ադրբեջանական ագրեսիայի մյուս հետեւանքների մասին հանրությանը չիրազեկելը, ինչպես նաեւ լրատվամիջոցներին այդ տեղեկությունները չտրամադրելը ոչ միայն նախատեսված չեն օրենքով, այլ նաեւ տվյալ հանգամանքում անհամաչափ ու ոչ համարժեք մոտեցումներ են իշխանությունների կողմից»։

«Առավոտ» օրաթերթ
15.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31