Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բացվեց Արացախյան 44-օրյա պատերազմում զոհված Կամո Շահբազյանի հիշատակը հավերժացնող խաչքար։
Մինչ արարողության սկսվելը ներկաները ականատես եղան նաեւ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող-որմնանկարի բացմանը։ Աշխատանքի հեղինակը գեղանկարիչ Արման Մաթևոսյանն է, որը տարիներ շարունակ պատկերել է հայոց պատմության լավագույն դրվագները։
Ինչպես Արման Մաթեւոսյանն ասաց. «Մենք երկու տարի առաջ շատ մեծ ցավ տեսանք, դավադիր պատերազմ, որ խլեց մեր հարազատների կյանքը։ Իսկ այս որմնանանկարով փորձել եմ ներկայացնել, որ մեր հերոսները հենց այնպես չեն զոհվել, նրանք հատուկ ճակատագրով ծնված մարդիկ էին, որոնք պետք է ապահովեին երկրի ապագան։ Մեր սերունդները, այս որմնանկարը տեսնելով, պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ անցել է այս ամենի միջով, երբեք չի ընկճվել»:
Կարդացեք նաև
Նախքան խաչքարի օծման արարողությունը ներկաները լսեցին հերոսի մասին բազմաթիվ դրվագներ։ Խոսեց նաև հերոսի հայրը` Գևորգ Շահբազյանը. «Սիրելի՜ հայրենասեր ժողովուրդ, մենք այսօր հավաքվել ենք իմ տղայի` Կամո Շահբազյանի՝ 44-օրյա պատերազմում ընկած, բոլորիս համար սիրված անմահ հերոսի խաչքարի բացման առիթով։ Իմ տղան ունի չորս տղա և մեկ դուստր։ Որդիս հայրենիքը ավելի թանկ գնահատեց, քան իր ընտանիքը, զոհվեց հերոսի մահով: Մեր բոլոր հերոս տղաները իրենց արյան գնով պաշտպանեցին հայրենիքը: Փառք ու պատիվ մեր բոլոր անմահ հերոսներին»։
Իսկ այս խոսքերից հետո հերոսի երեք որդիները իջեցրեցին սպիտակ սավանը խաչքարի վրայից, որից հետո հոգեւորականն օծեց այն։
Գեղեցիկ ԲԱԼԵՅԱՆ