Թումանյան համայնքի 3 միլիարդանոց ճանապարհի շինարարության նոր հաղթողն արդեն հայտնի է։ Ճանապարհային դեպարտամենտը մեկ ամիս առաջ խզեց պայմանագիրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու հետ փոխկապակցվող ընկերության հետ ու այժմ ընտրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությանը՝ Մ6 մայրուղուց մինչև Մարց ճանապարհը հիմնանորոգելու համար։
Մրցույթին մասնակցած 6 կազմակերպություններից հենց «Եվրոասֆալտն» է ամենացածր գնային առաջարկն արել՝ ընդամենը 8300 դրամով պակաս, քան հաջորդ ցածր գին առաջարկած «Գլավդորստրոյ»-ը։
«Եվրոասֆալտ» ընկերությունը հիմնադրվել է 2020-ի մարտին և հաղթել բազմաթիվ մրցույթներում։ Միայն անցած տարի երեք խոշոր պետական մրցույթներում էր հաղթել՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողությամբ։
Այս տարի արդեն 9 ծրագրում հաղթող է ճանաչվել, որոնցից միայն մեկը՝ Թումանյանի ճանապարհի ծրագիրն ավելի քան 7 միլիոն դոլար արժե։
Կարդացեք նաև
Իրավապաշտպաններն նախկինում քննադատել են իշխանություններին՝ ինչպե՞ս է լինում, որ հեղափոխությունից հետո էլ, մրցույթներում զարմանալի օրինաչափությամբ հաղթում են իշխանություն ունեցող անձանց մտերիմները, հարազատները կամ նրանց հետ կապակցված անձինք։ Կասկած են հայտնել, թե սրա մեջ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինեն։
Մինչդեռ «Ազատության» եթերում դեռ այն ժամանակվա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե բանալի բառերը մրցույթն ու հաղթելն են։
Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վրդովվում էր՝ չէ՞ որ իր եղբոր ղեկավարած ընկերությունը ամենաէժան գինն է առաջարկել. – «Ես դեղին մամուլի հարցերին չեմ պատասխանում»։
Թումանյանում գյուղական բնակավայրեր տանող ճանապարհի շինարարության մրցույթի չեղարկումն ու նոր մրցույթ հայտարարելու որոշումը տեղի ունեցավ գյուղացիների բողոքի ակցիաներից հետո։ Նախորդ տարեվերջին կայացած տեղական ընտրություններից առաջ տարածքում շինտեխնիկա էր հայտնվել, հայտարարել էին, որ սկսում են ճանապարհի հիմնանորոգումը։ Բայց ընտրություններից անմիջապես հետո տեխնիկան հեռացել էր, շինարարությունն սկսելու հայտարարություններն էլ՝ մոռացվել։
Մեկ ամիս առաջ գյուղացիները ճարահատյալ մայրուղին փակեցին, որտեղ էլ խոստում ստացան, որ առաջիկայում նոր շինարար կունենան ու կսկսեն աշխատանքը։
«Մինչև հիմա սուտ խոստումներ են տվել։ Էլ չենք հավատում ոչ մեկի ասածին», – ասում էր մայրուղին փակած գյուղացիներից մեկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։