Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ ձախողված դիվանագիտություն

Հոկտեմբեր 15,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ալիեւը համառորեն ընդդիմանում է՝ անգամ Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմների գաղափարին

Ինչպե՞ս է պատասխանում պաշտոնական Բաքուն ՀՀ իշխանությունների կողմից՝ Ադրբեջան-Արցախ՝ քննարկումների մեխանիզմ ստեղծելու հայտարարություններին: Պրահայի քառակողմ բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա»։ «Մասնավորապես, երկու երկրների կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ապագայում որեւէ տարածքային հավակնություններից, ուժի կիրառումից հրաժարում, պետական սահմանների դելիմիտացիա եւ հաղորդակցությունների բացում»: Ինչ վերաբերում է արցախահայության թեմային, ապա Ադրբեջանի առաջնորդը պնդել է՝ «նրանք մեր քաղաքացիներն են, եւ մենք չենք պատրաստվում որեւէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես ենք կազմակերպելու նրանց կյանքը մեր տարածքում: Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, եւ մենք կորոշենք՝ երբ եւ ինչպես նրանց հետ խոսել։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Ալիեւն արդեն իսկ նպատակ է հետապնդում պաշտոնական Երեւանի առաջ քաշած գաղափարն արգելափակել: Դեռ քիչ է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի ճակատագրով զբաղվելու իր դերից, Ալիեւը նույնիսկ դեմ է պաշտոնական Երեւանի գաղափարի իրագործմանը՝ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններին:

Հոկտեմբերի 7-ին ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն տարածեցին՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ՄԱԿ երկրներին ճանաչել ԼՂ Հանրապետությունը։ Հայտարարությունում ասվում էր. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը եւ դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին եւ այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռքբերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որեւէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը եւ Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի՝ միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջեւ ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»:

Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ցասումի ինքնաբուխ հանրահավաք անցկացվեց: Արցախցիները բողոքի ձայն բարձրացրեցին Հայաստանի իշխանության արտահայտած դիրքորոշման ու քաղաքական գծի առնչությամբ: Հանրահավաքի մասնակիցները Արցախի, Հայաստանի ու համայն հայությանը կոչ արեցին, անկախ իրենց բնակավայրից, դուրս գալ, որպեսզի Արցախի ձայնն ավելի լսելի դարձնի: Հանրահավաքի մասնակիցները շրջափակել էին նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում էին, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Արցախցիներին հանդիպել էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը ցուցարարներին վստահեցրել էր, որ Արցախի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացվի։

Հոկտեմբերի 9-ին տեղեկատվություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երեւան՝ «ստեղծված իրավիճակը քննարկելու համար»: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ այցի հիմնական նպատակն է՝ քննարկելու 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նշվում էր, որ արցախյան պատվիրակության կազմում են՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը եւ ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը:

Հոկտեմբերի 12-ին «Արմենպրես»-ից տեղեկանում էինք, որ Երեւանում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, սակայն ուշագրավ է, որ ՀՀ կառավարությունն այդ օրը մամլո հաղորդագրություն չտարածեց այս հանդիպման վերաբերյալ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նաեւ հայտնել էին, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հանդիպման վերաբերյալ «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ քննարկվել է ստեղծված իրավիճակը։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի պատվիրակությունը եւս չի մասնակցել հանդիպմանը, Լ. Ավանեսյանը նշել էր, որ Երեւանում գտնվող ԱՀ պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները, իսկ արդյունքների վերաբերյալ «հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»։

Նկատենք, որ հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Նրանք անդրադարձել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: «Կարեւորվել է ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաեւ սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի»: Էնթոնի Բլինքենը հայտնել էր ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում եւս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծման թեմանները հայ-ամերիկյան երկխոսության հիմքում են: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ամերիկյան կողմը ստանձնել է հանձնառություն ադրբեջանական կողմի հետ երկկողմ քննարկումներում համաձայնության հասնել… Այնուամենայնիվ, Ալիեւի հայտարարությունները հիմք ընդունելով՝ կարելի է եզրակացնել, որ նա առայժմ համառորեն ընդդիմանում է այս հարցերում:
Իսկ ընդհանուր առմամբ, հայկական դիվանագիտությունը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին զսպելու, բանակցությունների դաշտ վերադարձնելու հարցում նշանակալի որեւէ արդյունքի առայժմ չի հասել: Ավելին, ոչ միայն մշուշոտ է Արցախի ապագան, այլեւ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ՀՀ իշխանությունները, կարծես, «խաղում» են պաշտոնական Բաքվի թելադրած «խաղի կանոններով»:

Պաշտոնական Երեւանի առաջարկները, ինչպես նկատում ենք, անկախ նրանից, թե դրանք որ թեմային են վերաբերում՝ ադրբեջանական կողմն ուղղակի մերժում է՝ առաջ ընթանալով իր պատկերացրած մեթոդներով: Իսկ պաշտոնական Երեւանին, թվում է, այլ բան չի մնացել, քան ժամանակ առ ժամանակ արձանագրել, որ պաշտոնական Բաքուն չի ընդունում հայկական կողմի առաջարկած այս կամ այն գաղափարը, կամ նույնիսկ՝ միջնորդ պետությունների այս կամ այն պահանջը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31