«Ամերիկայի ձայն». Ուկրաինացի պաշտոնյաները հինգշաբթի հայտարարել են, որ ռուսական ուժերը հարվածել են երկրի մայրաքաղաքին և Խարկովի շրջաններին իրանական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքերով: Հարվածներին նախորդել էր Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խոստումը Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելու մասին:
Ռուսաստանը հրթիռների և իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի միջոցով հրթիռակոծել է Ուկրաինան հինգշաբթի օրը, երբ նախագահ Վոլոդիմեր Զելենսկին կոչ է արել ավելի շատ արևմտյան օգնություն տրամադրել Կիևին:
«Մենք ցանկանում ենք երկինքը փակել ու հնարավորություն ունենալ։ Մեր հնարավորությունները բավարար չեն։ Մեր ձեռքում է անհրաժեշտ հնարավորությունների միայն 10%-ը»,- ասել է նա:
Այս կոչին արձագանքել են Միացյալ Նահանգները, Նիդեռլանդները, Ֆրանսիան և Իսպանիան՝ խոստանալով հնարավորինս արագ Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր: Այս շաբաթվա սկզբին Գերմանիան հայտարարեց, որ իր կողմից տրամադրած հակաօդային պաշտպանության համակարգերը արդեն ժամանել են Ուկրաինա:
Կարդացեք նաև
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսանք, որ երբ մոբիլիզացվում ենք, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ ենք անում հավելյալ քայլեր ձեռնարկել, ապա նրանք ավելին են անում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռուսական վերջին հարձակումները լարվածության աճի մտավախություն են առաջացրել:
«Մենք արդեն ականատես ենք եղել բռնություններին. մենք ականատես եղանք խաղաղ բնակչության դեմ հարձակումների: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, դրանից ավելին է»,- նշում է Մերի Գլանցը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտից։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը՝ ինքն իրեն և Ուկրաինային ավելի լավ պաշտպանելու համար:
«Մենք ստիպված կլինենք ավելի շատ ներդրումներ կատարել արդյունաբերական բազաների ընդլայնման մեջ՝ համոզվելու համար, որ ճիշտ ենք գործում՝ Ուկրաինային տրամադրած պաշտպանական միջոցները փոխարինելու համար»,- ասում է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Վերջինս, սակայն, հստակ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ներքաշվի ռազմական գործողություններում:
Հոդվածը պատրաստվել է Պենտագոնում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Կարլա Բաբբեի նյութի հիման վրա