Հոկտեմբերի 15-ին` Հայ մամուլի օրվան ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց՝ «Պատմության արդիականացումը և մեդիան» թեմայով։
Հանդիպումը վարեցին Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը և «Արմենիա» հեռուստաընկերության օմբուդսմեն, մեդիամասնագետ Գնել Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց հայ մամուլի սկզբնավորման, աստիճանական զարգացման և արդի տեղեկատվական տեխնոլոգիաների մարտահրավերների մասին։
Կարդացեք նաև
Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց Հայ մամուլի պատմությունը, խոսվեց հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, տպագիր պարբերական «Ազդարար»-ի մասին: Անդրադարձ եղավ 18-20 րդ դարերի արեւմտահայ, արեւելահայ պարբերականներին եւ հայ գրողների դերին ու նշանակությանը։
«Երբ գլուխ բարձրացրեց Հայկական հարցը, հայ մամուլը իր օրակարգում առանձնահատուկ տեղ էր տալիս թեմային՝ համարելով իրեն հասարակության հենասյուն»- ասաց Դավիթ Պետրոսյանը։
Գնել Նալբանդյանն ի թիվս այլնի՝ խոսեց նաեւ ապատեղեկատվության մասին։ «Մամուլը պետք է ներկայացնի կարծիքներ, ոչ թե ձեւավորի, որովհետև կարծիքները ձեւավորում են գաղափարարական համակարգեր»,-ասաց նա։ Ապա հավելեց. «Որոշ հեռուստաընկերություններ եւս իշխանությունների եվ ընդդիմության գաղափարական գործիքն են»:
Սոցիալական ցանցերը նույնպես ողողված են մեկնաբանություններով, որոնք իրենց մեջ ունեն ապատեղեկատվություն։
Սոցցանցերի մասին խոսելիս էլ՝ նշեց.«Ապատեղեկատվական էջերը մեր ժամանակաշրջանի չարիքն են։ Զերծ մնացե՛ք ապատեղեկատվական էջերից եւ ապատեղեկատվական նյութերից»։
Միջոցառման նպատակն ուսանողներին ծանոթացնելն էր 18-րդ դարավերջից 20-րդ դարասկզբի հայ մամուլի գործունեության հիմական ուղղություններին, զարգացման ընթացքին, հասարակական կյանքում նրա ունեցած դերի եւ ազդեցության շրջանակներին։
Սոֆյա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