Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր»

Հոկտեմբեր 15,2022 13:10

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում 2022 թ. հոկտեմբերի 13-ին ոգեղեն մթնոլորտ էր. կայացավ «Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի բացման խոսքից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած մարտիկների հիշատակը:

Միջոցառման բուն նյութը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր կոմպոզիտորի և հայ նորագույն շրջանի պոեզիայի հիմնադիր բանաստեղծի ստեղծագործական առնչությունների և բարեկամության լուսաբանումն էր՝ կապեր, որոնք սկիզբ առան Հ. Հովհաննիսյանի հայրենասիրական բանաստեղծության հիման վրա Ա. Սպենդիարյանի «Առ Հայաստան» վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծմամբ և շարունակվեցին մինչև Հ. Հովհաննիսյանի  վերջին բանաստեղծությունը՝ նվիրված Սպենդիարյանի հիշատակին: Երկու մեծերի հոգևոր մտերմության ու մեծ բարեկամության մասին վկայող փաստերը արծարծող բանախոսությունը (զեկուցող՝ տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյան) հագեցած էր գեղարվեստական ելույթներով, որոնց կիզակետը Ա. Սպենդիարյանի «Առ Հայաստան» երկի հնչեցումն էր՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանի և դաշնակահար Կատարինե Հովսեփյանի մեկնաբանությամբ: Խիստ հատկանշական էին Սպենդիարյանի՝ 1915 թ. գրած այս ստեղծագործության վերջին տողերը՝

« Ոտքի՛ ել, հոգի՛ս, շղթադ թոթափի՛ր,

Աչքդ բա՛ց արա այդ մահվան քնից.

Թեև մահամերձ, դու մի ձա՛յն հանիր –

Որդիքդ օգնության կգան չորս կողմից».

Դրանք կարծես արտահայտեին հայ երկու մեծերի՝ Ա. Սպենդիարյանի և  Հ. Հովհաննիսյանի՝ դժվարագույն ժամանակներում հայրենիքում ապրելու և նրան զորավիգ լինելու հավատամքը: Հնչեցին նաև Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծություններից (ասմունքող՝ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Գագիկ Խաչատրյան) և դրանց հիման վրա Բարսեղ Կանաչյանի և Կոմիտասի գրած երգերից (կատարողներ՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատար Աննա Բեգլարյան և դաշնակահար Կատարինե Հովսեփյան): Ցերեկույթի եզրափակիչ մասում Հովհաննիսյանների ընտանիքի մասին հուշեր պատմեց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը՝ հայագիտության  երախտավոր Երվանդ Տեր-Մինասյանի և Հովհաննես Հովհաննիսյանի քրոջ՝ Սիրանուշի թոռնուհին: Ամփոփիչ խոսք ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը: Միջոցառումն ավարտվեց Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանների՝ փոխադարձ նվերների հանձնման արարողությամբ և համագործակցության նոր ծրագրերի մասին պայմանավորվածությամբ:

Սիրարփի ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող

Լուսանկարները՝ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31