Վիգեն Խաչատրյանը պատմում է, որ իրենց «անկյուն են խցկել» ու վստահեցնում՝ այդ 5-րդ շարասյան օրերը հաշված են Հայաստանում:
«Բոլոր իշխանությունները աչքիս առաջ են եղել, ես բոլորին մոտիկից եմ տեսել ու հետեւել եմ: Հիմա իշխանությունը, մեղմ ասած, կարող եմ հպարտ ասել՝ օրինական է: Այս իշխանությունը կոնկրետ նպատակներ է հռչակում, որոնք ցանկալի է կյանքի կոչել, մնում է օգնել: Օգնելու մեջ մտնում է քննադատելը, չհամաձայնելը, ոչ թե առճակատելը: Որ ասում են՝ կոնսոլիդացիա, մեզ իսկապես համախմբվել է պետք, պետությունը վտանգված է: Արցախը տեսնում եք ինչ օրն են գցել: Գցեցի՛ն: Ախր 97 թվին ես էլ եմ հրաժարական տվել, 7 հոգով ներկայացրեցինք՝ գնացինք, եկեք հարցը լուծեք, որովհետեւ գիտեինք, որ սխալ են: Գոնե հիմա ընդունեն, որ սխալ են եղել: Հիմա նորից նույն տաշտակն են ուզում դիմացներս դնեն, թե՝ եկեք հայտարարեք, որ Արցախը Ադրբեջանի մաս չի կարող լինել: Հայտարարեցինք, դառա՞վ: Մենք ուրիշ բան ենք ասում՝ այդ ժողովրդի անվտանգությունը պիտի երաշխավորել: Իրենց թվում է՝ երաշխավորված է, Ռուսաստանը երաշխավորել է, չէ, դա քիչ է»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով Արցախի հարցի լուծման մասին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Մեր դիտարկմանը, որ դուք էլ չեք երաշխավորում, բա ո՞ւմ հույսին է մնալու Արցախի անվտանգությունը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Երաշխավորելը այսպես է՝ կա՛մ մենք պիտի զորք մտցնենք Արցախ, որը չունենք, կա՛մ պիտի այդ խնդիրը սրենք, որ Ադրբեջանը պիտի երաշխիքները տա»: Զարմանքին՝ Ադրբեջա՞նն է երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ նա պատասխանեց. «Այո՛, Ադրբեջանը պիտի երաշխիքներ տա, որ այդ մարդկանց չի հետապնդելու, չի սպանելու, չի հարձակվելու, դրանից կբխի, թե ինչ կարգավիճակով պիտի Արցախը լինի»:
Հարցին՝ ինչու դուք հավատալո՞ւ եք Ալիեւի խոստումներին ու երդումներին՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, Ալիեւին երբեք չեմ հավատում, բայց եթե այդ քննարկման ժամանակ միջազգային հանրությունն ասի՝ սա միայն առանձին կարող է այդ իրավունքներից օգտվի, հարցը փակվում է: Բայց մեզ ասում են՝ ասեք կարգավիճակ, որը շանս է տալիս Ալիեւին ասելու՝ չեմ քննարկում, ձեր հետ խոսելիք չունեմ, այդ իմ տարածքն է, վերջանում է: Բոլորը մեզ ասում են՝ հա, ճիշտ է ասում, դուք այս ի՞նչ եք խոսում իրենց հետ: Դա է խնդիրը, որ իրենց միամիտի տեղ են դրել: Մենք քանի՞ անգամ ենք ասել՝ մինչեւ Արցախը չհամաձայնվի, ոչ մի խնդիր լուծված չենք համարելու, ասել ենք, չէ՞, եւ ասել ենք՝ որպեսզի մարդիկ հաշվի նստեն Արցախի ծրագրերի հետ, պետք է քննարկել Արցախի անվտանգության երաշխիքները»:
Կարդացեք նաև
