Չնայած 30 տարին փոքր ժամկետ չի, բայց կարող եմ վստահաբար ասել, որ Երրորդ հանրապետությունում երեւույթների քաղաքական գնահատման եւ դրանց շուրջ քաղաքական բանավեճի մշակույթ առայժմ չի ձեւավորվել: Քննարկումներն ու գնահատականները զուտ հուզական են՝ հիմնված ինչ-որ պատրանքային, վիրտուալ «իրականության» հանդեպ ձեւավորված պատկերացումներից:
Խնդիրն այն է, որ սառնասիրտ, իրատեսական վերլուծությունների պահանջարկ Հայաստանում չկա, իսկ պատրանքները պայմանավորված են մեր ժողովրդի միամիտ հավատի վրա, որ դրսում կան ինչ-որ բարի եւ, միաժամանակ, հրաշագործ ուժեր կամ գործիչներ, որոնք մեզ կպաշտպանեն ու կապահովեն մեր բարեկեցությունը:
Նման հավատի հերթական «բռնկումն» էին առաջացրել Էմանուել Մակրոնի՝ հարցազրույցի ժամանակ արտասանած ջերմ խոսքերը Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Ֆրանսիայի նախագահը մասնավորապես անդրադարձել է, այսպես ասած, «նյութականի» եւ «հոգեւորի» փոխհարաբերակցությանը. «Եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն, իհարկե։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիային ու Եվրոպայի ձայնին, ապա ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ու մեր բոլոր հայրենակիցների առաջ պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»:
Ինչ խոսք, գեղեցիկ է ասված: Բայց քանի որ Եվրոպան եւ Ֆրանսիան առանձնապես չհուզվեցին, երբ Լեռնային Ղարաբաղի մեծ մասը հայաթափվեց եւ ռազմական ուժի կիրառմամբ գրավվեց Ադրբեջանի կողմից, մնում է ենթադրել, որ մեր հարեւանների այդ գործողությունները միանգամայն տեղավորվում են եվրոպական արժեքային համակարգի մեջ: Գուցե այն պատճառով, որ Արցախը «միջազգայնորեն ճանաչված է» որպես Ադրբեջանի մաս:
Կարդացեք նաև
Մինչեւ Մակրոնի խոսքերից ուրախանալը, հպարտանալը եւ շոյվելը, մինչեւ ապագա երեխաների անունը «Էմանուել» կամ «Մակրոն» դնելը՝ առաջարկում եմ մտածել, թե գործնական ի՞նչ հետեւանքներ են դրանք ունենալու: ԵՄ առաջիկա գագաթաժողովի ժամանակ արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Արդյո՞ք մեր սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կկանխի Ադրբեջանի նոր ագրեսիան: Արդյո՞ք ՆԱՏՕ-ի անդամները՝ Ֆրանսիան եւ Թուրքիան, ինչպիսի խորը հակասություններ էլ ունենան, կգնան հարաբերությունների կտրուկ սրման:
Հաշվի առնելով հայկական «թրոլինգի» առանձնահատկությունները՝ գուցե հարց հնչի՝ իսկ ի՞նչ է, Ռուսաստանն ավելի լա՞վն է: Ո՛չ. կարծում եմ, մեր այսօրվա ծանր իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքականությամբ, այդ առումով, ի դեպ, Մակրոնի հարցազրույցում տրված գնահատականներն օբյեկտիվ են: Իհարկե, Ռուսաստանի ներկայիս դիրքորոշման համար պատասխանատու է նաեւ այսօրվա իշխանությունը, որը վատ է աշխատում այդ կարեւոր գործընկերոջ հետ: Բայց բոլոր դեպքերում զուտ քաղաքական, ոչ հուզական մոտեցումը պահանջում է փաստել. Ռուսաստանի ձեռքին շատ ավելի լուրջ լծակներ կան, քան Ֆրանսիայի եւ Եվրոպայի: Առայժմ այդպես է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քրիստոնյա, մահմեդական, հեթանոս թե աթեիստ(սա էլ է հավատի, կրոնի տեսակ) կամ բուդդիստ հայերիս հայ ազգային արժեքահամակարգն է միավորում, այն է՝ բոլորս էլ տառապում ենք հայի ցավով եւ ամեն մեկս մեր կրոնների մեջ լուծումներ ենք փնտրում հայի ցավը բուժելու: Հայերիս նման կրոնական բազմազանությունը միայն հարստացնում եւ օգուտ է բերում մեր ազգին, ինչպես հայ լեզուն հարստանում է հայ համայնքների բարբառներով, հայ ազգային մշակույթը՝ համայնքների պարերով, խոհանոցով կամ ռազմի արվեստով: Մեր հարստությունը մեր բազմազանության մեջ է, այդ բազմազանությունը հարգելու, ընդունելու եւ ազգային մի միասնական արժեհամակարգի միաձայն ընդունելու եւ միասնական պաշտպանելու մեջ է:
Իմ պատկերացմամբ վատ հայ չի լինում, մարդս կամ հայ է, կամ հայ չէ եւ ոչ հայից սպասել չգիտեմ ինչ մեզ օգուտ մի քիչ երեխայական մոտեցում է: Մենք քիչ ենք, բայց վիտամիններն էլ են քիչ, իսկ առանց որեւէ վիտամինի մարդու առողջությունը վնասվում է: Թշնամուց էլ պետք է ունակ լինենք սովորելու, մենք պետք է դառնանք հնդեւրոպական լեզվախմբի ժողովուրդների միասնականության դրոշակակիրը, մե՛նք պետք է հանգցնենք հնդեւրոպական լեզվախմբի ներկայացուցիչների՝ ռուս եւ ուկրաինական ժողովուրդների հակամարտության կրակը, միասնական ուժերով դուրս մղենք մեր կառավարություններից հակահնդեւրոպական տարրերին, որոնց պատճառով էլ մեր ժողովուրդների կապիտուլյացիա է իրականացվում, այսօր ռուսներին են կապիտուլացնում արեւմտյան զենքով ու հակահնդեւրոպական կառավարություններով, իսկ վաղը ուկրաինացիներին կկապիտուլացնեն՝ նրանց զրկելով զենքի արեւմտյան դոպինգից եւ սկուտեղի վրա կհրամցնեն քոչվոր մեկին, ինչպես Արցախի կեսը հրամցրեցին: Հնդեւրոպական լեզվախմբի ժողովուրդներ, չկա չարիք առանց բարիքի, միավորվե՛նք: