Լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ, ջութակահար Նարինե Դելլալյանը հոր՝ անվանի կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի երեկոյի եւ ժառանգության մասին
Օրերս կայացավ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ՝ բավականին ներկայացուցչական մասնակցությամբ՝ ջութակահար Անուշ Նիկողոսյան, դաշնակահար Հայկ Մելիքյան, Հայաստանի պետական կամերային երգչախումբ՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում հատվածներ հնչեցին Հարություն Դելլալյանի, Կոստան Զարյանի եւ այլոց տողերից, կարդաց Սամվել Թոփալյանը։ Նաեւ հատվածներ ցուցադրվեցին Դելլալյանի մասին պատմող ֆիլմերից, որոնց հեղինակներն են Արայիկ Մանուկյանը եւ Արթուր Բախտամյանը։
«Առավոտը» զրուցել է Դելլալյանի դստեր` լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ, ջութակահար Նարինե Դելլալյանի հետ:
– Ինչո՞վ էր յուրահատուկ Հարություն Դելլալյանին նվիրված հոբելյանական երեկոն:
Կարդացեք նաև
– Հանդիսատեսի հոգուն հասած, նրան հուզած, ոգեւորած յուրաքանչյուր համերգ արդեն իսկ յուրահատուկ է դառնում, որովհետեւ կատարել է իր դերը, նպատակը։ Հարություն Դելլալյանի հոբելյանական այս համերգը հենց այդպիսին դարձավ շնորհիվ հնչած երաժշտության, մեր լավագույն երաժիշտների, նրանց բարձրակարգ կատարողական արվեստի։ Համերգը իր բնույթով կարծես դարման լիներ մեր այսօրվա տրամադրությանը։ Ես տեսա բազում արտասվող աչքեր, արցունքներ, որոնք ոգեղենությունից ծնված արցունքներ էին։
Համերգի ձեւաչափն էլ էր տարբեր։ Երբ ի պատիվ մեզ, Կամերային երաժշտության տան տնօրինության կողմից տեղեկացանք, որ Հարություն Դելլալյանի 85-ամյակին նվիրված համերգ է նախատեսված՝ մտածեցի այս անգամ բացի երաժշտությունից, հանդիսատեսին ներկայացնել նաեւ հայրիկիս յուրօրինակ կենսագրությունից դրվագներ, որոնք իրենց մեջ մի ամբողջ սերնդին բաժին ընկած դժվարագույն ճակատագրի մասին են, ժամանակաշրջան, որը իր բերած բազում բարդություններով խորը հետք է թողել նրանց կյանքում։
Պատրաստածս տեքստի մեջ ներառել էի նաեւ տարբեր տարիների ընթացքում հարգարժան մարդկանց կողմից գրված արժեքավոր տողեր, մեջբերումներ համաշխարհային մամուլից, գրված հայրիկիս այս կամ այն ստեղծագործության կատարումից հետո։
Ընդհանրապես իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ խոսքի առկայությունը շատ ցանկալի է երաժշտության հնչեցումից առաջ։ Այն օգնում է ընկալման, ավելի լավ ըմբռնման համար։ Հայրիկիս դեպքում իր կենսագրությունը ճանաչելն էլ օգնում է հասկանալ ստեղծագործողի ներաշխարհը, կուտակված ինչուները, որոնք հնչում են երաժշտության լեզվով։
Այդ ամենը սիրված դերասան Սամվել Թոփալյանը իր գեղեցիկ ու տպավորիչ ձայնով պատմեց ունկնդրին։
Կարեւորագույն երեւույթ է նաեւ, որ այս տարի մեր ընտանիքը Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի հետ համատեղ ուժերով կազմակերպեց Հարություն Դելլալյանի անունը կրող երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ՝ նպատակ ունենալով հայտնաբերել, աջակցել նորը փնտրող, թարմը բերող ստեղծագործողներին, շարունակություն ապահովելով Դելլալյանի ստեղծած կոմպոզիտորական ուրույն դպրոցին։ Արդեն ունենք հինգ մրցանակակիրներ, իսկ մրցույթը կլինի ամենամյա։
– Ձեր կարծիքով՝ ո՞րն էր համերգի մեխը:
– Դժվարանում եմ որեւէ ստեղծագործություն կան կատարողի առանձնացնել, ուստի ասենք՝ մեխը մեր երաժիշտների կատարողական բարձրագույն մակարդակն էր։ Կոմպոզիտորը գրում է իր երաժշտությունը, հետո Նա կարիք ունի իր երաժշտության թարգմանների, որոնք կատարողներն են։ Նրանց կատարումից է կախված ստեղծագործության ճիշտ մեկնաբանությունը, ուստի՝ հաջողությունը։ Մեծագույն երջանկություն է կոմպոզիտորի համար ունենալ տաղանդավոր կատարողներ։ Ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սեւակ Ավանեսյանը, կլարնետահար Մարտին Ուլիխանյանը եւ վերջապես դաշնակահար Հայկ Մելիքյանը, ում անունը արդեն երկար տարիներ կապված է Հարություն Դելլալյանի անվանը, այս համերգում էլ իր վրա էր վերցրել ամբողջ երեկոյի ծանրակշիռ մասը, բոլորը աներեւակայելիորեն զգացել էին դելլալյանական աշխարհը, Նրա երաժշտության խորքերը։ Իր խորությամբ ու հոգին տակն ու վրա անող կատարում էր կանանց երգչախմբի կողմից հնչեցրած «Լռության րոպե» a capella֊ն, որը ղեկավարեց խորաթափանց ու նուրբ երաժիշտ՝ Ռոբերտ Մլքեյանը։
Այս երաժիշտներով հպարտ կարող է լինել աշխարհի ցանկացած բեմ։
Հայրիկս երաժշտական մտածողությամբ իր ժամանակից շատ առաջ էր անցած։ Հնչած ստեղծագործությունները մեծ հաշվով գրված են մոտ քառասուն տարի առաջ, սովետական տարիներին, որոնք, սակայն, իրենց բնույթով ընդհանուր ոչինչ չունեն այդ ժամանակների մտածողության հետ։ Նա բացառիկ ազատ մտածող էր եւ գուցե հիմա, քառասուն տարի անց մենք հասնում ենք Նրա հետեւից…
– Ի՞նչ արձագանքներ են ստացվել:
– Արձագանքները շարունակվում են մինչեւ հիմա։ Շատ պատկառելի մարդիկ իրենց հիացմունքն էին արտահայտում հազվադեպ գանձ գտածի ուրախությամբ, համեմատելով Նրան Արշիլ Գորկու, Ժանսեմի, Գառզուի կտավների հետ, նույնքան ազատ, նույնքան անկեղծ ու յուրահատուկ։
Ոմանք էլ իրենց համար նոր էին բացահայտում Դելլալյանին։ Սա մեր ամոթալի բացթողումների մասին է վկայում, այն, որ այդպես էլ տարիների ընթացքում չկարողացանք մշակութային այնպիսի քաղաքականություն մշակել, որ գոնե մենք մեր կողքի տաղանդավոր ստեղծագործողներին ճանաչեինք։ Բայց ժամանակները փոխվելու են, ուզենք թե չուզենք, մեր երիտասարդների պահանջն է դա եւ եթե մենք չկարողացանք զգալի փոփոխություններ կատարել մեզ ճանաչելու հարցում, ապա նրանք դա անպայման կանեն։ Դրա ապացույցը մեր լավագույն պատանիներից մեկի ուղարկած նամակն էր ինձ, որտեղ մի քանի անգամ ընդգծում էր, որ Դելլալյան հաճախ պետք է հնչի, որ հենց ինքն էլ պատրաստվում է շուտով կատարել։
Նման երիտասարդների ներուժով մենք դուրս կգանք տարիներ ձգվող ու ձանձրալի լճացումներից, ճահճացումներից։
– Ինչո՞ւ համերգին չկատարվեցին կոմպոզիտորի սիմֆոնիկ գործերը:
– Կրկին ցավոտ մի հարց։ Ինչո՞ւ չեն կատարվում կամ՝ ինչու է այդքան սահմանափակ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարման հնարավորությունները։ Գուցե կրկին նույն մշակութային քաղաքականության չմշակված համակարգի արդյունքն է, որ գրված ստեղծագործությունները տարիներով մնում են դարակում եւ դժվարությամբ են դուրս գալիս այնտեղից։ Որտե՞ղ, եթե ոչ Հայաստանում նախ եւ առաջ հայ կոմպոզիտորը պետք է լսի իր ստեղծագործությունները։ Հոբելյանական տարին առաջին հերթին առիթ է անտիպ ստեղծագործությունները հասարակությանը ներկայացնելու, տպագրելու, հնչեցնելու առումով։ Այս համերգում, կրկին ներկայացրին Դելլալյանի կամերային ստեղծագործությունները, որի համար մեր երախտապարտությունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը, բայց կնշանակի կոմպոզիտորը կրկին ներկայացվեց կիսով, ոչ ամբողջապես։ Այնինչ՝ օրինակ, Կոստան Զարյանի եւ Գեւորգ Կառվարենցի խոսքերով գրված «Հուշարձան Նահատակներին» կանտատ֊ռեքվիեմը սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար՝ դեռ սպասում է իր առաջին կատարմանը։
Այս ստեղծագործությունը գրվել է 41 տարի առաջ։ Կուզեի իմանալ, դեռ որքա՞ն ժամանակ է անցնելու, որպեսզի հնչի Ցեղասպանության զոհերին, նահատակներին նվիրված այս կանտատը։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Էդգար Արշակյանի
«Առավոտ» օրաթերթ
14.10.2022