Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ավրորա» մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին

Հոկտեմբեր 16,2022 10:30

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք: Կազմակերպությունը նաեւ իրավաբանական օգնություն եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից:

Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց եւ խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության եւ այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին եւ փաստաբաններին:

«Ավրորայի» առաքելությունն է ճանաչման եւ մեծարանքի արժանացնել Ջամիլա Աֆղանիի նման մարդասերների աշխատանքը եւ այն ներկայացնել աշխարհին: Մերօրյա այս հերոսները ոգեշնչում ու առաջնորդում են մեզ եւ ցույց տալիս, թե ինչպես դիմակայել ճնշող թվացող մարտահրավերներին: Նրանք մեզ հիշեցնում են համընդհանուր մարդկայնության մասին եւ քաջալերում՝ նույն նվիրվածությամբ ծառայելու աղքատներին եւ լուսանցքում հայտնված մարդկանց։ Նրանք նաեւ հիշեցնում են մեզ բոլորիս հավասար հնարավորություն տալու՝ մեր պարտավորության մասին»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրը ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը: Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգան իր անդամների կողմից ղեկավարվող միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանելու համաշխարհային խաղաղություն՝ հանդես գալով հանուն զինաթափման, բռնության վերացման, կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության: Իսկ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման հասարակական կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Աֆղանստանի կանանց, երիտասարդներին եւ երեխաներին, նրանց ընձեռում զարգացման հնարավորություն:

«Իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պայքար է։ Մենք անցնում ենք այս փուլերով, եւ սա դրանցից մեկն է, երբ այդքան էլ պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինեն մի շարք հարցերի շուրջ մեր հետագա քայլերը, հատկապես՝ երբ ժամանակը պարզապես չի հերիքում: Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ հույսի լույս են վառում ապագայի համար եւ մեզ բոլորիս ելք ցույց տալիս խավարից»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:

Ստեղծումից ի վեր «Ավրորա» մրցանակը բարեփոխել է հակամարտությունների, հալածանքների եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետեւանքով տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին, տեղահանվածներին, կանանց եւ աղջիկներին: Բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակը շոշափելի արդյունքի հասնելն է, իրականություն է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվությունը հնարավորություն է տալիս մրցանակին՝ շարունակելու զորացնել մերօրյա հերոսներին:

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31