Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականի հոկտեմբերի 13-ը խլեց Իսահակի երազանքների շղթան, խլեց անվերադարձ…

Հոկտեմբեր 15,2022 14:30

Կա մի ուրիշ մարմին, որն ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը, այդ մարմինը Հայրենիքն է:
Մուրացան

Արփա գետի ափով ձգվող ճանապարհս տանում էր դեպի բարձր լեռները: Այն զարդարում էր աշնան ցրտից չորացած մասրենու գաճաճ ծառերը, իրար հետ պար բռնած սարերն ու ձորերը ձգվում էին էլ ավելի բարձր… Լեռներից իջնող սառը քամին էլ ավելի էր դուր գալիս…Մուգ կապույտ ստվերները ծածկել էին Հարսանյանց լեռներն ու գյուղի խորդուբորդ ճանապարհները… Տեղ -տեղ երկինք խոյացած լեռների կատարները ծածկվել էին ձյունով։ Քարուքանդ եղած ճանապարհս ձգվում էր դեպի Վարդաբլուր լեռը։ Լեռան լանջին ծվարած գյուղը էլ ավելի էր մոտենում, մթության մեջ հեռվից նշմարվում էին գյուղի լույսերը: Որքան մոտենում էինք գյուղին, այնքան արագ էին դառնում սրտիս զարկերը: Այս գյուղը հերոսական է, այստեղ են ապրում Նախիջեւանի Զնաբերդ գյուղի բնակիչները, Արցախյան պատերազմին գյուղը, նորից ջոկատ կազմելով, անցել էր ինքնապաշտպանության:

Ճանապարհս կանգ առավ լեռան լանջին գտնվող տանը: Այս տանն է ապրել գյուղի մերօրյա հերոս Իսահակ Սիմոնյանը: Վայոց ձորի Հարսանյանց լեռների ստորոտում՝ Վարդաբլուր լեռան լանջին գտնվող Զեդեա գյուղում է ապրում Սիմոնյանների բազմազավակ ընտանիքը։ Հերոսական ընտանիք, որը երեք պատերազմներում մարտնչեց ոսոխի դեմ, եւ իր փառքի հերոսական դափնին փոխանցեց սերնդեսերունդ…

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում Սամվել Սիմոնյանն իր երեք որդիների հետ հերոսաբար մարտնչում էր ամենաթեժ կետերում՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով: Որդիներից ամենակրտսերը` Իսահակը, եղբայրներից տարբերվում էր իր յուրահատուկ տեսակով։

Կրտսեր որդու ծնունդը նախատեսված էր՝ որդի պիտի ծնվեր, անունն՝ Իսահակ։ 1995 թվականի նոյեմբերի 27-ին Սիմոնյանների ընտանիքում ծնվում է նրանց 5-րդ զավակը` Իսահակը։ Թմբլիկ, սիրուն, սեւ, խոշոր աչուկներով հրաշամանուկը մեծացավ հայոց լեռների գրկում։
«Խելացի էր, հանգիստ բնավորություն ուներ, նվիրված ու ընտանիքին հասնող զավակ էր, պարտեզի մեջի ամենասիրուն ծաղիկն էր»,- արցունքն աչքերին՝ պատմում էր հարեւանուհին` տիկին Ծովինարը։

Իսահակը հայրենի գյուղի 8-րդ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Երեւանի Գ. Ադդարյանի թիվ 133 հիմնական դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին զորակոչվում է բանակ՝ լրացնելով Զինված ուժերի շարքերը։

Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսի զորամասում։ «Իմ ամենալավ զինվորներից էր Իսահակ Սիմոնյանը: Պատվով էր կրում զինվորական համազգեստը, անթերի ծառայող էր, յուրահատուկ բնավորության գծերով էր օժտված, առաջին կանգնողներից մեկն էր, անվախ էր, աշխույժ, ժպտերես, պարտաճանաչ, դաստիրակված ընտանիքի զավակ էր: Նա իմ ամենաբարեխիղճ զինվորն էր, սեր ու հարգանք էր վայելում համածառայակիցների կողմից»,- ասում է հրամանատարը` Գառնիկ Սիմոնյանը:

