Հարցազրույց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:
-Նախօրեին Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսեց ադրբեջանցի անհայտ կորած զինվորների մասունքները վերադարձնելու մասին, նա անդրադարձել էր նաև Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած հատվածներում ականազերծման գործընթացին՝ նշելով, որ դա կտևի մի քանի տասնամյակ։ Նման քայլերով ինչի՞ է փորձում հասնել Ալիևը, և, Ձեր կարծիքով, հայկական կողմն ինչպիսի՞ արձագանք կտա կամ պիտի տա այդ հայտարարություններին։
-Նախ՝ նշեմ, Ալիևը խնդիր ունի միջազգային հանրությանը և հատկապես սեփական ժողովրդին ցույց տալու, որ 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում մարդկանց վերաբնակեցնելը տասնամյակներ է տևելու։
Նա շատ լավ հասկանում է, որ այդ պրոցեսը դժվար և, ամենակարևորը, մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, ուստի հիմիկվանից պետք է համապատասխան արդարացումներ գեներացնել, որպեսզի ապագա հասարակական որոշակի դժգոհությունները հնարավորինս մեղմվի և կանխվի։ Նշենք նաև, որ 2021 թվականի ամռանը, երբ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Շուշիում հայտնի պայմանագիրն էր ստորագրում, հայտարարում էր, որ հայկական կողմն իրենց ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել, և նա գոհ է այդ քարտեզների ճշտությունից, սակայն որոշ ժամանակ անց նույն Ալիևը սկսեց բողոքել, որ այդ քարտեզներն ունեն ընդամենը 25 տոկոս ճշտություն։
Կարդացեք նաև
Հայկական կողմը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է, որ ռազմական գաղտնիք հանդիսացող նշված քարտեզները ադրբեջանական կողմին հանձնվել է՝ որպես բարի կամքի դրսևորում, և եթե նույնիսկ համարենք, որ այդ քարտեզների ճշտությունը ընդամենը 25 տոկոս է, ապա փաստացի Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է շահում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես կոչված, «բարի կամքի» դրսևորումներից։ Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի անհայտ կորած զինվորների վերաբերյալ Ալիևի հայտարարությունն, իմ կարծիքով, հեռահար նպատակներ է հետապնդում։ Նա փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Արցախյան առաջին պատերազմով անցած հրամանատարները պատասխանատվության ենթարկվեն, ինչը նրան կարող է հաջողվել, եթե ՀՀ գործող իշխանությունը, այսպես ասած, կոնտր քայլեր չձեռնարկի։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այդպիսի քայլեր տեսանելի չեն։
-Այսօր առաջնային քննարկվող հարցերի շարքում առանցքային են ՀՀ պետական սահմանի անվտանգության հետ կապված խնդիրները։ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր առիթներով անընդհատ շեշտում են, որ իրենք անում են առավելագույնը՝ սահմանում պատշաճ ապահովում իրականացնելու նպատակով։
Ինչպե՞ս եք գնահատում հնարավոր նոր ագրեսիայի ռիսկը. Թուրքիան կգնա՞ բացահայտ քայլերի, թե՞ կպահպանի կուլիսային աջակցողի ներկայիս կարգավիճակը։
-Սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական կողմի լայնածվալ հարձակման ժամանակ, որը տևել է ընդամենը մեկուկես օր, ըստ պաշտոնական թվերի, մենք ունեցել ենք ավելի քան 200 զոհ։ Համեմատության համար ասեմ, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, որն ըստ մասշտաբների անգամներով ավելի մեծ էր, մենք առաջին օրն այդքան զոհ չենք ունեցել։ Անվտանգային խնդիրները, ցավոք սրտի, չափազանց շատ են, և այդ խնդիրները ճիշտ վերլուծելու, գնահատելու, առաջնահերթությունները դասակարգելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի կարևորագույն պաշտոններում նշանակված մարդիկ բարդ և դժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու համար կոմպետենտ լինեն։ Մենք ավելի քան 7 ամիս է՝ չունենք ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, իսկ ԳՇ պետն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է այդ համակարգը, իսկ վերջին փոփոխություններից հետո դարձել է Սուրեն Պապիկյանի տեղակալը։
Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի նոր սադրանքները անպակաս են լինելու, և չի բացառվում, որ սադրանքների ուղղության փոփոխություն տեղի ունենա։ Հետևելով նրանց լրահոսին և տարբեր քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններին՝ հասկանում ենք, որ նրանց նպատակների և ցանկությունների փոփոխություն տեղի չի ունեցել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրանք ցանկանում են, մաքսիմալ վնասներ հասցնելով, վերահսկողություն սահմանել կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ, և եթե մեր կողմից համարժեք և կոշտ պատասխան չտրվի այդ սադրանքներին, ապա նրանց ախորժակը գնալով մեծանալու է, ինչին բազմիցս ականատես ենք եղել։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիում կնքված պայմանագիրը ենթադրում է, որ Ադրբեջանի դիմելու պարագայում, Թուրքիան պարտավորվում է արդեն բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերել իր փոքր եղբորը։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում