Հոկտեմբերի 10-ից Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է վաստակաշատ գեղանկարիչ Երվանդ Բիչախչյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Գեղանկարիչը իր ստեղծագործական տարիների ընթացքում նկարել է մոտ 4000 նկար, սակայն ցուցահանդեսում ներկայացված է մոտավոր 90 նկար:
Ցուցահանդեսում տեղ են գտել 1980 թվականից մինչ այժմ ստեղծված նկարները: Նկարիչը ցավով նշեց, որ հնարավոր չեղավ ավելի շատ նկարներ ներկայացնել ալցելուներին: Թեմատիկայի առումով հստակ ուղղություն չկա. կան ե՛ւ աբստրակտ, ե՛ւ ռեալիստական նկարներ, ե՛ւ ինքնադիմանկարներ, եւ այսպես շարունակ:
Երվանդ Բիչախչյանը զրուցում էր ցուցահանդեսի այցելուների հետ, երիտասարդ սերնդին տալիս մի շարք խորհուրդներ, բացատրում, որ գրագետ նկարիչ լինելու համար հարկավոր է անպայման ակադեմիական կրթություն ստանալ:
«Առավոտի» հետ զրույցում նա պատմեց իր անցած ճանապարհի մասին: Ըստ Երվանդ Բիչախչյանի՝ կարեւոր է, որ իր ստեղծածը դուր գա մարդկանց, քանի որ, վերջիվերջո, նա նկարում է հենց մարդկանց համար: Նկարիչը ներկայացրեց մի շարք նկարներ, որոնց ստեղծման ընթացքը տեւել է, օրինակ, վեց ամիս, կամ տարիներ: Նա, ի թիվս այլնի, անդրադարձավ իր աշխատանքներում տեղ գտած չարենցյան թեմային. կտավներից մեկը արտացոլում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Այն առանձնանում է իր վառ գույներով, հայկական զարդանախշերով, ինչպես նաեւ ձեռագիր գրված բանաստեղծական տողերով: Գեղանկարիչն ասում է, որ ինքն էլ Չարենցի նման անհանգիստ մարդ է: Իր ինքնադիմանկարներից մեկում պատկերված է նաեւ Չարենցի դեմքը: «Նրան ավելի մեծ նկարեցի, որովհետեւ ինքը ավելի մեծ մարդ է», – ժպտալով ավարտում է զրույցը:
Կարդացեք նաև
Երվանդ Բիչախչյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 17-ը:
Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2022