Իսահակի մեջ եռում էր հայրենասիրական ոգին: Ծառայությունն անցնելու տարիներին նա պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: Շնորհակալական նամակներ էին ստանում ծնողները եւ հպարտանում էին իրենց զավակով։ 2015 թվականին՝ ծառայությունն ավարտելուց հետո, Իսահակը ծառայության է անցնել ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։ Քաջ ազատամարտիկի որդին սիրում էր լսել ու խորհուրդներ քաղել հորից. նա հոր եւ պապերի հաղթանակած դափնիների դասերը լավ էր սերտել։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ողջ երկայնքով։
«Մհեր Ստեփանյանի զինվորներն ենք եղել»,- հպարտորեն ասում է Արմանն ու շարունակում զրույցը։ «Իսահակի հետ ծանոթացել եմ զորամասում. միասին ծառայում էինք նույն վաշտում, նույն ջոկում, նույն դիրքերում։ Ինժեներական աշխատանքներ կատարելիս ամենաառաջինն էր, արագ եւ հմտորեն էր կատարում յուրաքանչյուր առաջադրանք։ Չափից շատ բարեխիղճ էր, հոգատար, ամեն ինչի պատրաստ էր՝ հանուն բոլորիս։ Մենք դիրքերում էինք, երբ սկսվեց պատերազմը, պահում էինք ՀՀ հարավային սահմանագոտին։ Արցախում պատերազմ էր, եւ մենք ուզում էինք շուտ հասնել այնտեղ։ Հոկտեմբերի ինն էր, երբ ամբողջ գումարտակը, Մհեր Ստեփանյանի գլխավորությամբ, շարժվեց Արցախ` Ջրական։ Ուրախ էինք, գնում էինք կռվելու, մեր սուրբ հողը պաշտպանելու։ Տեղ հասնելուն պես՝ ամեն ինչ փոխվեց. դա այն կռիվը չէր, որը մենք պատկերացնում էինք։ Պատերազմ էր: Ամենաթեժ ու կատաղի մարտերը շարունակվում էին, եւ անգամ ամենադժվարին պահին Իսահակը մեզ ոգեւորում էր, փամփուշտ ու քաղցրավենիք հասցնում։ Նա կռվում էր անմնացորդ նվիրումով. կոտրվել չկար, միայն առաջ։ Անգամ եթե երկու հոգով էլ մնայինք՝ պիտի կռվեինք մինչեւ մահ։

Երկնքից կարկուտի պես թափվում էին արկերը։

Իսահակը ձեռքը տարավ մեջքիս.
-Էս քարերդ չկա՞ն:

-Չէ, Իս ջան, չկան…
Լուռ շրջվեց, գնաց բռոնի ժիլետից քարերը բերեց-տեղադրեց մեջքիս, որ որոշ չափով ապահով լինեմ։ Գնդացրի շղթա կար, ես իր վրա փաթաթեցի, ինքը` իմ։

Ասաց.
-Սա է մեր ճակատագիրը, մենք պետք է կռվենք։

Մենք պատրաստ էինք մեռնելու, բայց չնահանջելու: Մեզ գլխավորում էր խիզախ ու խելացի հրամանատար Մհեր Ստեփանյանը։ Նրա ամուր ոգու, մարտական վարպետության եւ գերազանց պատրաստության շնորհիվ մենք կարողանում էինք արագ կողմնորոշվել։ Մի անգամ թշնամին շատ էր մոտեցել, եւ հրամանատարը հրամայեց անցնել շրջանաձեւ պաշտպանության։ Մենք դիրքավորվեցինք, Իսահակը ասաց.

-Ինչ ուզում ա՝ լինի, էս փոսի մեջ էլ մնանք, արկն էլ ընկնի, մեռնենք՝ գնալ չկա, պետք է մնանք էստեղ, հրամանատարի հետ մինչեւ վերջ կռվենք:
Մինչեւ վերջ…

Մեր հրետանին կատաղի եւ հուժկու հարվածներ էր հասցնում հակառակորդին, հերոսական կռիվ մղեց, եւ ռազմաճակատի մեծ մասում կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Դա Ստեփանյանի շնորհիվ էր:

Ես ու Իսահակը դիրքավորվեցինք թմբի վրա: Մենք երեք մետր հեռավորության վրա էինք, Իսահակը ձեռքն էր վերցրել գնդացիրը եւ մարտնչում էր՝ քաջին վայել: Նրա մարտական ոգին միշտ բարձր էր, հուժկու եւ դիպուկ հարվածներ էր հասցնում թշնամուն: Մարտնչում էինք տարածաշրջանի ամենավտանգավոր հատվածներում, եւ այդ կատաղի մարտերում Իսահակը մտածում էր ոչ թե իր, այլ տղաների ու հայրենի հողի մասին։ Նա ամբողջ սրտով նվիրվել էր հայրենիքին, նրա երակներում հոսող վրեժի կանչը տանում- հասցնում էր թշնամու կոկորդին։
Երկնքից մեր գլխին թափվող արկերը հողին էին հավասարեցնում ամեն ինչ: Երբ մի պահ կրակը դադարեց, Իսահակն ասաց.

