Լրահոս
Օրվա լրահոսը

Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք․ «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 15,2022 11:10

Հայաստանն ու Վրաստանը հերքել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները եւ իրենց քաղաքացիների մասնակցությունը Ղրիմում Կերչի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին: Թբիլիսիում հայտարարել են, որ ոչ մի պայթուցիկ նյութ չի անցել Վրաստանի մաքսային սահմանով: Երեւանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ «վտանգավոր բեռի» առումով բոլոր գործընթացներն իրականացվել են օրենքի սահմաններում՝ անհրաժեշտ վերահսկողությամբ: Այդուհանդերձ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել պայթուցիկ նյութի տեղափոխմանը Հայաստանի քաղաքացու մասնակցության մասին հրապարակման հիմքի վրա:

Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության եզրակացության մեջ խոսվում է «Կերչի կամրջի վրա Ուկրաինայի հատուկ ծառայությունների կազմակերպած» ահաբեկչությանը Վրաստանի եւ Հայաստանի մի շարք քաղաքացիների մասնակցության մասին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է. «Բեռի արտահանման բոլոր գործընթացներն իրականացվել են ճիշտ եւ օրինական՝ ֆիզիկական ու ռենտգենային վերահսկողությամբ մուտքի եւ Հայաստանից ելքի ժամանակ: Համապատասխանաբար բեռի համար ռիսկային գործոններ չեն հայտնաբերվել»: Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», «հայկական ԶԼՄ-ները հարցեր են ուղղել «Գու Ար Ջի Գրուպ» ընկերությանը, որի անունը նշվում է քրեական գործի նյութերում: Պարզվում է, որ այդ ընկերությունը գրանցված է Ալավերդի քաղաքում եւ մտնում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի մեջ, զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առեւտրով: Ընկերությունը գրանցված է բազմաբնակարան շենքի հասցեով, եւ, ինչպես պարզել են լրագրողները, կոնկրետ բնակարանում ապրում են մարդիկ՝ վառ արտահայտված սլավոնական արտաքինով»:

Թբիլիսիում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանն ավելի կոշտ են արձագանքել: Մասնավորապես՝ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն եւ ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն կտրականապես հերքել են մասնակցությունը կամրջի պայթյունին: Երկու պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ Վրաստանը ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ. «Տրոտիլով կամ պայթուցիկ այլ նյութերով բեռնված կցասայլը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը… Լսվում են որոշակի մեղադրանքներ, որոնք բացարձակապես անհիմն են, եւ ոչ ոք պարտավոր չէ դրա համար արդարանալ»: «Եթե փաստարկված կերպով ապացուցվի, որ բեռը հատել է մեր սահմանը, մենք հետաքննություն կսկսենք եւ կբացահայտենք պատասխանատուներին»,- ասել է Կակաուրիձեն՝ ավելացնելով, որ համապատասխան ծառայությունները պետք է ուսումնասիրեն այս սպեկուլյատիվ թեման:

Թեմային անդրադարձել է նաեւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Կելլի Դեգնանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աշխատում է վրացական մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության եւ առափնյա պահպանության մարմինների հետ, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց սահմանները եւ կանգնեցնել ագրեսիան: «Կամրջի վրա կատարված պայթյունի թեմայով շատ սպեկուլյացիաներ կան, որոնք տիրաժավորվում են ռուսական ԶԼՄ-ներում: Սակայն ոչ ոք ճշգրիտ տեղեկատվություն չունի: Մենք վաղուց ենք աշխատում վրացական հատուկ ծառայությունների հետ, սարքավորումներ ենք տրամադրում, ուսուցում ու թրենինգներ անցկացնում: Այդ կառույցներում աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ: Եվ մենք կշարունակենք այդ համագործակցությունը»,-հայտարարել է Կելլի Դեգնանը:

 

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31