Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տարեսկզբից մինչև սեպտեմբեր սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվել է 1150 ընտանիք

Հոկտեմբեր 15,2022 12:20

Գևորգն ու Թերեզան 3 անչափահաս երեխաներին մեծացնում են տնակում: Երազանքներ շատ ունեն, աշխատել չեն զլանում, բայց կենցաղային հարմարությունները միայնակ լուծել չեն հասցնում: Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի նախաձեռնությամբ ընտանիքն ընդգրկվել է սոցիալական աջակցության նոր ծրագրում:

«Ավելի քան 45 ընտանիք է ընդգրկվել այս ծրագրում, որով տրամադրում ենք անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Մենք այս բաշխումն իրականացնում ենք՝ նախապես կատարելով տնայցեր: Մեր սոցիալական աշխատողները կազմում են կարիքի գնահատում, որից հետո, միայն, սկսում ենք տեղաբաշխել ընտանիքներին՝ ըստ ծրագրերի»,-ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:

Սոցիալական ծրագրում ներառված են բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամության խնդրով քաղաքացիներ, տարեցներ, Արցախյան պատերազմներում զոհվածների ու մասնակիցների ընտանիքներ: Բնակիչների խնդիրներին վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետն անձամբ են ծանոթանում:

Տարիներ առաջ Հաղթանակ թաղամասում վարկային միջոցներով Արցախյան ազատամարտի մասնակից Խաչիկը հողատարածք է գնել, սկսել տան շինարարությունը, բայց միջոցները չեն բավարարել, գործն այդպես էլ անավարտ է թողել: Երկու անչափահաս զավակի հայրն ասում է՝ թեև պատերազմում կորցրել է ոտքերը, բայց կամքի ուժն ամուր է: Վարչական շրջանն այժմ բարերարների աջակցությամբ մտադիր է լուծել խնդիրը:
«Բոլոր թիրախները ընտրված են շատ հասցեական: Այս ծրագիրը լավ նախադեպ է և օրինակելի ձևաչափ կարող է լինել այլ վարչական շրջաններում»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Շուրջ 141 հազար բնակչություն ունեցող Մալաթիայում սոցիալական խնդիրները քիչ չեն: Տարեսկզբից մինչև սեպտեմբեր սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվել է 1150 ընտանիք: Փոքր, թե՝ մեծ. բոլոր խնդիրներին հասցեական լուծումներ են տրվում.
«Կանգնած ենք այն հասցեում, որտեղ իրականացվել է տանիքի նորոգում: Ընտանիքը ունակ չէր ինքնուրույն լուծել խնդիրը, մեր սոցիալական ծրագրերի շրջանակում որոշեցինք այս հասցեում իրականացնել տանիքի մասնակի նորոգման աշխատանքներ»,-մանրամասնում է Սաշա Կատվալյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ այս և սոցիալական մյուս ծրագիրը շարունակական են լինելու նաև հաջորդ տարի:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31