-Պատիվ է հայրենիքի համար՝ կռվել ու մեռնել…

Իսահակը արժանապատիվ, համարձակ զինվորական էր, նրա անմնացորդ սերը դեպի հայրենիք ավելի զորեղ էր։ «Դու կա՜ս, ընկե՜րս…»,- եզրափակեց Արմանը:

Թերթելով պատերազմի օրերին արված զինվորական լուսանկարները` նկատեցի զինվորական համազգեստով մի կնոջ. նա գումարտակի բուժքույր Հասմիկն էր։ Պատերազմից անցել է մեկ տարի, բայց պատերազմ տեսածների համար այդ մղձավանջը երբեք էլ չի վերջանա:
Իմ առջեւ նստած էր զինվորական համազգեստով, սեւ վարսերով գեղեցկադեմ բուժքույրը: Ես փորձում եմ հուշ պատառիկներ քաղել նրա տեսածից ու ապրածից:

«Իսահակին ամբողջ գումարտակն էր սիրում, իրեն սիրում էինք ու հարգում՝ իր մարդ տեսակի համար,- ժպիտով, բայց միեւնույն ժամանակ սրտի մեծ ցավով է թերթում պատերազմական դժնդակ օրերը Հասմիկը։- Երբ մենք արդեն Ջրականում էինք, հրամանատարը կարգադրեց, որ ինձ ամենալավ խրամատը տանեն։ Դասակի հրամանատար Մանուկյան Աշոտը ինձ տարավ իրենց մոտ՝ ասելով՝ մեզ մոտ ապահով է։ Գնացինք, տղերքը 67 հոգի էին, նրանց մեջ էր նաեւ Իսահակը։

-Արի- արի էստեղ, լավ ա, որ եկել ես մեզ մոտ,- ասաց նա:

Հաց ուտելիս մի պահ լուսանկարվեցինք, ասացի.
-Հիշատակ է, թող մնա, գուցե մեզանից մեկը էլ չլինի:

Հետո սուրճ էինք խմելու, բայց չհասցրինք խմել. տանկի հարվածները չթողեցին: Ամեն անգամ արկերի՝ մեր կողմ գալիս Իսահակը ինձ էր գրկում, ամբողջ մարմնով ծածկում ինձ՝ ասելով. «Հասոյին բան չլինի, նա բոլորիս համար կարեւոր գործ է անում»։ Մեր գումարտակը գտնվում էր կռվի ամենաթեժ կետում։ Մեր խրամատից երեւում էր Ջաբրայիլի գունդը. հակառակորդը կեղծ վրաններ էր խփել մեր դրոշներով, որպեսզի իր թակարդը գցեր։ Բայց հայի անկոտրում ոգու դեմ թշնամին անզոր էր նույնիսկ իր գերհզոր զենքերով։ Երբ հերթական արկերն էին գալիս, ու մենք հրաշքով փրկվում էինք, անտեսանելի դառնում՝ փոշու մեջ կորչելով, հետո գտնում իրար։ Մենք ամեն գնով անում էինք անհնարինը, փրկում վիրավորներին, բայց սարսափելի մահը կանգնեցնել չէինք կարողանում. մեր աչքի առաջ զոհվում էին մեր ընկերները։ Իսահակը կյանքեր էր փրկում, վիրավորներին դուրս բերում եւ խենթի պես նետվում էր մարտի` անհավասար մարտում կռվելու: Նրա հոգու կանչն էր՝ կյանքի գնով պահել հայրենիքը, հողը, ծնողին եւ ժողովրդին…»:

«Հոկտեմբերի 12-ի առավոտն էր, երբ խոսեցի եղբորս հետ, դա մեր վերջին զրույցն էր, երբ հարցրի. «Ո՞նց ես, Իս ջան, ո՞նց ա իրավիճակը»: Իսկ նա ասաց. «Էստեղ մսաղաց ա»: Ես իմ օգնությունը առաջարկեցի, բայց եղբայրս…

Եղբորս` Իսոյիս այլեւս չտեսա, չլսեցի, միայն նրա ձայնն ու խոսքերն են մինչեւ հիմա ականջներումս.
-Մինչեւ վերջին զինվորին խրամատից չհանեմ, տուն չեմ վերադառնա,- ասաց նա:

Մեր զրուցը տեւեց 34 րոպե, եւ կապս կորավ եղբորս հետ»,- պատմում է Իսահակի եղբայրը, եւ նրա աչքերում լճացած արցունքները շարունակում են խոսել նրա փոխարեն, արցունքներ՝ կարոտի, հպարտության ու եղբայրական սիրո:

Հազար ու մի պատառիկներ են թերթում Իսահակի ծնողները, քույրերն ու եղբայրները, հազար ու մի քաղցր հիշողություն։ Նրանց հոգում ծով- ծով կարոտ կար, այն լեզու էր առնում ու դառնում աղոթք նրանց շուրթերին։ Իսահակը սիրում էր կյանքը, նրա գույներն ու երազանքները, հազար ու մի բաղձանք ու տենչ ուներ հոգում պահած, որ պիտի սիրելի կնոջ` Անահիտի հետ կյանքի նոր շառավիղը գծեր, զավակներ ունենար:

Ամեն անգամ մոր հետ խոսելիս ասում էր. «Մամ, ես պետք է գնամ դիրքեր: Հայրենասեր տղեն ուրիշ տեղ չի գնա աշխատելու, իմ սրտի մեջ Հայրենիքն է, ես պետք է պաշտպանեմ այն»։

Իսահակ Սիմոնյանի սրտի զարկը Հայրենիքն էր, կռվի կեսը՝ հաղթանակը, նրա երազների անհուն տիեզերքում սուրբ Հայրենիքի ճակատագիրն էր որոշված։

2020 թվականի հոկտեմբերի 13-ը խլեց Իսահակին անվերադարձ…
Պատերազմը ամենասարսափելին է մարդկային կյանքում, որը տանում է լավագույններին։

Հայրը` Սամվել Սիմոնյանը, պատերազմների միջով անցած՝ թրծված ազատամարտիկներից մեկն է, ով մեծ ավանդ ունի հայրենիքի ազատագրման գործում։

«1988 թվականի նոյեմբերի 20-ի գիշերն էր, երբ թշնամու 500 հոգանոց բանակը հարձակվեց Նախիջեւանի Զնաբերդ գյուղի վրա, այն իմ հարազատ բնօրրան էր։ Գյուղը շրջափակման մեջ էր, հետեւում լեռներն էին, առջեւում՝ թշնամին։ Գյուղի երիտասարդ տղաները մեզ ապահովում էին փամփուշտներով: Մի իմաստուն ծերունի կար, ով նռնակներ էր պատրաստում, եւ այդպես համախմբված լինելով՝ մարտնչեցինք թշնամու դեմ»,- պատմում է Իսահակի հայրը:

Հայի ճակատագիրը արյունով է բացվե,լ եւ մենք ճար չունենք, մենք պիտի կռվենք, պայքարենք, մինչեւ հասնենք մեր իրական նպատակին:
Սամվել Սիմոնյանը շարունակում է պատմել իր եւ որդու խոսակցությունների մասին. «Ես աշխարհազորային էի, Իսահակիս խնդրեցի, որ տեղերով փոխվենք, ասացի՝ տղես, սա էն կռիվը չի, սա ուրիշ կռիվ ա, բալես: «Պա ջան, չի լինի, մեր 18 տարեկան զինվորները կռվում զոհվում են, ես տեղս չեմ գտնում, պիտի գնամ…»: Ու գնաց որդիս անվերադարձ…»:

Պատերազմի սարսափելի օրեր տեսած ազատամարտիկը ամուր սեղմում է բռունքը, կնճիռների տակ թաքցնում սրտի մեծ ցավն ու արցունքները, շարունակում է զրույցը. «Մի անբացատրելի ցավ էր ինձ պատել, այդ գիշե ր զգում էի որդուս վիրավոր մարմինը…»:
Հոկտեմբերի 13-ը հերոսական էր` ամեն լեռան, թմբի ու թփի մոտ հանգուցալուծվում էր առանց այն էլ մի բուռ մնացած մեր Հայրենիքի ճակատագիրը։ Տղաները առյուծաբար դիմանում էին հողաթմբերը քերող արկերի կարկուտին։ Ժամեր ու մի ամբողջ հավիտենություն թվացող օրհասական ճիգերից հետո թշնամին անկանոն նահանջի դիմեց։ Եվ Հայրենիքդ սիրելու համար խենթի պես խելագար ես լինելու, որ սերդ նրա հանդեպ տիեզերք է ու պատրաստ ես մեռնելու… Եվ մեռնում է հերոսը, հողը՝ արյամբ ներծծվում, արմատավորվում ու նոր ծիլ տալիս: Այն վրեժի ծիլն է՝ գալիք հաղթանակների: Իսահակ Սիմոնյանը ճակատամարտում մարտնչեց քաջին վայել՝ պատերազմի դաշտում պաշտպանելով մեր ազգանունն ու հայրենիքը: Իսահակի աճյունը հողին հանձնեցին 8 ամիս անց՝ Եռաբլուրում։

Հսկա քաղաքի Բլուրում լռություն էր տիրում: Հողե թմբերը իրենց բարձ դարձրած հերոս տղերքն են քնած, քամու տակ՝ բարձրում ծածանվող Եռագույնները իրենց լացն են երգում անհուն տիեզերքում, երգում ու երազում գալիք վրեժի ու հաղթանակի մասին…

Արմինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31