Այսօր Փյունիկի ակադեմիայի տարածքում տեղի ունեցավ «Փյունիկ ֆուտբոլային ակումբի փիլիսոփայությունն ու արժեքները» խորագրով շնորհանդես։ Միջոցառմանը մասնակցում էին ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ակումբի այլ աշխատակիցները, մանկապատանեկան դպրոցի սաները և ակումբի երկրպագուները։ Միջոցառման մեկնարկին ելույթ ունեցավ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ ներկայացնելով Փյունիկի փիլիսոփայությունն ու այն արժեքները, որոնցով ցանկանում է զարգացնել ակումբը։
«Այսօր մենք կխոսանք ոչ այնքան ֆուտբոլի մասին։ Ես ցանկանում եմ, որ Փյունիկը դառնա ամբողջական եվրոպական ակումբ՝ իր փիլիսոփայությամբ, արժեքներով, ենթակառուցվածքներով և ակադեմիայով։ Այսօր մեզ կառավարում են ոչ թե առանձին մարդիկ, այլ գաղափարները։ Հենց դրա մասին էլ ուզում եմ այսօր խոսալ»։
Փյունիկի սեփականատերը որպես օրինակ նշեց Այաքսի, Բավարիայի, Ատլետիկ Բիլբաոյի և Բարսելոնայի այն արժեքները, որով շարժվում են հանրահայտ ակումբները։ Այնուհետև ներկայացրեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի փիլիսոփայությունն ու արժեքները, որի միջոցով ցանկանում է զարգացնել ակումբը։ Այն է՝ շարունակական զարգացում, հարգանք, մասնագիտական մոտեցում, հայկական ինքնություն և հավատարմություն ակումբին։ Արթուր Սողոմոնյանը ելույթի մեծ մասը նվիրեց մանկապատանեկան դպրոցին և կարևորեց ակումբի սաների նշանակությունը Փյունիկի հետագա զարգացման գործում։
Ելույթով հանդես եկավ նաև գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը.
Կարդացեք նաև
«Ես բազմաթիվ ակումբներում եմ եղել, բայց Փյունիկը ուրիշ է իմ համար։ Ես հասցրեցի սիրել այս ակումբը։ Ես հասկացել եմ, որ լինել փյունիկցի՝ նշանակում է լինել ուժեղ, ունենալ հաղթողի բնավորություն։ Մենք զգացել ենք այն աջակցությունը ձեր կողմից Փյունիկին և հիմա էլ ենք զգում։ Ցանկանում եմ, որ շարունակեք լինել մեր կողքին, առջևում մեծ նպատակներ ունենք»։
Գլխավոր մարզչի ելույթից հետո ներկայացվեց կարճ տեսահոլովակ Փյունիկի եվրագավաթային ճանապարհորդությունից։ Այնուհետև թիմի ֆուտբոլիստներ՝ Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Միխայիլ Կովալենկոն և Ստանիսլավ Բուչնևը ներկայացրին Փյունիկի նոր՝ ոսկեգույն մարզաշապիկը։ Շնորհանդեսի ընթացքում հոբելյանական մարզաշապիկ նվիրեցին Փյունիկի նախկին ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանին։
Միջոցառման ավարտին Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, Արսեն Ավետիսյանը և վերոնշյալ ֆուտբոլիստները ստորագրություններ էին բաժանում երկրպագուների և ակումբի սաների համար։
Փյունիկի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վերջում հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին։ «Առավոտի» թղթակցի հարցին նույնպես պատասխանեց ակումբի սեփականատերը.
-Պարոն Սողոմոնյան, մրցաշրջանի սկզբին բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներ հեռացան ակումբից, մտավախություն կա՞, որ հիմա էլ նույնը կկրկնվի։
-Գարնանը ինձ թվում էր, որ կկարողանանք պայմանավորվել ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման հարցում։ Բայց երբ դարձանք չեմպիոն, մեր ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը ավելացավ, նրանց առաջարկում էին 3-4 անգամ ավելի աշխատավարձ, քան ստանում էին Փյունիկում։ Ցավոք, մենք չէինք կարող բավարարել այդ պահանջները։ Դրա համար մենք արդեն նախօրոք ենք մտածել, պայմանավորվում ենք ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման համար։
Փյունիկը շարունակում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում և ներքին առաջնությունում։ Հոկտեմբերի 17-ին Fastex Պրեմիեր լիգայի շրջանակներում նռնագույնները կհյուրընկալի Արարատ Արմենիային, իսկ Կոնֆերենցիաների լիգայի հինգերորդ մրցափուլում Բրատիսլավայում կմրցի Սլովանի դեմ։
Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի