Երեկ՝ հոկտեմբերի 15-ին նախատեսված Սիսիանի նորընտիր ավագանու նիստը, որտեղ պիտի տեղի ունենար համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ 21 անդամից նիստին ներկա էր 9 անդամ։ Ինչպես հայտարարեց Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, գործող ընթացակարգով՝ նման դեպքերում նիստը նույն օրակարգով նշանակվում է հաջորդ օրը։
Սակայն համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հոկտեմբերի 16-ի նիստը հետաձգվում է։ «Հարգելի համաքաղաքացիներ, 2022 թվականի հոկտեմբերի 15-ի համայնքի ավագանու նիստը չկայացավ, նիստն իրավազոր չլինելու պատճառով: Հայտարարված հաջորդ նիստը, որը տեղի կունենար 2022 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, տեղափոխվել է ս/թ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին նույն օրակարգով, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ Սիսիանի ավագանու անդամի, մանդատներից հրաժարվելու հայտարարություն են արել «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը։ Այս պարագայում, Սիսիանում չեն բացառվում նոր ընտրությունները։
Ի դեպ, երեկ համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններին։
Կարդացեք նաև
Իսկ համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության ու սոցիալական հարցերի բաժնի պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 24-րդ համար Նարա Հովհաննիսյանը, թշնամի համարեց այն սիսիանցիներին, որոնք չընտրեցին «Քաղաքացիական պայմանագրին»։ Դարբասի հոգեւոր հովիվ Տեր Ընծան էլ համախմբվածության կոչ արեց։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