Հիշեցրինք՝ Փաշինյանն ասաց՝ Արցախի համար պիտի ընդունելի լինի, բայց գնաց նոյեմբերի 9-ին Արցախի փոխարեն ստորագրեց փաստաթուղթ՝ Վիգեն Խաչատրյանը արձագանքեց. «Ստրագրեց, որ ադրբեջանական բանակը չմտնի Արցախ, բա ի՞նչ աներ, սպասեր զորքը մտներ Ստեփանակե՞րտ: Ինչի՞ց էիք հիմա խոսելու: Ինքը Արցախի անունից ոչ մի բան չի ստորագրել, այդ թղթում չի գրած Արցախի կարգավիճակը, գրած է՝ երաշխավորը Ռուսաստանն է, որովհետեւ մեր զորքը ջարդվել է: Բա ի՞նչ անենք, թողնենք մորթեն, ջարդե՞ն բոլորին: Ռուս խաղաղապահները մտան ու հայտարարցին, որ Արցախը Ադրբեջան է, բա ի՞նչ անեինք, հիմա էլ ռուսների դե՞մ դուրս գայինք»:
Հարցին՝ հիմա էլ ռուսնե՞րն են մեղավոր՝ նա պատասխանեց. «Մեղավորը ո՞րն է, այդ մարդիկ այդպես մտածում են: Այսօր Արցախն ասում է՝ մեր երաշխիքը Ռուսաստանն է, պարտավոր է լինի Հայաստանը, ես էլ ուզում եմ Արցախի նախագահին հարց տամ՝ ի՞նչ է նշանակում՝ պարտավոր է: Թե ինչ է պարտավոր Հայաստանը, որոշում է ՀՀ ընտրողը»: Հիշեցրինք՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավոր էր հայտարարել իրեն, դրա մասին կա ԳԽ որոշում, դա ուժի մեջ չի՞ այլեւս՝ Վիգեն Խաչատրյանը հակադարձեց. «Հայտարարել էինք: Ուժի մեջ չի: Մեր հայկական զորքերն այլեւս Արցախում չեն, ուժի մեջ չի, ջարդվել են այդ զորքերը, չկան: Մենք ո՞ւմ ենք ուզում խաբել՝ արցախցո՞ւն: Չի կարելի այդ մարդկանց խաբել: Հայաստանը Արցախի անվտանգության համար ջանք չի խնայելու, բայց ուժ չունի երաշխավորելու: Հիմա հարց եմ տալիս՝ եթե Ադրբեջանի բանակը հարձակվի Արցախի վրա, Հայաստանն ու Արցախը քանի՞ օր կդիմանան, հաշվե՞լ եք: Դա՞ ենք ուզում: Հո խոսելով չի՝ ուզում եմ, հա ուզի: Դրա համար մեզ անընդհատ պարտադրում են մտնել փակուղի: Մենք անընդհատ ասում ենք՝ դուք ձեր փակուղին մտել եք, մեզ մի՛ մտցրեք, մենք տեսել ենք դա ինչ է: Հիմա մենք Արցախի հարցը առանձնացրել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Արցախի մասով քննարկելու ենք երաշխիքներ, որը պիտի Ադրբեջանը տա, որովհետեւ Արցախին վտանգում է Ադրբեջանը, ուրիշ վտանգող չունի Արցախը: Եթե երաշխիքներ կտա՝ կխոսենք: Դա է դիվանագիտությունը: Երբ որ ասում է՝ ես երաշխիք եմ տալիս՝ ինչպես թալիշներին, լեզգիներին, ինչպես իմ քաղաքացիներին, միանգամից պատասխանում ես՝ դու լեզգիների Հադրութը չես գրավել, դու լեզգիներին չես կոտորել, այսքան զոհ չես տվել, այս ի՞նչ ես խոսում, անվստահությունը մեծ է ու որ երկու հասարակություններ իրար հանդուրժեն, մի 20 տարի պետք է: Ո՞նց ենք ապրելու այդ 20 տարին, այսպե՞ս՝ սահմանին կրակելով, զինվորներին գնդակահարելով: Թեմա կա խոսելու: Մեզ միանգամից խցկում են անկյուն, թե՝ մի հատ կարգավիճակից խոսեք, նոր: Կարգավիճակի հարց էլ բացում ենք, մնում ենք մենակ՝ մենք ու Ադրբեջանը: Էդ ասողները խելք ունե՞ն, էդ էժան հայրենասիրությունը, դեմագոգիան ո՞ւմ համար է: Ասեմ՝ նրա համար է, որ Քոչարյանին հետ բերեն ու թալանեն այս ժողովրդին, դրա համար է»:
