Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանություն իրականացնելիս խնդիրներ կծագեն Հայաստանից գնացած փաստաբանների համար

Հոկտեմբեր 15,2022 14:00

Օրեր առաջ Արցախում էր գտնվում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, քրեական գործերով ճանաչված փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նրա պաշտպանյալ Հրաչ Մարգարյանը, որի նկատմամբ նյութեր էին նախապատրաստվել Արցախում հայտնի անձնավորության բնակարանից գողություն կատարելու համար, քրեական գործն ուղարկվել էր դատարան, ընտրվել էր խափանման միջոց՝ չհեռանալու մասին, խնդրել էր, որպեսզի Հայաստանից փաստաբան գա: Փաստաբանը ներկայացել էր:

Արսեն Մկրտչյանի հետ մեր զրույցից հետաքրքիր մանրամասներ պարզվեց: Նախ, բնակարանային գողությունը երեւանաբնակ Մարգարյանը կատարել էր մեկ ամիս առաջ: Չորս օր նա պահվել է ՁՊՎ-ում՝ ձերբակալվածների պահման վայրում, որն արդեն իսկ խախտում էր (ԼՂ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով երեք օր էր նախատեսված): Մարգարյանի վրա բռնության հետքեր էին եղել, բժիշկ է կանչվել, նրանից այդ ընթացքում խոստովանական ցուցմունք են վերցրել: Գողությամբ տուժողին հասցված վնասը կազմել է 2 մլն 950 հազար դրամ: Մարգարյանն այն հատուցել է: Քրեական գործի նյութերը չէր տրամադրվել կողմին, այն դեպքում, երբ նրա վերաբերյալ գործը հասել էր դատարան:

Փաստաբանի մտահոգությունն այլ է. Արցախի դատավորներն այսու զրկված են ի կատար ածելու իրենց որոշումները, Հայաստանը չունի դրա հնարավորությունը: Ընդունենք, դատարանը կայացնում է որոշում բերման ենթարկել վկաներին, դատավարական կողմերից որեւէ մեկին, որոնց բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է, մեղադրյալին, ով չի ներկայանում Հայաստանից Արցախ, ում խափանման միջոցն այլ է, ով ինչպես է իրականացնելու: Ըստ փաստաբանի, հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպումից հետո, արտասովոր իրավիճակ է ստեղծվում Արցախում: «Ո՞վ է ճանաչելու դատական ակտերը, ինչպես»,-հարցնում է փաստաբանը:

Պրահայի հանդիպումից հետո, ըստ փաստաբանի, մենք անուղղակիորեն օրենքից դուրս ենք դրել Արցախի իրավապահ մարմինների որոշումները: Ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացուն իր կամքին հակառակ չենք կարող տանել «այլ տարածք»…

Ողջ ժամանակահատվածը դեպի Արցախ, փաստաբանն անցել է խաղաղապահների մոտով, ապա՝ ադրբեջանական, Արցախի ոստիկանների ստուգումների միջով:

Ճանապարհը, որով անցել են մինչ Արցախ, զրկված է գործող բջջային կապից: Մեկ այլ հարց է, թե այսու ինչպես են անցնելու մի ճանապարհով, որն այլեւս դատարկ է…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարում՝ Ճանապարհը, որտեղ երեք գիծ է երթեւեկելու համար, կառուցել է ադրբեջանական կողմը, որտեղ երկու գիծ` հայկականն է։

«Առավոտ» օրաթերթ
14.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31