Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։ Սա մեզ սպասող արհավիրքի դեռևս փոքր մասն է։ Մեր ամբողջ հանրությունը, քաղաքական դաշտը, փորձագիտական շրջանակը քննարկում և համեմատում է արևմտյան և ռուսական միջնորդական ջանքերը, մինչդեռ դրանք երկուսն էլ մեզ համար կործանարար են։ Ռուս-թուրքական գործող ձևաչափը չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, մենք դրանում անընդհատ համոզվում ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Մենք պետք է գիտակցենք, որ եթե Արցախից հրաժարվել ենք, իսկ այս իշխանությունը բացահայտորեն հրաժարվել է Արցախից, ուրեմն ցանկացած բանակցություններում պետք է զիջումների գնանք արդեն Հայաստանի հաշվին։ Արցախը մեզ համար կարևոր է ոչ միայն արցախահայությամբ կամ մշակութային հսկայական ժառանգությամբ, այլև որպես Հայաստանի անվտանգության շերտ։ ՀՀ-ն այսօր ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե այսօր բանակցում են խաղաղության պայմանագրի, ապաշրջափակման, ճանապարհների բացման, նոր ճանապարհների թեմայով, և եթե այդ ամենն առանձնացվում է Արցախի հարցից, ուրեմն Արցախի հարց մեզ համար գոյություն չունի։ Դա ամբողջապես Ալիևի և Փաշինյանի օրակարգն է։ Ցավալի է, որ ընդդիմությունը ևս առանձնացրել է ապաշրջափակման, սահմանազատման, ճանապարհների, անգամ հայ-թուրքական բանակցությունների թեմաներն Արցախի հարցից»,- ասաց քաղաքական գործիչը:
«Այս բոլոր հարցերը հետևանքն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության։ Եթե դրանք տարանջատում ենք, ինչպես անում են իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը, որքան էլ ասենք, թե Արցախը պետք է անկախ լինի, արդեն ըստ էության ընդունում ենք, որ Արցախի հարց գոյություն չունի։ Միջնորդական երկու ձևաչափն էլ՝ եվրոպականն ու ռուսականը, Արցախի ամբողջական զիջման մասին են։ Ռուսաստանն ինքն է հրաժարվել Արցախի կարգավիճակի քննարկումից։ Արտահերթ նիստերի անցկացման ձևաչափով այս տարվա մայիսին և հունիսին խորհրդարանական ընդդիմության ներկայացրած առաջարկները ևս անընդունելի են, քանի որ դրանցով նույնպես Արցախի հարցը դուրս է մնում օրակարգից։ Միայն և միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ պետք է կապվեն այս բոլոր հարցերը, դրանք պետք է լուծվեն միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբում, քանի որ դրանք հետևանքներ են։ Եթե սկսում ես վերացնել հետևանքները, նշանակում է՝ հակամարտությունը լուծված է՝ ուզեք դա, թե ոչ»,- նշեց Շահնազարյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում