Հայաստանում պարենային ապրանքների եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. սեպտեմբերին, 2021թ. սեպտեմբերի համեմատ, թանկացել են 13,7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ` 0,4%-ով։ Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Համաձայն այդ տվյալների՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենից շատ թանկացել են մակարոնեղենը, տավարի միսը, սառեցված ձուկը, պանիրը, միրգը: Այսպես, մակարոնեղենը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով թանկացել է 31,5%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ էժանացել է 0,8%-ով։ Հացաբուլկեղենը եւ ձավարեղենը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել են 19,4%-ով, ամսվա կտրվածքով` 0,2%-ով։
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք տնտեսագետ Սուրեն Պարսյանին. «Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված տնտեսական պատժամիջոցները եւ կորոնավիրուսից հետո տնտեսությունների վերականգնման շրջափուլը մեծ ազդեցություն են թողել համաշխարհային շուկայի վրա, մասնավորապես՝ աշխարհի բոլոր երկրներում գրանցվում է աննախադեպ բարձր գնաճ։ Էներգակիրների եւ պարարտանյութերի գների կտրուկ աճը նպաստում է սննդամթերքի գների շարունակական աճին։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է 8,6 տոկոս գնաճ, իսկ այս տարվա միայն սեպտեմբեր ամսին գնաճի մակարդակը հասել է 9,9 տոկոսի։ Հատկապես կտրուկ ավելացել է սննդամթերքի գնաճը՝ կազմելով 13,7 տոկոս։ Հայաստանի սննդամթերքի գնաճի վրա ազդել են ներքին եւ արտաքին գործոններ»։
Նա հիշեցրեց, որ տարեսկզբին Ռուսաստանի Դաշնությունը 6 ամսով սահմանափակել էր հացահատիկի արտահանումը, դրանով խորացնելով ցորենի գնաճը համաշխարհային շուկայում, հետագայում էլ մատակարարումների խնդիրը առաջացավ ուկրաինական նավահանգիստներից։ Ռուսաստանին եւ Ուկրաինային է բաժին ընկնում համաշխարհային ցորենի արտահանման մոտ 30 տոկոսը։ «Էներգակիրների, հատկապես բնական գազի գնի աճը բորսայում նպաստեց պարարտանյութների աննախադեպ գնաճին։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ունի ամենացածր պարենային ինքնաբավությունը, տարեկան սպառում ենք շուրջ 350 հազար տոննա ցորեն, որի 75 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում ցորենի գները աճել են այս տարվա ընթացքում, հետեւաբար ավելի շատ ենք վճարում դրա դիմաց։ Հարկ է նշել, որ ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանից ներկրվող ցորենի գինը անհամեմատ ցածր է»,-նշեց Սուրեն Պարսյանը:
Կարդացեք նաև
Այս ամենին տնտեսագետը գումարեց նաեւ դիզելային վառելիքի գնաճը, որը 2022 թ. սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում աճել է 36,2 տոկոսով, ինչպես նաեւ պարարտանյութերի գները։ Նրա խոսքով, այս ամենը, անշուշտ, ազդում է գյուղմթերքի արտադրության ծախսերի աճին, որն արտահայտվում է գնաճով։
Սուրեն Պարսյանը հավելեց, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին միայն ալյուրը թանկացել է 15,6 տոկոսով, որն ուղղակի ազդում է ալյուրից պատրաստվող բոլոր ապրանքների գների վրա, այդ թվում՝ մակրոնեղենի։ Բացի այդ, այդ տարվա փետրվարի 1-ից թանկացել է էլեկտրաէներգիան, իսկ ապրիլի 1-ից՝ բնական գազը, որը նույնպես նպաստել է հացամթերքի եւ մակրոնեղենի գնաճին:
Շարունակելով թանկացած սննդամթերքի «լավագույն հնգյակը»՝ նշենք, որ պանիրը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել է 23,9%-ով, «Կանթնամթերք, պանիր եւ ձու» խմբում գները սեպտեմբերին տարվա կտրվածքով ավելացել են 12%-ով։ Տավարի միսը նույն ժամանակահատվածում տարեկան կտրվածքով թանկացել է 22,1%-ով։ Հետաքրքիր է, որ թանկացած սննդամթերքի ցանկում տեղ է գտել նաեւ սառեցված ձուկը, որի գինը սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ավելացել է 23,9%-ով: Միրգը սեպտեմբերին՝ բերքահավաքի եռուն շրջանում, որ թվում է, թե գներն էապես պետք է իջնեն, ճիշտ հակառակը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել է 21%-ով:
Տնտեսագետի դիտարկմամբ, գյուղմթերքի գնաճին էապես նպաստել է նաեւ 2022 թվականին արձանագրված գյուղատնտեսության ոլորտի անկումը՝ 5,5 տոկոս, այդ թվում՝ բուսաբուծության ոլորտի անկումը կազմել է 8,8 տոկոս, իսկ անասնաբուծության ոլորտի անկումը՝ 3 տոկոս։ «Զգալի նվազել է անասունների գլխաքանակը, որը պայմանավորված է խոտի թանկությամբ եւ պատերազմական գործողությունների հետեւանքով տարածքային կորուստներով։ Միաժամանակ ավելացել է սննդամթերքի նկատմամբ պահանջարկը, մասնավորապես՝ ռուս տուրիստների հոսքը լրացուցիչ պահանջարկ է ստեղծել մեր ներքին շուկայում՝ գնաճը ավելացնելով»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2022