Երբ ասացինք՝ գուցե սխալ եք բանակցել, դրա համար անկյուն են խցկել, եթե բանակցողին փոխեն…Վիգեն Խաչատրյանը հակադարձեց. «Հաաա՜, 20 տարի այնքան ճիշտ բանակցեցին, բթացրեցին բոլորի զգոնությունը, որ ջարդվեցին: Հիմա ասում են՝ Արցախի 75 տոկոսը կորցրեցին: Ո՞վ»: Նույն հարցն ուղղեցինք իրեն՝ ո՞վ է կորցրել՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ով որ ասում էր 97-ին, թե պետք չի պայմանավորվել, մենք կպահենք: Դե պահեիք»: Հիշեցրինք՝ իրենց ժամանակ պահել են, ժառանգությունը թողել են, եկել եք դուք՝ նա պատասխանեց. «Էդ որ իրենց ժամանակ պահել են, ինչո՞ւ ժողովուրդը վեր կացավ ու այդ պահողներին քշեց ավելով այստեղից: Պահելու համա՞ր քշեց: Եթե պահող լինեին, չէին քշի: Մսխե՜լ են, լափե՜լ են, կերե՜լ են ու ես ինձ միամիտի տեղ դնեմ, ասեմ՝ 20 տարի Արցա՞խ էին պահում: Արցախյան հողերի վրա ո՞վ էր ցորեն ցանում ու վաճառում, էդ ի՞նչ էին անում: Քանի՞ մարդ Արցախում ավելացավ՝ բնակիչ: Մեր ժամանակ ծրագիր կար բնակչությունը բազմապատկելու եւ ամեն տարի ավելանում էր 94-ից, էդ ո՞նց եղավ, որ դադարեցին ավելանալ: Ո՞նց եղավ, որ Արցախի կլան հասկացողությունը ձեւավորվեց Հայաստանում ու Զորի Բալայանն ասում էր՝ Երեւանը պիտի գրավենք, նոր Բաքուն, տեսանք Երեւանը ոնց գրավեցին: Ու հիմա ի՞նչ ենք մեզ միամիտի տեսքով հարց տալիս՝ չէ՞ որ քառօրյա պատերազմում …Տեսել ենք, գիտենք ովքեր էին, ինչ էին կռվում: Էն ո՞վ էր ասում՝ Բաքվում պիտի չայ խմենք, լո՞ւրջ մարդ էր դա, գեներալ էր (նկատի ունի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին. Հ. Ջ.), այդպե՞ս էին բանակում կամքը ձեւավորում: Այնպես որ, ես այդ ամեն ինչին շատ լավ տիրապետում եմ ու կարծում եմ, որ այդ 5-րդ շարասյան օրերը հաշված են Հայաստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2022
Այս մարդն ինքը 5-րդ շարասյան վառ ներկայացուցիչ է։
Տեսեք ով է այս իշխանություններին գովում և աճպարարի ճարպկությամբ դրական ձևով ներկայացնում հայոց հողերը դավադրաբար հանձնելու ներկայիս ընթացքը: Ակամայից հիշեցի հայտնի ֆիլմից «Ո՞վ է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը» արտահայտությունը: Վիգեն Խաչատրյան անունով այս մարդը, որն իր կենսագրության բոլոր ժամանակներում քծնել և գովել է տարբեր իշխանությունների, դրա արդյունքում վարձատրվել է յուղոտ պաշտոններով: Ներկայիս պատկառելի տարիքում նա նույն կերպ է իրեն պահում: Սկսենք անցյալից.
Կոմունիստական ժամանակաշրջան – 1984-1986 թվականներին աշխատել է «Հայէլեկտրամեքենա» ընկերությունում Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար։ 1986-1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի տեսուչ։ 1988-1990 թվականներին զբաղեցրել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության Գուգարքի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը։
ՀՀՇ-ի ժամանակաշրջան -1996-1997 թվականներին եղել է Երևանի փոխքաղաքապետ։ 1997-1998 թվականներին զբաղեցրել է Լոռու մարզի մարզպետի պաշտոնը։
ՔՊ-ի ժամանակաշրջան – ԱԺ պատգամավոր՝ 70-ն անց տարիքում իր վրա է վերցրել Արցախը թուրքին հանձնելու պրոցեսը դրական գույներով ներկայացնելու և դրա համար իշխանության գովքը երգելու անպատվաբեր գործը, չամաչելով իր տարիքից: