Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատի։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Շվեյցարիայի հայ համայնքը ևս իր ներդրումն է ունեցել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Շվեյցարիան ևս իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։
Իր հերթին Շտեֆան Մյուլեր Ալտերմատը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ։
Կարդացեք նաև
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