Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Ակնհայտ է, որ հայկական կողմը, կապիտուլյացված իշխանությունները փորձում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխել դեպի արեւմուտք: Իրենց բոլոր պայմանավորվածությունները եվրոպական կողմի հետ հանգեցնում են այնպիսի իրավիճակի, որ տարածաշրջանի ամբողջ վեկտորը Հարավային Կովկասում փոփոխվի: Հետեւաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպասվող խաղաղության պայմանագրի կնքման սպասելիքները ավելի մեծ վտանգներ են պարունակում: Խաղաղության պայմանագիրը մեզ համար որեւէ դրական ազդակ չի փոխանցում, հատկապես, որ հայկական կողմից որեւէ ձգտում չկա: Իմ համար արդեն համոզմունք է, որ Ադրբեջանը հայկական իշխանություններին ոնց ուզում քշում է, ինչի հետեւանքով Հայաստանը հայտնվում է այն փոսի մեջ, որը Ադրբեջանն է ցանկանում:
Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշեց, որ, այդ խաղաղության պայմանագրի մեջ իրենց համար շատ կարեւոր կետ է լինելու՝ գյուղերի վերադարձը: Խոսքը Տավուշի անկլավների եւ Տիգրանաշենի մասին է: Երբ մենք ժամանակին ահազանգում էինք Ադրբեջանի ահագնացող ախորժակի մասին՝ կապված անկլավների հետ, իշխանությունը եւ նրա լրատվամիջոցները մեզ մեղադրում էին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Փաստացի, Ադրբեջանը այս հայտարարությամբ հիմք է դնում անկլավների պահանջի, որպեսզի Հայաստանը Տավուշի եւ Արմավիրի մարզերի այդ տարածքներից հետ քաշվի: Եվ Բայրամովի այս հայտարարությունը խաղաղության պայմանագրի կնքումը խափանելու փորձ է, որպեսզի ռազմական գործողություններ սկսվեն: Ադրբեջանը Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունի: Ես ավելի շատ միտված եմ սրան: Այդ մասին երեկվա իմ հարցազրույցում ասացի, որ մեծ վտանգ կա, որ մինչեւ նոյեմբերի վերջ լոկալ բախում սկսվի, ինչպես եղավ սեպտեմբերին: Թշնամին փոքր, լոկալ բախումներով ուզում է Հայաստանը մարդկային ռեսուրսներից զրկել: Նկատի ունեմ զինվորական կռվող կոնտինգենտից զրկելը եւ ոչնչացնել մեծ թվով ռազմական տեխնիկա ու այդպես Հայաստանին զրկել պաշտպանվելու ունակություններից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