Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ՝ Ստեփանակերտն էլ է դիտվում, Ստեփանակերտն էլ եք դեմ տալի՞ս»․ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 15,2022 23:45

«Ի՞նչ պետք է լինես, որ համեմատես 400 հեկտարը՝ 4 քառ/կմ-ը, 9500 քառ/կմ-ի կորստի հետ։ Բացի այդ, քառօրյա պատերազմի զինադադարը խնդրել է Ադրբեջանը, եւ դա չի հերքվել անգամ ռուսական աղբյուրներով։ Խնդրել է, որովհետեւ հայկական բանակը սկսել էր ադրբեջանցիներին կզցնել բոլոր ուղղություններով հակահարձակումներով։ Այդ պատերազմի մասնակիցներն ու կամավորները շատ լավ գիտեն դա»,- «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Նա շեշտեց՝ ապրիլյանից հետո ՀՀ դիվանագիտության ջանքերով Ադրբեջանին պարտադրվել էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ շփման գծի երկայնքով դիտորդական առաքելության թվակազմի ավելացում, հրադադարի վերահսկման մոնիթորինգային մեխանիզմների կիրառում, որոնք, սակայն, Նիկոլ Փաշինյանն Ալիեւին հետագայում ծախեց Դուշանբեում։

Արմեն Աշոտյանը շարունակեց․ «Ժողովուրդ ջան, ասելով, թե ապրիլյանն ու 44-օրյան հավասար են, ձեզ խաբում են։ Կներեք համեմատելու համար, բայց եթե այդպես է, ապա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, եւ կորցրինք պաշտոնապես 210 զինվոր․ դա քառօրյայից երկու անգամ ավելի է։ Անունները գիտե՞ք այդ հերոսների, ոչ, որովհետեւ հրապարակված չեն։ Նույն կերպ հրապարակված չեն 44-օրյայի հերոսների անունները։ Իսկ ապրիլյանում զոհվել է 75 հերոս։ Այն ժամանակ կորցրինք 4 քառ/կմ, իսկ այս սեպտեմբերին՝ 90 քառ/կմ, ու ունենք անհետ կորածներ, գերիներ։ Ի՞նչ պետք է լինես, որ այսքանից հետո 2016թ-ի իրադարձությունները շահարկես այդպես՝ հանուն այդ աթոռի»։

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե ապրիլյան քառօրյան հաղթանակ չէր․ «Բա որ հաղթանակ չէր, քո վարչապետ կոչվածը 2019թ․-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում ասում էր, որ ադրբեջանական ագրեսիան 2016թ․-ին չի հաջողվել, այսինքն՝ ՀՀ-ն կարողացել է պահել իր դիրքերը։ Ու հիմա Ալեն Սիմոնյանը կարծիք է փաթաթում, թե ապրիլյանը հաղթանա՞կ չէր։ Բացի այդ, 44-օրյայի ժամանակ որեւէ միջազգային կառույց մեզ օգնե՞ց։ Հիշեք, որ Նիկոլը մերժեց Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն այդ ժամանակ բառացի ասել էր՝ ես հուսով եմ, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների հարձակումներին։ Հիշեցի՞ք։ Իսկ Ալեն Սիմոնյանը փորձում է արդարացնել, թե նորմալ էր, որ միջազգայինները չեն արձագանքում, որովհետեւ բոլորի աչքերում դա Ադրբեջանի տարածքների հարցն էր։ Հադրութն ու Շուշին էլ էին իրենց տարա՞ծքը։ Եթե քո տրամաբանությամբ՝ այո, ուրեմն Ստեփանակերտն էլ է դիտվում, Ստեփանակերտն էլ եք դեմ տալի՞ս։ Բա եթե երեսուն տարի Ադրբեջանը, ինչպես դու ես ասում, իրավական հիմք ուներ այդ տարածքների վրա հարձակվելու, բա մինչեւ ձեր նմանների իշխանության գալն ինչո՞ւ չէին հարձակվում։ Դե բացատրի, եթե կարող ես։ Եթե Ադրբեջանն իրավական հիմք ուներ հարձակվելու, ինչո՞ւ էր ողջ բանակցային գործընթացն այն մասին, որ հարցը չունի ռազմական լուծում, որ ուժի կիրառումն ու ուժի սպառնալիքն արգելված են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31